Հայաստանում հեծանվասպորտի ազգային տեխնիկական կենտրոնի բացումից ի վեր հայ հեծանվորդները սկսել են արձանագրել որոշակի հաջողություններ: Տեխնիկական կենտրոնը բացվել է ինն ամիս առաջ հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի (ՈւՍԻ) աջակցությամբ: Այս ընթացքում մարզիկները մասնակցել են տասնյակ մրցումների տարբեր երկրներում եւ գրանցել գոհացուցիչ արդյունքներ:
Հեծանվասպորտի տեխնիկական կենտրոնի 5 սաները մասնակցել են Ուդմուրտիայի հանրապետության Վոտկինսկ քաղաքում անցկացված բաց մրցաշարին, որին մասնակցում էին ԱՊՀ եւ Բալթյան երկրների հեծանվասպորտի տեխնիկական կենտրոնների սաները: Անհատական պայքարում մեր մարզիկները զբաղեցրել են 4-րդ, 5-րդ եւ 6-րդ տեղերը, իսկ թիմային մրցաշարում` 7- րդ: Մրցաշարն անցկացվում էր պատանի մարզիկների միջեւ, իսկ մրցանակը սահմանել էր անձամբ Ուդմուրտիայի հանրապետության նախագահը: Մոլդովայից, Բելառուսից, Ուկրաինայից, Լիտվայից, Ռուսաստանից եւ Հայաստանից մրցաշարին մասնակցում էր 14 թիմ` շուրջ 120 մարզիկ: Մեր մարզիկներին առանձնակի ոգեւորությամբ ընդունել է տեղի հայ համայնքը եւ ցուցաբերել մեծ աջակցություն: Հայ համայնքն ու մասնավորապես գործարար, «Ալյանս-Տրեյդ» ընկերության նախագահ Արարատ Բրուտյանը մեր մարզիկներին աջակցել եւ ոգեւորել է նաեւ Դոնեցկ քաղաքում սեպտեմբերի 1-8-ը կազմակերպված մրցաշարի ընթացքում: Այստեղ մարզիկները մեկնել են Վոտկինսկում անցկացված մրցումներից հետո: Պատանիների միջեւ անցակցված մրցաշարը Դոնեցկում կայանում է արդեն 31-րդ անգամ: Այս անգամ եւս հայ մարզիկները թիմային մրցաշարում գրավել են 6-րդ, իսկ անհատական պայքարում ` 6-րդ, 9-րդ եւ 10-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում էր 6 հանրապետություն` 14 թիմով: «Այս մրցաշարն աչքի էր ընկնում իր բարդությամբ: Մարզիկները հեծանվավարում էին ժամում 70 կմ արագությամբ», նշում է Հայաստանի հեծանվային մարզաձեւի ազգային ֆեդերացիայի մենեջեր Կարեն Գրիգորյանը: Տեխնիկական կենտրոնի սաները հրավեր են ստացել հաջորդ տարի եւս մասնակցելու Դոնեցկում կայանալիք մրցաշարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ