Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում «Ժամանակ Երեւան» (ԺԵ) օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի գործով ընթացող դատավարությունը երեկ հասավ հանգուցալուծման: Դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավարությամբ լսեց ամբաստանյալի վերջին խոսքը եւ երկու ժամվա խորհրդակցությունից հետո հրապարակեց վճիռը:
Արման Բաբաջանյանը ամբաստանյալին հատկացված վերջին խոսքում մտահոգություն հայտնեց «նմանատիպ» քրեական գործերի նկատմամբ եղած դատական իշխանության մերօրյա վերաբերմունքի առնչությամբ: Գլխավոր խմբագիրը նշեց, որ օտար երկրում լինելով` ինքն օրավուր ապրել է հայրենիքով, եւ այդ հայրենիքում ապրելու համար պատրաստ է վճարել անազատության գինը: Բաբաջանյանը դատարանի որոշած պատժաչափն ընդունելու պատրաստակամություն հայտնեց:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռում նշեց, որ Արման Բաբաջանյանին առաջադրված քրեական օրենսգրքի 324 հոդվածի երկրորդ մասը ճիշտ չի որակված, չի համապատասխանում այդ հոդվածի հատկանիշներին, ուստի այդ մասով ամբաստանյալը ենթակա է արդարացման: Փաստորեն, դատարանը Բաբաջանյանին անմեղ ճանաչեց պաշտոնական փաստաթղթերի հափշտակման մեղադրանքի մասով: Քրեական օրենսգրքի 327 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով դատարանը Բաբաջանյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Նկատենք, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է 5 տարվա ազատազրկում: Դատավորը չէր վերջացրել նախադասությունը, երբ դատարանում աղմուկ-աղաղակ բարձրացավ, ԺԵ օրաթերթի աշխատակիցները եւ խմբագրի հարազատ-մտերիմները մեղադրեցին դատավորին անարդարության եւ ինչ-որ պատվերներ կատարելու մեջ:
«Ազգ»-ի հետ զրույցում Բաբաջանյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանն ասաց, որ պատժի խորության իմաստով ինքը բողոքարկման անհրաժեշտություն տեսնում է` հատկապես որ դրա համար կան բավարար հիմքեր: «Որո՞նք են այդ բավարար հիմքերը» մեր հարցին ի պատասխան պաշտպանը ընդգծեց Բաբաջանյանի առաջին իսկ օրվանից խոստովանական ցուցմունք տալու, զղջալու, նախկինում դատված չլինելու, արատավոր գործերով զբաղված չլինելու հանգամանքները` ուշադրություն հրավիրելով նաեւ երիտասարդ Արման Բաբաջանյանի մասնագիտական գործունեության վրա: Պրն Գրիգորյանն ասաց, որ ամեն դեպքում սահմանված պատժաչափը շատ է, եւ ինքը բողոքարկման հարցը դեռ պետք է քննարկի Բաբաջանյանի հետ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ