«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2006-09-07 | #171, 2006-09-08 | #172, 2006-09-09


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶ ԴՈՒՐՍ ԿԳԱ

Սփյուռքահայ բասկետբոլիստները կհամալրեն ՀՀ հավաքականը

Հայաստանում բասկետբոլը ժամանակին լավ ավանդույթներ ունեցող մարզաձեւերից էր: Ներկայումս մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նոր ղեկավարությունը (նախագահՙ Հրաչյա Ռոստոմյան, փոխնախագահՙ Գաբրիել Ղազարյան) ձգտում է վերականգնել երբեմնի բարի ավանդույթները, զարկ տալ մարզաձեւի զարգացմանը հանրապետությունում, հասնել մասսայականության աճին: Այս մասին էր բասկետբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությանՙ լրագրողների հետ հանդիպման հիմնական թեման:

Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հանդիպման սկզբում լրագրողներին տեղեկացրեց ուրախալի լուրի մասին: Հայաստանին տեղ է հատկացվել «B» խմբի Եվրոպայի առաջնության (մեծահասակներ) 16 մասնակիցների թվում: Նման որոշումը կայացվել է Տոկիոյումՙ բասկետբոլի աշխարհի առաջնության ժամանակ կայացած միջազգային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսում, որին մասնակցել է նաեւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը: Թափուր այդ միակ տեղին հավակնում էին Մալթան, Մոլդովան, Անդորրան եւ Հայաստանը: Եվ, հուրախություն մեզ, քվեարկությունը Հայաստանի օգտին էր:

Բնականաբար, Հայաստանի հավաքականը պետք է լրջորեն նախապատրաստվի այդ մրցաշարին, որը կայանալու է հաջորդ տարի: Դա հայկական բասկետբոլի համար իրոք որ նշանակալի իրադարձություն կլինի, քանի որ մեր բասկետբոլիստներն արդեն 7 տարի է, ինչ միջազգային մրցասպարեզ դուրս չեն եկել:

Իսկ ինչպիսի՞ հիմունքներով է կազմավորվելու Հայաստանի հավաքականը, արդյոք կա՞ն կարող ուժեր, որպեսզի մեր թիմը գոնե պահպանի իր տեղն ուժեղագույնների խմբում եւ չտեղափոխվի «C» խումբ (վերջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են մնալու «B» խմբից):

Ինչպես նշեց ֆեդերացիայի նախագահը, հավաքականի կազմավորման գործում, իհարկե, կան զգալի դժվարություններ, որոնք պայմանավորված են ոչ միայն ֆինանսների հայթայթումով: Գաղտնիք չէ, որ ներկայումս անցկացվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների մակարդակը հեռու է բավարար լինելուց: Ե՛վ թիմերի քանակն է փոքրաթիվ, ե՛ւ բասկետբոլիստների խաղամակարդակըՙ ցածր: Թիմերը հիմնականում սիրողական են, կարելի է ասելՙ կիսապրոֆեսիոնալ: Միակ թիմը, որի անդամները վարձատրվում են, դա «Գրանդ քենդիի» կանանց թիմն է: Մյուս երկու տղամարդկանց թիմերըՙ «Համալսարանն» ու «Պոլիտեխնիկը» մասամբ են ֆինանսավորվում: Նույնն է վիճակը նաեւ Գյումրու եւ Լեռնային Ղարաբաղի կանանց հավաքականներում:

Ուրեմն ո՞րն է ելքը: Հրաչյա Ռոստոմյանը գտնում է, որ հավաքականը համալրելու, կազմն ուժեղացնելու գործում մեզ մեծ օգնություն ցույց կտա սփյուռքը: Համահայկական խաղերի անցկացումը ցույց տվեց, որ սփյուռքահայ բասկետբոլիստների մեջ իրոք կան տաղանդավոր, բարձրակարգ մարզիկներ, որոնք կարող են հաջողությամբ պաշտպանել հայկական բասկետբոլի պատիվը: Հաջորդ տարի Երեւանում կրկին կանցկացվեն Համահայկական խաղերը: Հենց խաղերի բասկետբոլի մրցաշարի արդյունքների հիման վրա էլ հնարավորություն կընձեռվի լավագույններին ընդգրկել Հայաստանի հավաքականում, որը կնախապատրաստվի Եվրոպայի «B» խմբի առաջնությանը:

Ըստ Հրաչյա Ռոստոմյանի, ներկայումս Հայաստանում 4700-4800 գրանցված բասկետբոլիստներ կան, իսկ ընդհանուր առմամբ մոտ 6000 երեխաներ պարապում են մարզաձեւով: Ներկայումս հանրապետությունում անցկացվում են բասկետբոլի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները, յուրաքանչյուր թիմ 20-25 խաղի է մասնակցում, մոտ վեց ամիս պայքար է ընթանում պարգեւների համար, ինչը համապատասխանում է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի պահանջներին:

Պատանեկան առաջնությունն անցկացվում է տարիքային երեք խմբով (մինչեւ 16, 14, եւ 12 տարեկաններ): Միայն եզրափակիչ մրցումներին ներգրավված են 220-230 բասկետբոլիստներ: Դրանց նախորդում են փնջային մրցումներըՙ 350-400 մասնակցով:

Տարեվերջին նախատեսվում է Երեւանում անցկացնել բասկետբոլի Հայաստանի գավաթի բաց խաղարկությունը: Արդեն իրենց մասնակցությունը հաստատել են Իրանի եւ Վրաստանի բասկետբոլիստները: Հաջորդ տարի մեր մինչեւ 16 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականները մասնակցելու են Եվրոպայի պատանեկան առաջնություններին: Ի դեպ, վերջերս Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հրավերով Քոբուլեթի էին մեկնել Հայաստանի մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկանների աղջիկների ու պատանիների հավաքականները, որոնք ուսումնամարզական հավաք անցկացրին, ինչպես նաեւ փորձարկեցին ուժերն ընկերական մրցախաղերում:

Հրաչյա Ռոստոմյանը լավատես է եւ հույս ունի, որ ինչպես պետության, այնպես էլ անհատ հովանավորների աջակցությամբ կհաջողվի վերականգնել հանրապետությունում մարզաձեւի լավագույն ավանդույթները եւ հայկական բասկետբոլը կրկին միջազգային մրցասպարեզ դուրս կգա: Հուսանք, որ սպասելիքները կիրականանան:

«Ազգը» պատրաստ է նպաստելու Հայաստանում մարզաձեւի զարգացմանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4