«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ՄԵՐՁԴՆԵՍՏՐԸ ՔՎԵԱՐԿԵՑ ԱՆԿԱԽԱՆԱԼՈՒ ԵՎ ՌԴ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՕԳՏԻՆ

Եվրոհանձնաժողովը թերահավատ է անկախության հարցում

Կիրակի երեկոյան ավարտվել է ինքնահռչակ Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության անկախության հանրաքվեի անցկացումը: Ընտրական տեղամասերում քվեների նախնական հաշվարկումն արդեն իսկ վկայում է, որ տարածքի բնակչության մոտ 90 տոկոսն արտահայտվել է Մոլդովայից անկախանալու եւ Ռուսաստանին միանալու օգտին:

Ինտերֆաքս գործակալությունը հաղորդում է, որ ընտրական տեղամասեր է ներկայացել քվեարկության իրավունք ունեցող բնակիչների 77,63 տոկոսը:

Հանրաքվեի ժամանակ տարածքի բնակիչները պետք է պատասխանեին երկու հարցի` «Պաշտպանո՞ւմ եք արդյոք Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետությունն անկախացնելու եւ հետագայում Մերձդնեստրը Ռուսաստանի Դաշնությանն ազատորեն միացնելու գիծը» եւ «Հնարավոր համարո՞ւմ եք Մերձդնեստրի անկախացումից հրաժարվելը եւ հետագայում Մոլդովայի Հանրապետության կազմի մեջ մտնելը»:

Հանրաքվեի արդյունքների կապակցությամբ BBC-ն վկայակոչում է «Կոմերսանտ» թերթի այն հրապարակումը, ըստ որի Մերձդնեստրի բնակչության մեծ մասը վստահ է, թե տարածքն արդեն վաղը-մյուս օրը կարող է միանալ Ռուսաստանին: Մինչդեռ տեղական իշխանությունները չեն կիսում այդ լավատեսությունը եւ գիտեն, որ «դա կարող է երբեւէ տեղի չունենալ»:

Հանրաքվեի կազմակերպիչները ենթադրում են, թե իրենց ձեռնարկումը վճռական քայլ կդառնա չճանաչված հանրապետության անկախացման ճանապարհին: Սակայն մեկնաբաններից շատերը կարծում են, որ հանրաքվեն «դժվար թե Մերձդնեստրին մոտեցնի իր նվիրական երազանքին»:

Մասնավորապես «Կոմերսանտի» մեկնաբան Գեննադի Սիսոեւը հարց է տալիս. «Այդ դեպքում Մերձդնեստրի իշխանություններն ինչո՞ւ հանկարծ հանրաքվե կազմակերպեցին: Եվ ինչո՞ւ Մոսկվան չի էլ փորձում թաքցնել իր համակրանքն այդ միջոցառման նկատմամբ»: Սիսոեւի կարծիքով, Մերձդնեստրի հանրաքվեն Մոսկվայի համար կոչված է լոկ հավելյալ հաղթաթուղթ դառնալու հետխորհրդային տարածքում նրա ծավալած մեծ խաղում:

Հանրաքվեն, միջազգային դիտորդների վկայությամբ, անցել է առանց լուրջ խախտումների: Այդուհանդերձ, Եվրոպան թերահավատ է Մերձդնեստրի անկախության հարցում: «Մերձդնեստրի հանրաքվեն չի կարող ճանաչվել միջազգային մակարդակով: Հետեւաբար դրա արդյունքները չեն կարող որեւէ կշիռ ունենալ: Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված երկիր իր սահմաններով: Դա Մոլդովան է: Մերձդնեստրը չունի առանձին պետության կարգավիճակ», հայտարարել է Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Էմմա Ուդվինը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4