Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունն, ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացմամբ, բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանըՙ «Ռոսիա» հեռուստաալիքի «Վեստի» ծրագրով սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա տոնակատարությունները հեռարձակելու առնչությամբ:
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է, որ բողոքի նոտայում խստորեն նշվում է. «...Նման ռեպորտաժների հեռարձակումը պետական հեռուստատեսության եթերով հակասում է երկկողմ համաձայնություններին, չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահության չեզոքության սկզբունքներին եւ վնասում է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին»:
Հիշեցնենք, որ մինչեւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի նման կեցվածքի արտահայտումը, Բաքուն արդեն քանիցս այս օրերին հասցրել է սեպտեմբերի 2-ի ղարաբաղյան տոնակատարությունների առնչությամբ իր դժգոհությունը հայտնել ոչ միայն հեռարձակումների, այլեւ տոնակատարությունների մասնակից ռուսաստանցի էստրադային գործիչների կապակցությամբՙ «սպառնալով» նրանց համար փակել Բաքվի դռները:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունից տեղի լրատվամիջոցներին հաղորդել են, որ «Ռոսիա» պետական հեռուստաալիքն ինքնուրույն է որոշում իր խմբագրական քաղաքականությունը, որը միշտ չէ, որ տեղավորվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի շրջանակներում:
Ադրբեջանի նման կեցվածքը, առավել եւս նմանօրինակ մոտեցումներով, բնավ էլ լուրջ քաղաքականություն չես կոչի: Հատկապես որոշակի առումով անճար վիճակում գտնվելը ադրբեջանցի դիվանագետների համար հետաքրքրություն է ձեւավորել այնպիսի էկզոտիկ թեմաների հանդեպ, ինչպիսիք են բնական աղետ հրդեհները, այս կամ այն երգչի համերգները, էլ չասած որեւէ երկրում հայերի վերաբերյալ հեռուստահեռարձակումները:
Պետք է նկատի ունենալ, որ եթե հրդեհների դեպքում հարցի էկոլոգիական կարեւորությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին հարցը ՄԱԿ-ի եւ այլ ատյանների առջեւ բարձրացնելու, ապա ադրբեջանական ստանդարտներով այլ երկրի լրատվամիջոցների գործունեությանը վերաբերվելն առնվազն ուժերի վատնում է:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ