Կարելական Կոնդոպոգա քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները լայնորեն մեկնաբանվում են Ռուսաստանի հեռուստաալիքներով, եւ Հայաստանում, հավանաբար, տեղյակ են դրանց ընթացքին: Այս խոշոր միջադեպը որոշ իմաստով կարող է շրջադարձային դառնալ երկրի քաղաքական կյանքում, քանզի առջեւում ընտրություններ են եւ շատ քաղաքագետների սնունդ է պետք իրենց հավակնություններին հագուրդ տալու համար:
Ցավալին այն է, որ այս աղմուկի մեջ ամենահոլովվող բառը «կովկասցին» է, թեեւ հայտնի է, որ խոսքը տվյալ դեպքում վերաբերում է միայն ադրբեջանցիներին ու չեչեններին: Ի վերջո ինչի՞ց է սկսվել այս անախորժությունը: Ադրբեջանցի Վագիֆ Իմանովին պատկանող «Չայկա» ռեստորանում քեֆ անող տեղի բրատվայի անդամները թանկ օղի են պատվիրել, իսկ բարմենը` ժամանակին Ռուսաստանից արտաքսված, լրիվ ապօրինի բնակվող ոմն ադրբեջանցի սրանց հրամցնում է նույն շշով, բայց անորակ օղի, ինչը խիստ վրդովեցնում է քրեականներին, եւ որոնք ծեծում են բարմենին: Վերջինս օգնության է կանչում «տանիքի» բանդիտներին` չեչեններին, որոնք էլ, զինված մետաղաձողերով ու դանակներով, «ալլահ աքբար» գոչյուններով, դաժանորեն պատժում են ոչ թե այդ բանդիտներին (որոնք արդեն գնացել էին), այլ իրենց հանգիստն անցկացնող բոլորովին անմեղ մարդկանց: Հետեւանքը` երեք սպանված, բազմաթիվ վիրավորներ: Իսկ ամենաանհեթեթն այն է, որ այդ անողոք սպանդի անմիջական «հանդիսատեսները» եղել են... տեղի միլիցիոներները, որոնք մատը մատին չեն տվել կանխելու տուրուդմփոցը: Ահա եւ` կովկասցիները չարչի են, ավազակ, մարդասպան, խուլիգան, վայրենի, լկտի, հյուրընկալման կանոնները խախտող եւ այլն, եւ այլն:
Փաստ է, որ Ռուսաստանում կովկասցիներն ու միջինասիացիներն իրոք տեղացիներին գրեթե լրիվ դուրս են մղել մանրածախ ու մեծածախ առեւտրից, իսկ բիզնեսի այս տարատեսակն առանձնանում է այն բանով, որ ծախսերը հատուցվում են շատ արագ: Եվ ռուսների աչքի առաջ երեկվա փնթի ադրբեջանցին սկսում է լավ հագնվել, շրջագայում է արտասահմանյան մեքենայով, ձեռք է բերում անշարժ գույք եւ, ամենաանհանդուրժելին, սկսում է վերեւից նայել «ծույլ ու հարբեցող», էթնիկական համերաշխությունից զուրկ («ծախու») տեղացուն: Այստեղից էլ սկիզբ է առնում փոխադարձ անընդունելիության զգացումը, որն ուղեկցվում է ջարդերով, սպանություններով, հաշվեհարդարներով, հրկիզումներով եւ այլն: Մի բան հաստատ է, որ կովկասատյացությունը ահագնանում է եւ չի բացառվում, որ կարող է մի ողբերգական օր պայթել, պատիժ դառնալով ոչ միայն եկվորների, այլեւ բուն բազմազգ (սա շատ կարեւոր հանգամանք է) Ռուսաստանի համար: Նաեւ վտանգավոր է, ելնելով Կոնդոպոգայի օրինակից, որ դա կարող է սկսվել ոչ թե Մոսկվայի կամ Պետերբուրգի նման խոշոր մեգապոլիսներից, այլ գավառներից, որտեղ գործընթացները վերահսկելը շատ ավելի դժվար է:
Ի դեպ, եթե ռուսները Անդրկովկասի ներկայացուցիչներին կարող են դուրս մղել դեպի իրենց «պատմական» հայրենիքներ, ապա նրանց համար անհամեմատ դժվար կլինի լուծել սեփական կովկասցիների (Հյուսիսային Կովկասի) խնդիրը, քանզի նրանք որպես Ռուսաստանի քաղաքացիներ, սահմանադրական իրավունք ունեն ապրելու այնտեղ, որտեղ իրենք ուզում են:
Իսկ հիմա` ինչ են գրում ռուսական որոշ թերթեր.
«Կոնդոպոգայի իրադարձությունները պարզորոշ ցույց տվեցին` եթե իշխանությունները ձեռնամուխ չլինեն ազգամիջյան հարաբերությունների լուծմանը, ապա դա կանի ժողովուրդը: Կանի ինչպես եղել է, անմտորեն ու անողոքաբար»:
«Կոնդոպոգայի դրաման բացատրվում է այն բանով, որ Ռուսաստանում հաստատվել է կովկասյան մաֆիոզային ցանցակառույց: Չունենալով իշխանության միասնական կենտրոն եւ լինելով բավականին սակավաթիվ, նա այնուհանդերձ հսկայական ազդեցություն ունի Ռուսաստանում, այդ թվում նաեւ ռուսական տարածաշրջանների տեղական իշխանությունների վրա: Իշխանությունը հաճախ ոչ միայն ընդունակ չէ պայքարելու այդ էթնիկական մաֆիայի դեմ, այլեւ կոռուպցիայի է ենթարկված նրա կողմից, գործում է ի շահ նրա, ընդդեմ տեղի բնակչության»:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա