Արարատը տեսնելու համար պետք է 20 տոկոս ավելի թանկ վճարես
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Փաստարկ» ակումբում VVP անշարժ գույքի գործակալության նախագահ Վրույր Փենեսյանը երեկ հայտնեց, որ ծավալային առումով այս տարի նախորդ տարվա համեմատ 25-30 տոկոսով ավելի բնակմակերես կհանձնվի: Ինչպես հայտնի է, մեծ ծավալով կառուցվող նորակառույցները հիմնականում քաղաքի կենտրոնում են, թեպետ ընկերության նախագահը նշեց, որ վերջին երկու տարիներին բնակչության մեջ միտում է նկատվում արվարձանային բնակարաններ ձեռք բերելու: Մեծ է հետաքրքրությունը նաեւ Դավիթաշենի տների, հողամասերի նկատմամբ:
Նախագահ Փենեսյանի խոսքով, քաղաքի կենտրոնի նորակառույցներում երկու սենյականոց բնակարանը սկսվում է 80 հազար դոլարից: «Ու՞մ համար են այդ նոր բնակարանները եւ ովքե՞ր են դրանց փաստացի գնորդները», «Ազգի» հարցին Փենեսյանը պատասխանեց, որ հիշյալ բնակարանները մեծ մասամբ գնում են տեղացիները, ինչպես նաեւ սփյուռքահայերը` ոչ թե սեփական կարիքների համար, այլ որովհետեւ բնակարան գնելը վերջիններիս համար հաջող ներդրում է. «Շատերը 8,10 բնակարան են գնել»: Հետո էլ նախագահը թվարկեց այն չափանիշները, որոնք կարեւորում են գնորդները եւ որոնք բարձրացնում են բնակարանների գները: Իսկ գների բարձրացմանը նպաստում են ներքին հարդարումը, վերելակի գոյությունը, մաքրությունն ու մյուս հնարավորությունները, ինչպես նաեւ տեսարանը: «Օրինակ, Մասիսի տեսարանը երեւալու դեպքում բնակարանը թանկանում է մինչեւ 20 տոկոս»: Պարզ է սակայն, որ խոսքն ինչ-որ բնակչության ուրիշ զանգվածի մասին է, երբ այդքան թանկ բնակարաններից նույնիսկ ոմանց համար հնարավոր է մի քանիսը ձեռք բերել: Այդ էլիտար նորակառույցները մի շատ փոքր զանգվածի քմահաճույքն են բավարարում, դրանք հասու չեն մեր խիստ համեստ գրպանով քաղաքացիներին եւ դեռ չի կարելի ասել, որ մեծածավալ բնակարանաշինությամբ սեփական երկրիդ բնակիչների բնակարանային պահանջներն ես բավարարում: Սրան նախագահն էլ համաձայնեց` նշելով, որ այժմյան նորակառույցներից կարող է օգտվել մեր բնակչության մինչեւ 30 տոկոսը:
Այնուամենայնիվ, Փենեսյանը հայտնեց, որ այս տարին ավելի նպաստավոր է բնակարան ձեռք բերելու համար, քանի որ նորակառույց շենքերում առաջարկը շատ է, եւ գներն էլ չեն բարձրանա: Նրա խոսքով, նաեւ սեփականատերերի կողմից միտում կա նպաստավոր պայմաններ ստեղծելու բնակարանի գնման համար, եւ այսօր նրանցից շատերն անգամ պատրաստ են 10 տոկոս կանխավճարի մուծման պարագայում գործարքը կնքել:
Գործակալության նախագահը հայտնեց, որ շուտով անշարժ գույքի շուկա կմտնեն վարկային նոր կազմակերպություններ, որոնց պայմանները գոնե մի որոշ զանգվածի համար մատչելի կլինեն: Հիպոթեկային սպասվող պայմանների փոփոխության մասին մանրամասնություններ Փենեսյանը չհայտնեց` թողնելով վարկային ընկերություններին: Ինչ վերաբերում է բնակարանների շուկայում դոլարի անկման հետեւանքներին, ապա Վրույր Փենեսյանի խոսքով, դոլարի անկումից հետո տների սեփականատերերը գներն ասում են եվրոյով: