Աշնանային առաջին իսկ զով օրերի հետ հատկապես բազմահարկ` պանելային շենքերի բնակիչների մտահոգությունն է դառնում ձմեռը տաք բնակարան ունենալու խնդիրը: Չնայած գազիֆիկացմանը, պետական այրերը ՄԱԶԾ-ի հորդորով մտածում են նաեւ քաղաքակիրթ եղանակով ջեռուցել մեր բնակարանները, բնականաբար վճարման դիմաց: «Հայաստան. քաղաքային ջեռուցման եւ տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» կոչվող ծրագիրը, որի բյուջեն կազմում է 3 մլն ԱՄՆ դոլար, մեկնարկել է 2005-ին: Դրամաշնորհը տրամադրել է Գլոբալ էկոլոգիական ֆոնդը, որի նպատակն են ջերմոցային գազերի արտանետումների եւ անտառահատման ծավալների կրճատումները: Իրականացնողն է բնապահպանության նախարարությունը:
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի ճոխ սրահներից մեկում կազմակերպված քննարկումը առիթ եղավ եւս մեկ անգամ խոսելու բնակչի վաղեմի երազանքի` ջեռուցման համակարգի, նաեւ տաք ջրի մատակարարման հնարավորությունների եւ գործնական քայլերի մասին:
Պարզվեց, որ 2006 թվականին գնահատվել են Երեւանի Դավիթաշեն եւ Ավան համայնքներում ջերմամատակարարման կենտրոնացված համակարգերի վերականգնման հնարավոր տարբերակները: Բացի այդ, ծրագիրը նախնական ուսումնասիրություններ է կատարել Քաջարան, Ալավերդի, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքների ջերմամատակարարման վերականգնման համար: Դավիթաշեն համայնքի թաղապետ Սուրիկ Ղուկասյանը նպատակ ունի հասկանալու, թե ի՞նչ կտա բնակչին քաղաքային ջեռուցման եւ տաք ջրամատակարարման քննարկվող ծրագիրը: Ըստ թաղապետի, 2007-2008 թվականի ձմռանն արդեն համայնքը ջեռուցման համակարգ է ունենալու: Բացի այդ, համակարգի ներդրումը չի խփելու բնակչի գրպանին, ինչպես գազիֆիկացման ու ջրաչափերի տեղադրման ժամանակ եղավ, քանի որ, ըստ թաղապետի, ներդնողներն իրենք են կատարելու ջեռուցման համակարգի տեղադրումը, սկսած խողովակաշարերից ու ջեռուցման կայաններից, վերջացրած չափիչ սարքերով, իսկ բնակիչը միայն վճարելու է ջեռուցման եւ տաք ջրի համար: Իսկ անապահով խավի վճարումների հետ կապված հարցին Ս. Ղուկասյանը ասաց, թե ըստ նախարարության աշխատակիցների հավաստիացումների, անապահով, նպաստառու բնակիչներին հավելյալ գումար է տրվելու: Քանի որ ջեռուցման նման տարբերակը վերաբերելու է բազմաբնակարան շենքերին, խնդիրների շարքում են դիտվում այն բնակարանները, որոնց տերերը փակել են դրանք եւ մեկնել Հայաստանից: Այդ բնակարանների ակամա խոչընդոտը վերացնելու համար թաղապետը պատրաստ է անգամ համայնքային հանձնաժողովների միջոցով բացել փակ դռները, որպեսզի ջեռուցման համակարգված գործընթացը զերծ լինի տեխնիկական խոչընդոտներից:
Ջեռուցման նոր համակարգի ներդրման մասին առանձնակի գորովանքով եւ համոզիչ փաստարկներով է խոսում Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ջերմամատակարարման խորհրդատվական կենտրոնի ղեկավար Ռուբեն Տեր-Գրիգորյանը: Նրա կենտրոնի հրատարակած գրքույկը նպատակ ունի համակարգված ջեռուցման համակարգերի կայացման մասին հետաքրքրվող բնակիչներին եւ գործարարներին զինել տեղեկատվությամբ եւ մղել նրանց ակտիվ կառուցողական գործողությունների այդ դաշտում: Դրա պատճառներից մեկը Ռ. Տեր-Գրիգորյանի համար հետեւյալն է. «Երբ ամեն բնակարանում մեկից երեք գազի վառարան ենք դնում եւ լոկալ ջեռուցմամբ ենք փորձում ջերմության, տաք ջրի ու ճաշի հարցը լուծել, արդյոք գիտակցո՞ւմ ենք, որ դրանով ռումբերի ենք վերածում բազմաբնակարան շենքերը, միաժամանակ վնասելով մեր առողջությունը»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ