Տարածված խոսք է` ճաշակին ընկեր չկա: Եվ իսկապես. ո՞վ կարող է ճաշակի հարցում վիճել պետական տարբեր հանձնաժողովների եւ մարմինների հետ, ովքեր մրցանակներ կամ տիտղոսներ ու մեդալներ են շնորհում: Բայց այսօր իմ խոսքը չի վերաբերում ճաշակին, այլ` չափանիշներին: Ի՞նչ չափանիշներով են տրվում պետական այդ կոչումներն ու պարգեւները: Եվ ընդհանրապես կա՞ն չափանիշներ այդ գործում:
Անմիջապես ինքս պատասխանեմ իմ վերջին հարցին` ըստ երեւույթին, կան չափանիշներ, որոնք գործում են ընտրովի, այսինքնՙ մեկ այո, մեկ` ոչ: Այլ խոսքով` խառը օգտագործմամբ:
Չափանիշների խառը օգտագործման օրինակ կարող է ծառայել նախորդ օրը հանրապետության նախագահի կողմից մշակույթի մի խումբ գործիչների պատվավոր կոչումներով ու մեդալներով պարգեւատրելու որոշումը: Դրանցից ոմանք արդարորեն գտել են իրենց արժանավոր տերերին` տաղանդ ու վաստակ ունեցող արվեստագետներ ու գործիչներ, որոնցից հատկապես հրճվեցնող է երկարամյա վաստակավոր երգեհոնահար եւ մանկավարժ Վահագն Ստամբոլցյանի ստացած ժողովրդական արտիստի կոչումը, որը զլացվում էր նրան տասնամյակներ շարունակ. խորհրդային պետության ճաշակը հաշտ չէր Բախի ու Հենդելի, Կոմիտասի ու Եկմալյանի հոգեւոր երաժշտության հետ:
Սակայն այդ չափանիշները չեն գործել, այլ միայն ճաշակն է դեր խաղացել մի խումբ երգիչ-երգչուհիների պարագայում: Յուրահատո՜ւկ ճաշակ, որով վաստակավոր արտիստի կոչում են ստացել Նունե Եսայանը, Հայկոն, Թաթան: Նույնը ստացել է նաեւ Շուշան Պետրոսյանը, սակայն թերեւս պետք է առանձնացնել նրան մյուսներից` գոնե նկատի ունենալով նրա հայրենասիրական մի քանի երգերի լավ կատարումները, որոնք կարող են մնայուն տեղ գտնել հայ երգարվեստում: Ըստ իմ տպավորության, համենայնդեպս, այդ երգիչ-երգչուհիների վաստակը չափվել է նրանց հեռուստատեսային անթիվ-անհամար ելույթներով ու մարդաշատ լսարաններով: Այլ խոսքով` նրանք մեր հեռուստատեսության սարքած, այսպես կոչված, շոու-բիզնեսի արդյունք կատարողներ են, որոնք մասն են կազմում աստղ-աստղիկ-աստղափոշիների (այս բառը իմը չէ) մի ամբողջ հույլի, որի տեղը ոչ թե համերգասրահներն ու հեռուստատեսությունը պետք է լիներ, այլ ռեստորաններն ու գիշերային զվարճավայրերը: Հետեւաբար, նրանց գնահատելիս բոլորովին այլ չափանիշներ պետք է գործեին: Այսինքն այնպես, ինչպես գնահատում ենք, օրինակ, ներկարարին եւ գեղանկարչին: Հասարակությունը, բնականաբար, իր կենսագործունեության ընթացքում շատ ավելի կարիք ունի ներկարարների, որոնք բնակարանների եւ գրասենյակների պատերն են ներկում, սակայն նույն հասարակությունը իր հոգեւոր կարիքների համար երբեմն դիմում է գեղանկարչին, որի գործերն այդ ներկած պատերին կախելով գեղարվեստական հաճույք է ստանում: Այդքան մեծ է, կամ քիչ է (ըստ ճաշակի) այդ երկուսի միջեւ տարբերությունը:
Այդ ե՞րբ է հոգեւոր կամ մտավոր վայելք պատճառել ռաբիսա-արեւելա-թուրքական երգերի «ներկարար» Թաթան, կամ տափուկ ռաբիսի նորօրյա մեկնաբան Նունե Եսայանը, եւ կամ ունիսեքս երգերի ախոյան Հայկոն: Եթե պետական բարձր տիտղոսներով են գնահատվում նման կատարողները, ապա ինչո՞ւ նույն մոտեցմամբ չի գնահատվում, օրինակ, «քյոհնա» ռաբիսի վարպետ Արամ Ասատրյանը, որի համերգները Երեւանից մինչեւ Լոս Անջելես եւ այլուր անցնում են «խուռներամ» երկրպագուների առաջ: Կամ ինչո՞ւ անտեսել Տիգրան Կարապետիչին, որի ինքնահնար երգերն ու կատարումները ոչ պակաս հեռուստալսարան ունեն Հայաստանի անգամ ամենահետին գյուղում: Իսկ ինչո՞ւ ոչ Անդրեն, Սիրուշոն: Դեռ երիտասա՞րդ են: Ոչինչ, հիմիկվանից վաստակավորի կոչում տանք նրանց, որպեսզի քաջալերվեն եւ այլեւս բնավ վայր չիջնեն հեռուստաէկրաններից:
Ճիշտ է, ես էլ եմ համոզված, որ պետությունը չպետք է միջամտի արվեստի ու մշակույթի գործերին, բացի քաջալեր հանդիսանալուց, դրանց ծաղկմանը ու տարածմանը նպաստելուց: Իսկ պետական մրցանակները, կոչումներն ու պարգեւները նրա համար են, որպեսզի պետական մակարդակով գնահատվեն եւ օրինակ հանդիսանան միայն այն մարդիկ, ովքեր մնայուն արժեք են ստեղծում եւ ունեն ամուր վաստակ: Այդ պարագայում անհատական ճաշակը իր տեղը կզիջի համամարդկային չափանիշներին:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ