«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2006-09-07 | #171, 2006-09-08 | #172, 2006-09-09


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱԼԻ Է

Թեպետ օգոստոսի 30-ին տված մամլո ասուլիսում հանրապետության նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի պատրաստվում խաղաղապահ զորամիավորումներ ուղարկել Հարավային Լիբանան, որովհետեւ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի մանդատը վերջնականապես հստակեցված չէ, եւ Հայաստանի համար չափազանց կարեւոր են Լիբանանի հայ համայնքի շահերը, ինչը կարող է վնասվել տարբեր բախումներին մեր խաղաղապահների մասնակցությամբ, սակայն փորձագետները հարցը չհամարեցին փակված եւ խորամուխ եղան դրա էության մեջՙ փորձելով գտնել Հայաստանի ու Լիբանանում հայ համայնքի համար շահեկան լուծումներ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախաձեռնությամբ երեկ անցկացված «Հայ խաղաղապահները Լիբանանում. կողմ եւ դեմ» քննարկմանը մասնակցում էին տարածաշրջանային հակամարտություններով զբաղվող փորձագետներ, քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հարցը տարբեր դիտանկյուններից վերլուծելով, գրեթե բոլոր մասնակիցները հանգում էին այն մտքին, որ հայ խաղաղապահների ներկայությունը կգոտեպնդի Լիբանանի հայ համայնքին, ցույց կտա մեր երկրի դիրքորոշումը, կամրապնդի հակամարտությունների լուծման մեջ նրա դերակատարումը: Արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ «Հայաստանը չի կարող անտարբեր հետեւել Լիբանանում ընթացող պատերազմին, քանի որ այնտեղ մենք ունենք բավականին մեծ համայնք եւ կաթողիկոսարան»: Լիբանանա-իսրայելական հակամարտության վերաբերյալ նա նշեց, որ դրանց վրա նկատելիորեն թուլացել է Մ. Նահանգների հսկողությունը: Նա անհամաձայնություն հայտնեց պատերազմում Իսրայելի պարտության, Լիբանանում «Հզբոլլահի» քաղաքական հզոր ազդեցության եւ այլ գնահատականների վերաբերյալ:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ, Հայաստանն իր առաքելությունը կարող է կատարել այսպես ասած թիկունքային խաղաղապահությամբ` սակրավորներ, բժիշկներ ուղարկելով, Լիբանանի ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքներին մասնակցելով` «Հայաստանը պիտի անպայման մասնակցի խաղաղապահ ուժերի կազմում, որովհետեւ Լիբանանի հետ ունենք խորը եւ սերտ կապեր»: Մեր իշխանությունների օրակարգից Լիբանանի հարցի դուրս լինելը Վաղարշակ Հարությունյանը բացատրեց այն հանգամանքով, որ «Լիբանան ուղարկելու համար անհրաժեշտ է սեփական նախաձեռնություն, ինչը մեր իշխանություններին պակասում է: Դա կոչվում է պասսիվ քաղաքականություն, իսկ Իրաք ուղարկելու առաջարկ արեց Մ. Նահանգները»:

Կարճ ու կտրուկ էր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի եզրահանգումըՙ հայ խաղաղապահների մասնակցության հարցը լուծվում է ոչ թե Հայաստանում, այլ Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ նախապես ակնկալում էին մասնակիցներից լսել կողմ եւ դեմ հավասարազոր փաստարկներ, սակայն գրեթե բոլորը փորձագետները ցանկալի համարեցին խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի զորամիավորումների ներկայությունը, որովհետեւ «մեր երկիրը դրանից կունենա բազմաթիվ շահաբաժիններ ու շատ փոքր ռիսկեր, մանավանդ որ հակամարտող բոլոր կողմերը ընդունել են ՄԱԿ-ի բանաձեւը եւ որեւէ դիմակայություն չի լինի հայերի մասնակցությանը: Հայաստանի նկատմամբ ընդգծված հակակրանք չունեն ո՛չ Լիբանանը, ո՛չ Իսրայելը, հետեւաբար մեր խաղաղապահ ուժերը մեծ խնդիրներ չեն ունենա այդ գոտում իրենց առաքելությունը կատարելու համար»:

Նա նաեւ նշեց, որ առաջիկա օրերին տեղի կունենան փորձագիտական խմբերի այլ քննարկումներ, որոնք կընդհանրացվեն ու կներկայացվեն մեր իշխանություններին ու հասարակությանը: Իսկ թե ի՞նչ կփոխվի դրանից, առայժմ վաղ է ենթադրություններ անել:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4