Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում ընթացքի մեջ է շախմատի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների հերթական առաջնությունը, որն անցկացվում է տարիքային հինգ խմբով:
Երկրորդ տուրի հանդիպումներից հետո ի հայտ եկան առաջին առաջատարները: Հայ շախմատիստներից մի քանիսն աղյուսակը գլխավորողների թվում են: Մեր ամենակրտսեր մասնակից Տիգրան Հարությունյանը, որ հանդես է գալիս մինչեւ 10 տարեկանների մրցաշարում, իր 2-րդ հաղթանակը տոնեց: Այս անգամ Տիգրանը պարտության մատնեց Մաքսիմ Լուգովսկուն: Բացի Տիգրանից, եւս 13 շախմատիստ վաստակել է 2 միավոր:
Հաջող է սկսել մրցաշարը նման պատասխանատու մրցումների զգալի փորձ ունեցող Սամվել Տեր-Սահակյանը: Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Սամվելը հաղթելով Վոյցեկ Սոխաչկուն, վաստակեց 2 միավոր եւ 16 մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Տարիքային այս խմբում 2-րդ տուրում հաղթեցին նաեւ նրա թիմակիցներ Հայկ Թամազյանն ու Վահե Բաղդասարյանը, որոնք մրցաշարում առաջին միավորները վաստակեցին:
Առայժմ առանց միավորի կորստի են հանդես գալիս մինչեւ 18 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Զավեն Անդրեասյանն ու Ավետիք Գրիգորյանը: Զավենը հաղթեց Ջոնաթան Դուրերասուին, իսկ Ավետիքը պարտության մատնեց Բոբան Բոգոսավիչեւիչին: Մեր երկու շախմատիստներն էլ 2-ական միավորով աղյուսակը գլխավորողների շարքում են:
Մրցաշարին մասնակցող Հայաստանի վեց շախմատիստուհիներից առայժմ լավագույն արդյունքի է հասել Մարիա Գեւորգյանը: Նա մասնակցում է մինչեւ 12 տարեկանների մրցաշարին: Մարիան 2 հնարավորից ունի 1,5 միավոր: Առաջին տուրում Գեւորգյանը պարտիան ավարտել էր ոչ-ոքի, իսկ հաջորդ տուրում հաղթեց Դինա Բազենովային:
Վատ հանդես չեն գալիս նաեւ մեր ամենակրտսեր տարիքի շախմատիստուհիներ Սուսաննա Գաբոյանն ու Արփի Ազիզբեկյանը, որոնք ցույց են տվել 50 տոկոսանոց արդյունք: Մեկ միավոր ունի նաեւ մինչեւ 16 տարեկանների մրցաշարի մասնակից Դիանա Մնացականյանը:
Տղաների մրցաշարում էլ բավական վստահ են հանդես գալիս նաեւ Զոհրակ Ապրեսյանը (12 տ.), Ռոբերտ Հովհաննիսյանն ու Աղասի Ինանցը (երկուսն էլՙ 16 տ.), որոնց հաշվին գրանցված է 1,5-ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ