Իսկ մինչ այդ Ազգային ժողովում ցանկանում է շատ տեղեր ստանալ
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 10-րդ գերագույն ժողովում Դաշնակցությունն անդրադարձել էր վերջին երկու տարիների գործունեության հաշվետվությանը, Հայաստանում տիրող իրավիճակին, 2007 թ. խորհրդարանական ընտրություններին, ընտրել ՀՅԴ գերագույն մարմնի նոր կազմ:
Ինչպես երեկ հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Դաշնակցությունն ընդլայնել է գերագույն մարմնի կազմը 9-ից մինչեւ 21 հոգիՙ նկատի ունենալով սպասվող աշխատանքների ծավալը: Ռուստամյանի խոսքերով, նոր երեւույթ է այդ ցուցակում դաշնակցական նախարարների ընդգրկումը, որը շեշտադրում է նրանց քաղաքական դեմք լինելը: Առաջին անգամ է, որ Դաշնակցության գերագույն մարմնում մեծ թիվ են կազմում երիտասարդները եւ ընդգրկվել են կանայք:
10-րդ գերագույն ժողովում հաստատվել է, որ Դաշնակցության մասնակցությունը կոալիցիոն կառավարությանն արդարացված է, թեեւ որոշ առումով անբավարար են կատարված աշխատանքները: Մասնավորապես Ռուստամյանի ներկայացրած մոտեցմամբ, հակակոռուպցիոն պայքարում չեն արձանագրվել ցանկալի արդյունքներ, աղքատության չափերը մնում են մտահոգիչ եւ այլն:
Սպասվող ընտրությունների առնչությամբ Դաշնակցությունն ընդգծել է ազատ եւ արդար ընտրությունների, քաղաքական ուժերին համագործակցության դաշտ ներգրավելով ոչ քաղաքական ուժերի նվազեցմանը հասնելու կարեւորությունը: 2007 թ. խորհրդարանական ընտրություններին Դաշնակցությունը կմասնակցի համագործակցելով քաղաքական ուժերի հետ, սակայն որեւէ դաշինքի մաս չկազմելով: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա հաշվի առնելով խորհրդարանականի հետ նախագահականի փոխկապակցվածությունը, Դաշնակցության գերագույն ժողովն իր մոտեցումները կհստակեցնի ԱԺ ընտրություններից հետո:
10-րդ գերագույն ժողովը դատապարտել է լրագրողների նկատմամբ ծայր առած բռնությունները, կարեւորել մամուլի ազատությունը, այն ապահովելու պետության պատասխանատվությունը, դրամի արժեւորման պատճառով արտադրության կրճատման խնդրի հարցը, անդրադարձել է վերջերս տեղի ունեցած սպանություններին: Ի դեպ, ինչպես ներկայացրեց Արմեն Ռուստամյանը, հիշատակված սպանությունների առնչությամբ Դաշնակցությունը հանդես կգա խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությամբ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն իր հերթին ներկայացրեց օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք քննարկել են գերագույն ժողովում, մասնավորապես երկքաղաքացիության, ազգային վերահսկիչ պալատի ստեղծման, թիկնազորային օրենքի, մասնավոր խուզարկումների եւ այլ նախագծեր:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ սպասվող նախագահական ընտրություններում Դաշնակցության մոտեցումը մնում է անփոփոխ, այսինքնՙ ունենալ սեփական թեկնածու: Ընտրությունների կտրվածքով, Ռուստամյանը Դաշնակցության դիրքորոշման, քաղաքական տեղի եւ դերակատարության փոփոխության երկու պատճառ նշեց: Առաջին պատճառը խորհրդարանական ընտրություններն են: Ազատ, արդար ընտրությունների անցկացումը, Ռուստամյանի մատուցմամբ, միակ ճանապարհն է ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: Դաշնակցությունն այս հարցում վճռական է, քանի որ այլապես կվտանգի «երկրի զարգացման ուղեգիծը»:
Երկրորդ պատճառը կարող է դառնալ պատգամավորական այն տեղերի թիվը, որ Դաշնակցությունը կունենա խորհրդարանական ընտրությունների ավարտին: Արմեն Ռուստամյանի խոսքերով, եթե անգամ կառավարությունում տեղեր առաջարկվեն, բայց խորհրդարանում Դաշնակցությունը չունենա լայն կազմ, ապա դա եւս կբերի Դաշնակցության քաղաքական տեղի փոփոխության:
Մեկնաբանելով սեփական արտահայտությունը, թե պետք է նվազեցնել ոչ քաղաքական ուժերի ազդեցությունը քաղաքական դաշտում, Արմեն Ռուստամյանը պարզաբանեց, որ մերօրյա իրականությունում ոմանք գնում են քաղաքական տանիքներ, զբաղվում են քաղաքականությամբ, բայց բնավ էլ քաղաքական ուժ չեն: Մինչդեռ «ժողովրդավարացման մեջ իսկապես շահագրգռված են իսկապես քաղաքական ուժերը»: Թե արդյոք ասվածը չի՞ վերաբերում Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Ռուստամյանը շատ յուրովի մեկնաբանեց: Ըստ նրա, Գագիկ Ծառուկյանն իր ինքնուրույն տեղը կարող է զբաղեցնել, որ քաղաքական դաշտում դատարկ է: Ընդ որում, Ռուստամյանի կարծիքով, բնական է նոր քաղաքական ուժերի առաջացումը, որոնք մրցակցության մեջ են մտնում եւ ցանկանում են տեղ զբաղեցնել: «Կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը կհամաձայնի եւ դրան պետք է հասնել ազատ, արդար ընտրություններով», ասաց Արմեն Ռուստամյանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ