Համաշխարհային հայկական կոնգրեսի հովանու ներքո
Հայության հիմնախնդիրներով մտահոգվելու մենաշնորհ չկա: Բայց կա հրամայական. ամեն դեպքում լինել միասնական, լինել համախմբված: Եվ նման մոտեցմամբ աշխատելու ցանկություն են այս օրերին հայտնում ոչ միայն Հայաստան - Սփյուռք տարբեր համաժողովներում: Հայ երիտասարդները եւս միասնականության ու խնդիրները միատեղ լուծելու պատրաստակամություն են հայտնում:
Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 17-ին հավաքված հայաստանյան եւ սփյուռքի մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները հստակ ծրագիր ունեին. միավորվել եւ ստեղծել Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա, որ կմիանա Համաշխարհային հայկական կոնգրեսին ու կձեւավորի կոնգրեսի երիտասարդական թեւը:
Հանդիպմանը ներկա Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը կարեւորեց արդեն իսկ ՀՀԿ անդամ դարձած 12 երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությունը` նշանավորելով երիտասարդների դերը երկրի կայունության պահպանման, զարգացման ու տարբեր հարցերի լուծման գործում:
Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ իրենց մտահոգությունները ներկայացրեցին, խոսեցին նոր տեխնոլոգիաներից ու ապագան հայ երիտասարդինը տեսնելու ցանկությունից, արժեքային համակարգի պահպանումից ու ապագայի մարտահրավերներին համատեղ դիմակայելու անհրաժեշտությունից:
Սեփական գործունեության տարեգրության մեջ հավաքի օրը նշանավորելով` երիտասարդները ղեկավար մարմիններ ընտրեցին, ընդունեցին աշխարհի հայ երիտասարդությանն ուղղված ուղերձն ու Համաշխարհային հայկական կոնգրեսի աջակցությամբ ու մասնակցությամբ գոնե երիտասարդական մեկ ընդհանուր կառույցի գոյությունը դարձրեցին իրականություն: Եվ քանի որ մինչ այդ ընդունվել էր նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի կանոնակարգը, հիշատակված կառույցն իր գործունեության սկիզբը դրեց 12 անդամներով:
Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն էլ նույն օրն իսկ առաջարկեց մտածել սեփական տեղեկատվական մարմին, կենտրոն, համակարգչային ցանց ունենալու մասին եւ արդեն հաջորդ տարվա կտրվածքով սկսել երիտասարդական փառատոն կազմակերպելու աշխատանքները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ