Այս եւ էլի շատ հարցեր թերեւս մնան անպատասխան
Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովի «Նոր պատասխաններ հին հարցադրումներին. հայերը 21-րդ դարում» թեմայով օրակարգի երեկվա առաջին հարցն ուներ հետեւյալ խորագիրը. «Ազգը, պետությունը եւ ինքնությունը 21-րդ դարում»: Ծրագրի համաձայն, քննարկվեցին մշակույթի եւ ինքնության առնչությամբ նոր տեսական մոտեցումները, դրանց կիրառելիությունը սփյուռք ունեցող ժողովուրդների եւ մասնավորապես Հայաստանի ու հայկական սփյուռքի համար: Խորհրդաժողովի մասնակիցները քննարկեցին նաեւ լեզվի, գրականության, արվեստի, կրոնի, պատմության եւ հիշողության դերը մշակույթի եւ ինքնության ձեւավորման գործում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններըՙ սփյուռքի բազմադեմ լինելու դեպքում:
Նիստը վարող «Սփյուռք» պարբերականի գլխավոր խմբագիր Խաչիկ Թոլոլյանի նախագահությամբ իրենց զեկուցումները ներկայացրին Հնդկաստանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը ներկայացնող Չանդրաշեխար Բհաթը, Գերմանիայիցՙ Ցիպիլմա Դարիեւան, Արգենտինայիցՙ Խաչիկ Տեր-Ղուկասյանը եւ այլք: Մասնակիցների քննարկման նյութ էր նաեւ սփյուռքի եւ հայրենիքի միասին կամ անկախ զարգանալուն, ընկալումները համադրելուն, սփյուռքի ավանդական եւ նոր կառույցների ներկա վիճակին վերաբերող հարցեր:
Ընդհանուր առմամբ կարելի է ամփոփել, որ, մասնագետների եւ մասնակիցների կարծիքների համաձայն, Հայաստանը հար եւ միշտ մնում է Եվրոպայի եւ Ասիայի սահմանագլխին, ինքնության առումով ուղղակի խաչմերուկում է: Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա այն բազմադեմ է, բազմամշակույթ, բազմեզր, ունի բազում խնդիրներ, որոնք հատկապես կապված են մշակույթի, կրոնի եւ լեզվի պահպանման հետ: Սրանց հիման վրա գոյատեւող ինքնությունը ձեւակերպվեց որպես խոստում, նաեւ դեպի ապագա գնացող ճանապարհ եւ ոչ միայն ունեցած արժեքների պահպանում: Իսկ ընդհանրապես, սփյուռքը երկխոսություն է. երկխոսություն ոչ թե համերկրացիների, այլեւ ուրիշների հետ:
Այս գեղեցիկ մտքերի կողքին մասնակիցները խոսեցին բազում խնդիրների մասին, տեսական «Ի՞նչ է հայը, ո՞վ է հայը» հարցերից մինչեւ կոնկրետ որեւէ հայ համայնքում դպրոցի կամ այլ խնդիրներ: Նշվեց իրազեկության պակասի, մեծ մասամբ լավ չկազմակերպված հայապահպան միջոցառումների, նաեւ Հայաստանի դերակատարության կարեւորության մասին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ