«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2006-09-12 | #174, 2006-09-13 | #175, 2006-09-14


17-ԱՄՅԱ ՎԻԳԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

Երեկ «Ազգը» տեղեկացրեց, որ Մոսկվայում երեքշաբթի օրը ձերբակալվել է միլիցիայի քոլեջի ուսանող Նիկիտա Սինկովը, որի հայրը միլիցիայի բարձրաստիճան պաշտոնյա է: Իրավապահ մարմինների աղբյուրներ վկայակոչելովՙ Ինտերֆաքս գործակալությունն ավելի ուշ հաղորդեց, որ Նիկիտա Սինկովը «քննիչների ծանրակշիռ ապացույցների ներքո» խոստովանել է, որ ապրիլի 22-ին մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում ինքն է սպանել 17-ամյա հայ ուսանող Վիգեն Աբրահամյանցին:

Զոհվածի ընտանիքի փաստաբան Սիմոն Ծատուրյանն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ Սինկովին մեղադրանք է ներկայացված ըստ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի, այն էՙ «սպանություն ազգային ատելության հողի վրա»:

Հատուկ ծառայությունները կասկածյալին գտել են մեկ ուրիշ աղմկալի հանցագործությանՙ Մոսկվայի «Չերկիզովսկի» շուկայի օգոստոսյան պայթյունի գործի քննության ընթացքում: Ձերբակալված մոսկվացի 3 ուսանողները եւ նրանց գաղափարական ոգեշնչող Նիկոլայ Կորոլյովը «Ռուսական համազգային միության» ազգայնական կազմակերպության կողմնակիցներ են: Շուկայի գործի կապակցությամբ քննիչները բացահայտել են ազգային ատելության հողի վրա կատարված մի քանի այլ հանցագործություններ, այդ թվում Վիգեն Աբրահամյանցի սպանությունը:

Քննության նյութերի համաձայն, ազգայնամոլների հիշյալ խումբը մետրոյում քանիցս հարձակումներ է կատարել կովկասցիների վրա: Հարձակումները կազմակերպել է Կորոլյովը: Մինկովը Աբրահամյանցին սպանել է նման ծրագրված հարձակումներից մեկի ժամանակ:

Սպանությունից հետո քննիչները հայտարարել էին, թե Աբրահամյանցն սպանվել է ինչ-որ աղջկա հետ կապված կենցաղային վեճի ընթացքում: Այն ժամանակ կալանավորված 11-րդ դասարանցի Դենիս Կուլագինը 4 օր անց ազատ էր արձակվել առանց մեղադրանքի ներկայացման:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4