«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2006-09-16 | #178, 2006-09-19 | #179, 2006-09-20


ԿԱՐԵԿՑԱՆՔՙ ՄԱՐԴՈՒ ԱՆԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ

Հալեպահայ արձակագիր, թատերական գործիչ եւ երգիծաբան Հակոբ Միքայելյանի գործերը պարբերաբար տպագրվում են սփյուռքահայ մամուլում («Շիրակ», «Զարթօնք», «Բագին», «Կամար», «Հայեացք», նաեւ հայաստանյան թերթերում եւ ամսագրերում («Ազգ», «Գարուն», «Գրական թերթ»): Մարդկային կյանքի տարբեր կողմերը շոշափող նրա գրությունները նուրբ ու զգայուն հայացքի դիտարկումներ են, որ բարոյախոսական հենք եւ ուղղվածություն ունեն: Դրանք իրական կյանքային դրվագներ են, ոչ սյուժետիկ հորինվածքներՙ ուսուցանող բնույթի: Ինքըՙ հեղինակը, նաեւ ուսուցիչ է եղել, տնօրեն Հալեպի ՀԲԸՄ Գալուստ Գյուլբենկյան-Լազար Նաճարյան կրթարանի:

«Նշմարների» նոր ժողովածունՙ «Բաց պատուհան» խորագրով, լույս է տեսել վերջերսՙ Հալեպում: Այս պատմությունները հեղինակի «շիտակ նստելու ու շիտակ խոսելու» սկզբունքների արտահայտությունն են, պարզ եւ ուղիղ վերաբերմունք մարդկային աշխարհին, նրա ծուռ ու շեղ դրվածքին, որին ուղղված նրա հումորը բարեհոգի է, դաստիարակիչ, երգիծանքըՙ բարեկամական, նշանառուի դիպուկությամբ, սակայն, ազդեցիկ: Առօրյա կյանքի արատավոր ու խոցելի շատ երեւույթներին սովոր մեր աչքը հաճախ շրջանցում ու լռության է մատնում դրանք: Հ. Միքայելյանը նկատում է այդ աննկատը եւ կարեւորում առաջին հայացքից մանրուք թվացող այս երեւույթներըՙ նախ եւ առաջ բարոյական տեսակետից: Դա կարող է լինել հեռախոսային դատարկաբանություն կամ տանտիկինային կենցաղային շաղակրատանք, համերգային երեկոյին սուրճի կամ թեյի մատուցում ի հաճս պատվավոր հյուրի կամ ապրիլքսանչորսյան ուխտավորիՙ օրվա խորհուրդը վիրավորող անպատշաճ խոսք ու զրույց առտնին հարցերի շուրջը. ավանդական դաստիարակության ու կյանքային իրողությունների հակադրություններից ծնված զանազան այպանելի երեւույթներՙ հայերենին, պահվածքին, խոսելաձեւին, այլեւայլ բարքերին վերաբերող:

Ժողովածուիՙ հինգ խորագրերի ներքո զետեղված («Շիտակ նստինք, շիտակ խօսինք», «Երեւանեան գրառումներ», «Այս ալՙ այսպէս», «Հասկցողինՙ շատ բարեւ», «Բաց պատուհան») մանրապատումներում ցավն ու ափսոսանքը մարդու ապրած կիսատ-պռատ կյանքի, նրա ներքին անկատարության, դաստիարակության պակասի, բութ զգացողությունների համար է, որն, ըստ էության, կարեկցանք է մարդուն ուղղված:

Բազմաթիվ պատմություններում մարդկային շատ խորունկ ու լուրջ ապրումներ են խտացված սեղմ տողերի արանքում: Ինչպեսՙ «Ծախու շնիկներ»-ի հերոսըՙ վնասված ոտքով պատանին. իր վերջին դրամով նա գնում է մի խեղանդամված շնիկՙ մերժելով շնիկն անվճար իրեն տրամադրելու վաճառողի առաջարկը. «Այս շնիկը պէտք ունի մէկուն, որ իր վիճակէն կը հասկնայ», ասում է տղան: Մանր թվացող այս երեւույթների մեջ հեղինակը տեսնում է մարդկային հոգու բարձր արժանիքները: Կամ քաղցկեղով հիվանդ մահամերձ, 6-ամյա տղայի հրշեջ դառնալու երազանքն ի կատար ածելու շատ մարդկային վերաբերմունքը («Հրշեջը»):

Հ. Միքայելյանի մանրապատումների հիմքում ընկած է խորը հումանիզմը, մարդուն մարդկայինը վերադարձնելու հույսը, բարության պակասից աղքատացող ու աղճատվող աշխարհի հանդեպ կարեկցանքը:

Ժողովածուի գրությունները տարբեր տարիներին լույս են տեսել «Գանձասար» (Հալեպ), «Զարթօնք» (Բեյրութ) եւ «Ազգ» (Երեւան) թերթերում: Գիրքը հրատարակվել է Բեյրութից հայտնի մեկենաս Արմեն եւ Միմի Հարությունյանների աջակցությամբ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4