Օգոստոսի 31-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր, որ Նեւադայի նահանգում (ԱՄՆ) օգոստոսի 28-ին ձերբակալվել էր այս տարվա մայիսից ՀԴԲ-ի կողմից որոնվող ամենավտանգավոր 10 հանցագործների ցանկում ընդգրկված, մորմոնների այսպես կոչված «Հիսուս Քրիստոսի վերջին օրվա սրբերի արմատական եկեղեցու» առաջնորդ Ուորեն Ջեֆսը, որն ինքնակոչ մարգարե է, համայնքի նախագահ, քրմապետ եւ պայծառատես:
Կայքէջերից հավաքված նյութերի հիման վրա ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք մանրամասներ այդ անձի եւ նրա կառավարած եկեղեցու մասին:
Մասնագիտությամբ դասատու եւ հաշվապահ, շագանակագույն մազերով եւ աչքերով Ուորեն Ստիդ Ջեֆսը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա) 1955 թ. դեկտեմբերի 3-ին: Ունի, ըստ եկեղեցու անդամների վկայությունների, 75 կին եւ 56 երեխա: Մինչեւ հոր` 98-ամյա Ռուլոն Ջեֆսի մահը (2002 թվի սեպտեմբերի 8-ին) նա եղել է նրա «առաջին խորհրդատուն»: Այնուհետեւ զբաղեցրել է հոր բոլոր պաշտոնները: Հոր մահից հետո արտասանած իր առաջին ելույթումՙ ուղղված եկեղեցու բարձրաստիճան հովիվներին, նա ասել է. «Երկար չեմ խոսի, բայց կասեմ հետեւյալը` ձեռքերդ հեռու պահեք հորս կանանցից»: Ապա դիմելով այդ մի քանի տասնյակի հասնող կանանց, շարունակել է. «Դուք ապրելու եք այնպես, կարծես հայրս դեռ ողջ է եւ գտնվում է կողքի սենյակում»: Մի շաբաթ անց նա ամուսնացել է բոլոր այդ կանանց հետ:
Վերջի սկիզբը
Օգոստոսի 28-ին, երեկոյան ժամը 9-ի մոտ, պարեկային ոստիկանությունը Լաս Վեգասի հյուսիսային մասում գտնվող Քլարք Քաունտիում (Նեւադա) պատահաբար կանգնեցրել է Ջեֆսի կարմիր գույնի, 2002 թվի «Կադիլաք էսկալադե» մակնիշի ավտոմեքենան պատճառաբանելով, որ Կոլորադոյի ժամանակավոր պետհամարանիշը հստակ տեսանելի չէ: Հերթապահ Էդի Դաչովերին ներկայացել է որպես Ջոն Ֆինդլի եւ միայն ՀԴԲ-ի ներկայացուցչի գալուց հետո է հայտնել իր իսկական անունը: Ջեֆսին ճանաչել եւ ձերբակալել են: Նրանից բացի ավտոմեքենայում են եղել նաեւ նրա եղբայր Իսահակը (վարորդը) եւ կանանցից մեկը` Նաոմին (ծնված 1974-ին): Նրանց ոստիկանատանը հարցաքննելուց հետո ազատ են արձակել: Առգրավել են մեքենայում այդ ժամանակ գտնված համակարգիչները, 15 բջջային հեռախոսները, ծպտվելու հարմարանքներ, որոնց մեջՙ երեք կեղծամ, 54 հազար դոլարի կանխիկ դրամ:
Արիզոնայի գլխավոր դատախազ Թերի Գոդարի խոսքերով` նրա ձերբակալումը «10 հազար հետեւորդների վրա մի փոքր խմբավորման բռնատիրական իշխանության վերջի սկիզբն է»:
Ֆեդերալ եւ նահանգային ոստիկանությունը պետք է որոշիՙ նրան Արիզոնայո՞ւմ, թե՞ Յուտայում դատել: Յուտայում առավել ծանր մեղադրանքներ են ներկայացված նրան:
Ջեֆսի ձերբակալումը, ըստ դիտորդների, չի անդրադառնալու Սոլթ Լեյք Սիթիից հաշվապահ Բրուս Ուիզանի հետագա գործունեության վրա: Յուտայի իրավական մարմինները նրան անցյալ տարվանից նշանակել էին վերահսկիչ Ջեֆսի առաջնորդած եկեղեցու «Յունայթիդ էֆորտ պլան տրաստի», որը 100 միլիոն կապիտալով իր ձեռքում է պահում Կոլորադո Սիթիի եւ Հիլդեյլի կալվածքների մեծամասնությունը: Անցյալում տրաստի իրավասության մեջ է եղել նաեւ եկեղեցու անհնազանդ անդամներին իրենց տներից բռնի վտարելու գործը: Ուիզանը նշանակվել է հսկելու, որ եկեղեցու առաջնորդները տրաստի գումարները չօգտագործեն անձնական նպատակների համար:
«Երկաթե բռունցքով» դեպի Սիոն
Որպես մարգարե եւ քրմապետ Ջեֆսը նշանակալի ազդեցություն է ունեցել եկեղեցու անդամների եւ նրանց վարքագծի վրա: Նույնիսկ հետախուզման մեջ գտնվելու վերջին տարիներին նա իր համայնքի 10 հազար անդամների վրա հսկողությունը չի նվազեցրել: Որոշակի սահմանված օրենքներով եւ կարգադրություններով օտար հասարակությունից, ընդհանրապես աշխարհից եւ տեղեկատվական միջոցներից մեկուսացրել է նրանց եւ հատուկ «Հիլեմանի որդիներ» հորջորջված խմբի միջոցով հետեւել, որ տներում միայն «թույլատրված» գրականություն մուտք գործի: Իրեն իրավունք է վերապահել ամուսնական արարողություններ անցկացնել (երբեմն շարժական ավտոտնակներում) եւ նույնիսկ որոշել զույգերին: Եթե ամուսնացող տղամարդը լավ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ, ապա նրան թույլատրվել է մեկից ավելի կին ունենալ: Իսկ վատ հարաբերությունների դեպքում նա պատժել է տղամարդկանց, նրանց կանանց, երեխաներին, նույնիսկ ունեցվածքը տալով մեկ ուրիշին: Նրա համոզմամբՙ դրախտին արժանանալու համար տղամարդը պարտավոր է ամուսնանալ առնվազն երեք կնոջ հետ:
Նրա վերահսկողության աստիճանն այնքան ուժեղ է եղել, որ վախեցրել է հարեւան համայնքներին: Նրանցից մեկը հարցազրույցի ժամանակ ասել է. «Եթե նա հրամայեր սպանել մեկին, ապա նրանք պետք է կատարեին հրամանը»: Մեկ ուրիշը նշելով, որ նա «բացարձակ իշխանություն ունի» բոլորի վրա, ավելացրել է, որ նույնիսկ տեղացի շերիֆից օգնություն չի կարողացել ստանալ իր երեխաներին գտնելու հարցում, քանի որ շերիֆը նույնպես Ջեֆսի հավատարիմ հետեւորդներից էր: «Նա ամեն ինչի ընդունակ է եւ գիտի ինչպես ջրի երես դուրս գալ», հարցազրույցի ժամանակ պատասխանել է մի երրորդ անձնավորություն:
Ընդհանուր առմամբ նրան բնութագրում են «լավ տեսքի տակ թաքնված չար ոգի» արտահայտությամբ, իսկ մեկուսացված համայնքի անվանումն ավելի քան խոսուն է` «կարոտ հանդեպ Սիոնի»: Դա այն վայրն է, որտեղ հավատացյալները «փրկվելու են» համաշխարհային «դժոխքից», համատարած հրդեհից, որի թվականը ինքն է որոշել` առավել ուժգնություն տալով իր իշխանությանը: Դժոխքում հավիտյանս այրվելու վախը համակել է բոլորին: Եվ քանի որ նա Աստծո խոսնակն է, միայն նրան պետք է լսել: Այլ գրքեր, գրականություն, երաժշտություն եւ նույնիսկ Աստվածաշունչը արգելված են եղել այդ համայնքում: Ի՞նչ կարիք կա այդ բոլորը կարդալու եւ լսելու, եթե ինքը` «Աստծո ընտրյալը» առաջնորդում է եւ համապատասխան պատգամներ տալիս: «Սեւամորթները չարություն են մարմնավորում», «կանայք իրեր են, մասնավոր սեփականության ապրանքներ, եւ ուրեմն չեն կարող իրավունքներ ունենալ» եւ նման պատգամները արմատացած հավատալիքներ են եղել համայնքի անդամների շրջանում:
Սեռական եւ այլ հանցագործություններ
«Ալ Ղաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի եւ կոլումբիացի «թմրաբարոն» Դիեգո Մոնտոյա Սանչեսի կարգի «խիստ վտանգավոր եւ զինված» հանցագործ է համարվում Ուորեն Ջեֆսը, որին 2005 թվի հունիսից ամբաստանում են անչափահասների սեռական այլասերման, բռնությունների կիրառման, բռնաբարությունների օժանդակման, անչափահաս աղջիկներին տարեց տղամարդկանց հետ ամուսնացնելու, եկեղեցապատկան տրաստի փողերը յուրացնելու, միասեռականության, հարկերից խուսափելու եւ բազմաթիվ այլ անօրինական եւ անբարոյական հանցագործությունների մեջ, կապեր է ունեցել Յուտայում, Արիզոնայում, Տեքսասում, Կոլորադոյում, Հարավային Դակոտայում, Բրիտանական Կոլումբիայում եւ Կուինտանա Ռուում (Մեքսիկա): Ըստ CNN-ի հրապարակումների, նրա համախոհներից ոմանք նոր «բազա» են ստեղծում Պրինգլում (Հարավային Դակոտա):
2005 թվի հուլիսին Արիզոնայի գլխավոր դատախազությունը 10 հազար դոլար էր նախատեսել որպես պարգեւ բոլոր նրանց, ովքեր տեղեկություն կհաղորդեին նրա մասին: Ավելի ուշ ՀԴԲ-ն նախ 60, ապա 100 հազար դոլար էր խոստացել նույն պահանջի համար:
Ձերբակալման արձագանքները
Հակառակ որոշ հավատացյալների պնդումների, թե նրանք կշարունակեն հավատարիմ մնալ աղանդի սկզբունքներին եւ կապրեն նույն ձեւով, ուրիշներն այնուամենայնիվ խոստովանում են, որ «Աստծո անձեռնմխելի առաքյալի» ձերբակալությունը «ցնցել է նրանց հավատը», եւ նրանք «լուռ տխրությամբ» են համակված` չիմանալով ինչպես արձագանքել կատարվածին:
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Խմբագրության կողմից
Հաղորդակցության բնագավառում մերօրյա արագընթաց եւ բազմաբնույթ միջոցների առկայության դեպքում, երբ ամբողջ աշխարհը իրոք «մի մեծ գյուղ» է դարձել (որտեղ որեւէ ժամանակ, որեւէ բանի մասին տեղեկություն րոպեական կարելի է ստանալ), անհավատալի կարող է թվալ 100-ամյա վաղեմության բռնատիրական համայնքի գոյությունը եւ առավել եւս աշխարհից նրա մեկուսացված լինելու փաստը: Բայց կատարվածը իրականություն է, եւ բարեբախտաբար երկար չես կարող թաքցնել ուրիշներից: Անպայման ջրի երես է դուրս գալիս վաղ թե ուշ:
Աղանդավորական շարժումներին կուրորեն հետեւող մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ թարգմանաբար ներկայացված հոդվածի մանրամասներին, հասկանալու համար, թե սրբերի կեղծ շղարշով պատված մարդկանց արտաքինի հետեւում ինչ հրեշներ են թաքնվում: