«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2006-09-09 | #173, 2006-09-12 | #174, 2006-09-13


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՄԻՆՍԿՈՒՄ ԿԲԱՆԱԿՑԵ՞Ն

Հոկտեմբերի 17-ին Մինսկում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների համաժողովը: «Ազերիպրես» գործակալության հաղորդմամբ, հոկտեմբերի 16-ին դարձյալ Մինսկում մինչ համաժողովը տեղի կունենա ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի եւ արտգործնախարարների խորհրդի նիստ: Գործակալության աղբյուրների համաձայն, բացառված չէ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ընդ որում, ըստ տեղեկատվության, նախագահների հանդիպման անցկացումը կախված էր երեկ եւ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների արդյունքից:

«Ազգի» հարցին ի պատասխան, Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ թեեւ հանդիպումը չի բացառվում, բայց Քոչարյան-Ալիեւ հանդիպման տեղի եւ օրվա առնչությամբ որեւէ պայմանավորվածություն ներկա պահին գոյություն չունի: Ավելի շուտ Քոչարյան-Ալիեւ հանդիպման հավանականության մասին եզրակացնելու հնարավորություն է տվել երկու նախագահների նույն համաժողովի շրջանակներում ներկա լինելու հանգամանքը: Ինչը բնավ էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջը բանակցությունների նախագահների մակարդակով շարունակություն չի ենթադրում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4