Էլիբեկյանական գույների խայտանքը հոգեկան զվարթուն վիճակներ ու տրամադրություններ է ստեղծում: Երկարավուն` ակնթարթի մեջ ձանձրույթ բերող սառը միջանցքի ճերմակ դռներից այն կողմ տեսարանը միանգամայն փոխվում է. աչքերդ ժպտում են արվեստանոցի գունային մթնոլորտին «դիպչելով»: Այստեղ կյանքը ներդաշնակության մեջ է` ուրախություն, խաղ ու շարժում. գույների հոսքն առողջՙ առավոտի պես թարմ բուրմունք է արձակում: Մռայլվել կամ նիրհել անհնար է. ու սա միայն տրամադրություն չի, որ ստեղծում է կենսաբեր մի տարածք, որտեղ Էլիբեկյան գերդաստանի յուրաքանչյուր սերունդ իր առանձնահատկությամբ, սակայն, ընդհանուր մտածողական երանգ ունի` դա կյանքի հանդեպ լավատեսությունն է` ամեն նկար ներբող է աշխարհին ու լույսին: Վաղարշակ Էլիբեկյանի աշխատանքներում քաղաքային տեսարանները փողոցի բազմամարդ անցուդարձերի մեջ մարդկային կենցաղն, ապրելակերպն ու հոգեբանությունը արտացոլող միջավայրն են թիֆլիսահայ կյանքի: Միանգամայն այլ է Ռոբերտ Էլիբեկյանի նկարչական մտածողությունը, գունային աշխարհը վարակիչ, արեւի լույսի տակ խայտացող ջրացայտեր ասես, որ հրաշալի մեկնաբանում են նրա երեւակայական, տեսիլքների աշխարհը` պայծառ դեղնալույսով տարանջատված իրականության տարածությունից: Մտքիդ գունային ճամփորդությունը խաղի ու թատրոնի թեթեւության զգացում են առաջացնում, երազ ու ցնորք:
Հայ կերպարվեստի պատմության մեջ Էլիբեկյանների հարուստ ներկապնակը իրենց ապրած ժամանակի ու միջավայրի գունային գեղեցիկ առասպել է ստեղծում: Այդ ավանդները ստեղծագործաբար զարգացնում է Էլիբեկյան 3-րդ սերունդը` Ռոբերտ Էլիբեկյանի որդին` Արեգը: Քոչարի փողոցի իր արվեստանոցում պապի, հոր նկարների կողքին Արեգի աշխատանքներում դժվար չէ նկատել հատկապես Վաղարշակ Էլիբեկյանի նկարչական մոտեցումների տրադիցիոն գիծը, սակայն իր նախասիրությունը բնանկարի եւ քաղաքային տեսարանների ժանրում ուրույն ձեռագիր ու գունային նոր շերտեր է վեր հանում` ավելի թանձրախիտ: Էլիբեկյաններին ի վերուստ տված գունազգացողության դրսեւորումները եւ թատերային մաներաները առկա են երիտասարդ նկարչի քաղաքային ֆոլկլորը ներկայացնող սյուժեներում: Վաղարշակ Էլիբեկյանի թիֆլիսյան պատկերներում, Ռոբերտ Էլիբեկյանի հեքիաթային, միրաժի մեջ ընկղմված կերպարներում դիմախաղի հատկապես կեցվածքի մեջ թատերային խաղն անմասն է: Ավագ Էլիբեկյանները ժամանակին նաեւ թատրոնի նկարիչներ էին եւ թատերական հրաշալի շատ դեկորացիաների հեղինակներ: Արեգի տարերքը քաղաքային կյանքն է` փողոցի թատրոնը` փարիզյան կաֆեներ, բիստրոներ, դրանց շարժը, խաղը. կյանքի այս թատրոնն է, որ նա վերարտադրում է կտավներում: Եթե Ռոբերտ Էլիբեկյանը երեւակայական, մտացածին աշխարհի մեջ է գույնի մեղեդայնություն ստեղծում, որդին իրականությանը գունային լավատեսություն է հաղորդում: «Մեծացել եմ հորս արվեստանոցում, նկարչական մթնոլորտում: Արվեստի մի փոքր կենտրոն է դա. երեկոյան այստեղ հաճախ էին հավաքվում արվեստագետներՙ Հենրիկ Իգիթյանը, Պողոս Հայթայանը, Էդուարդ Խարազյանը, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանը: Հայրս ուղղություն չի տվել. ազատ է թողել: Միջավայրի ազդեցությունը, անշուշտ, կա, ընտանեկան նկարչական տրադիցիաները եւս, որ պարտավորեցնող է, բայց սեփական ճանապարհը գտնել էր պետք»:
Խոստովանենք, որ հեշտ չէ արդեն հեղինակավոր նկարչական մթնոլորտում ուրույն դիմագիծ ձեւավորելը: 1992 թ. Արեգ Էլիբեկյանը Երեւանի գեղարվեստի ակադեմիան ավարտել էր արդեն եւ թերեւս նաեւ հայաստանյան ընդհանուր կացությունը պարտադրեց ինքնադրսեւորման այլ վայրեր փնտրելու: Սփյուռքահայ կազմակերպությունների հետ, մասնավորապես ՀԲԸՄ-ի, Էլիբեկյանների ստեղծագործական համագործակցությունը երկար տարիների փորձ ունիՙ դեռեւս 1973 թ. Բեյրութի «Մոդուլյար» պատկերասրահում բացված հայ նկարիչների ցուցահանդեսում ներկայացավ նաեւ Ռոբերտ Էլիբեկյանը: 1980 թ. Ալեք Մանուկյանը կատարեց Ռոբերտ Էլիբեկյանի անդրանիկ ցուցահանդեսի բացումը ԱՄՆ-ում (Դետրոյթ): Անցնող տասնամյակների ընթացքում Էլիբեկյանները բազմիցս ներկայացվել են սփյուռքահայ արվեստասերներին եւ գնահատված նկարիչներ են: 1990թ.-ին ԹՄՄ Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպմամբ ներկայացվեցին Ռոբերտ եւ Արեգ Էլիբեկյանները: Հաջողությունը քաջալերեց երիտասարդին եւ նա որոշեց նկարչի իր բախտը փորձել Կանադայում: Նոր միջավայրին ընտելանալու առաջին տարիների դժվարությունները հաղթահարվեցին, ծանոթացավ սփյուռքի եւ Հայաստանից գնացած արվեստագետների հետ, սկսեց դասավանդել կանադահայ դպրոցներում, Մոնրեալի «Արմեն Կվեբեկ», Համազգայինի «Սբ. Հակոբ» վարժարաններում, Լավալի հայ կաթողիկե համայնքի «Նարեկ» վարժարանում, եւ իհարկե, շարունակեց նկարելը: Արվեստի նոր հորիզոններ նրա համար բացեց, սակայն, կերպարվեստի մայրաքաղաքըՙ Փարիզը: Առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվեց 1997-ին: Փարիզը նրա համար ներշնչանքի քաղաք եղավ, նաեւ պատկերասրահների լայն հնարավորություններով ավելի «մատչելի»: Գործերը փորձեց ներկայացնել պրոֆեսիոնալ ցուցասրահներին ու արձանագրեց հաջողություններ:
«Ինքս բնությունից ներշնչվող նկարիչ եմ: Բնական կյանքից ստացած տպավորություններս փորձում եմ արտահայտել ե՛ւ դրսում, ե՛ւ արվեստանոցում: Հայ գեղանկարիչներից տպավորված եմ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանով, Մարտիրոս Սարյանով, Հակոբ Հակոբյանով: Տարվել եմ XIX-XX դդ. ֆրանսիական գեղանկարչությամբ: Փարիզն իսկապես արվեստների քաղաք է, այստեղ գնահատված է թե՛ երաժշտություն, թե՛ թատրոն, բայց նկարչի հանդեպ վերաբերմունքը շատ տարբերվում է: Փողոցում սովորական մարդիկՙ պարտիզպան, շինարար կարող են մոտենալ եւ միջամտել նկարին: Փարիզը նկարիչների մկրտավայր է, նկարչի մասին ի՜նչ լեգենդներ գիտի ֆրանսիացին: Այս քաղաքում են եղել Պիսսարոն, Ռենուարը, Պիկասսոն: Փարիզեցիները հիմա էլ այդ ավանդույթների հիշողությունը պահում են եւ ուրախանում են նկարիչ տեսնելով: Այժմ էլ նկարիչները գրոհում են Փարիզը, բայց հասկացողությունը, մթնոլորտը այլեւս 20-րդ դարասկզբինը չէ: Այս ամենով հանդերձ նկարչի կյանքը Փարիզում հեշտ չէ»:
Մեր մտածողությունը անցյալներում ցուցահանդեսները ընկալում էր իբրեւ արվեստի գործը գնահատելու միջոցՙ անտեսելով վաճառքի գործոնը: Այսօրվա կերպարվեստի աշխարհում պատկերասրահների նպատակը նկարի վաճառքն է: Հավաքածուորդները, ցուցասրահները քիչ ներդրումներ չեն անում հաջողության համար (կատալոգների, գրքերի տպագրություն, հրապարակումներ մամուլում, եթերում): Արվեստի գործի գեղագիտական արժեքը նահանջում է պատվիրատուի պահանջների առաջ: Մրցակցության շուկայում հաստատուն անուն ձեռք բերած նկարիչը կարող է չընկրկել միայն:
«Ես ուլտրամոդեռն չեմ: Ավելի մոտ եմ դասական արվեստին, հնարավոր էՙ իմ նկարչությունը այլ զարգացում ունենա, հիմա ընթանում եմ բնական հունով: Եթե որեւէ պատկերասրահ ընդունում է իմ ոճը, աշխատում եմ նրա հետ: Պիտի բավականաչափ պինդ լինես, որ չվաճառվես»:
Մոնրեալում բնակության տարիներին Արեգ Էլիբեկյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսներիՙ Փարիզ, Նյու Յորք, Բոստոն, Պրովիդենս, Դետրոյթ, Տորոնտո, Մոնրեալ, Բեյրութ: Այս տարի նոյեմբերին Երեւանում կմասնակցի Հ. Իգիթյանի կողմից կազմակերպվող հայ լավագույն նկարիչների աշխատանքների ցուցադրությանըՙ արդի արվեստի թանգարանում, որը Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում ներկայացվելու է նաեւ Փարիզում: ՀԲԸՄ-ի 100-ամյակին նվիրված եւ նրա կազմակերպությամբ սեպտեմբերի վերջին Մոնրեալում, հոկտեմբերի սկզբին Տորոնտոյում, եւ ապա Պրովիդենսում կայանալու է Վաղարշակ, Ռոբերտ եւ Արեգ Էլիբեկյանների աշխատանքների ցուցահանդեսը: Նկարիչների երեք սերնդի յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն բնորոշ գունազգացողությամբ եւ առանձնահատկությամբ կբացի իր ուրույն աշխարհըՙ դա կյանք է ու թատրոն, իրականություն, երեւակայական տեսիլքներ, բնություն, նկարչություն որ հոգուն ուրախություն է բերում, գույներ, որ աչքերդ են շոյում:
Դրսում իր ունեցած հաջողությունների մասին հարցիս ի պատասխան Արեգն ասաց. «Հարաբերական հարց է: Դիմանալն արդեն մեծ բան է. արվեստով ապրելն ու դիմանալը»: Իսկ Դետրոյթիցՙ Միացյալ Նահանգներում հայտնի արվեստաբան Կարապետ Բելյանը իր նկարչության մասին գրում է. «Արեգի աշխատանքները մղում են լրջության, թելադրում ամրություն եւ հետեւողականություն: Նա ժամանցային վայելուչ, Էլեգանտ աշխարհում հայտնաբերում է նոր թեմաների ամբողջ շարքեր, որտեղ կտավը հորդում է կենդանի ակտիվությամբ, շարժունակությամբ, ուրախությամբ եւ լավատեսական ջերմությամբ: Երեւակայության տոնայնությունը, ոճական նորաբանությունը նրան տարբերում է իր ժամանակակիցներից: Նրա պատկերները վիզուալ փորձառություններ ենՙ շատ հանպատրաստից իրավիճակների, որոնք ունեն իմպրեսիոնիստական անմիջականություն, անբռնազբոսիկություն, միաժամանակ դրանք արտահայտում են կիսաաշխույժ նատուրալ-միստիկականություն»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ