«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2006-09-19 | #179, 2006-09-20 | #180, 2006-09-21


ԼՈՆԴՈՆԱՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԷԴՄՈՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊՐԱՀԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Պրահայի համալսարանի Կարոլինիում գլխավոր մասնաշենքի ցուցասրահում սեպտեմբերի 8-ից բացված է World press photo միջազգային ամենահայտնի լուսանկարչական ամենամյա մրցույթի 2006 թվականի մրցանակակիրների լուսանկարների ցուցադրությունը: Այս տարվա ցուցահանդեսը մեզ համար հատկանշական է այն իրողությամբ, որ Պրահա քաղաքի ավանդական մրցանակն առաջին անգամ շնորհվեց լոնդոնաբնակ մեր հայրենակից, հայտնի լուսանկարիչ Էդմոն Տեր-Հակոբյանին:

Նրա լուսանկարներից մեկը` որում պատկերված է մետրոյում տեղի ունեցած պայթյունից վերքեր ստացած արյունոտ վիրակապով մի բիզնեսմեն, World press photo-ի 2006-ի մրցույթում Կարեւոր լուրեր անվանակարգում ստացել էր 3-րդ մրցանակը: Իսկ Պրահայում այս լուսանկարն արժանացավ քաղաքի ամենամյա մրցանակին:

Ի դեպ, 2005 թվականի հուլիսյան այդ օրերին Էդմոն Տեր-Հակոբյանի այդ լուսանկարն իրենց առաջին էջերում տպագրել են անգլիական եւ միջազգային 10 պարբերականներ: Պրահայի մրցանակի կապակցությամբ Էդմոն Տեր-Հակոբյանին հնարավորություն էր տրվել առանձին ներկայացնել նաեւ իր 12 աշխատանքները, որոնք բոլորն էլ նվիրված էին 2005 թվականի հուլիսի 7-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքներին:

Պրահայում World press photo-ի ցուցադրություններն սկսվել են 1990 թվականից եւ այն տարիների քաղաքագլուխ Յարոսլավ Կորանի նախաձեռնությամբ էլ սահմանվել է Պրահա քաղաքի մրցանակը: Այս տարվա մրցանակը հանձնեց ներկայիս քաղաքագլուխ Պավել Բեմը: Նշենք նաեւ, որ սա Էդմոնի 8-րդ միջազգային մրցանակն էր:

Այս տարի Էդմոն Տեր-Հակոբյանը արդեն իսկ Բրիտանական մամուլի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում ճանաչվել էր տարվա լավագույն լուսանկարիչ: Իսկ 2006-ի մարտ ամսին նա նաեւ ստացել էր բրիտանական լուսանկարիչ- խմբագիրների հատուկ մրցանակը տարվա Լրատվական լուսանկարիչ անվանակարգում:

Ավելացնենք, որ World press photo-ի մրցանակաբաշխությանը այս տարի մասնակցել են աշխարհի 122 երկրների 4 448 պրոֆեսիոնալ լուսանկարիչներ` ներկայացնելով 83 հազար 44 լուսանկար: Արդյունքում մրցանակներ են ստացել 25 երկրների 63 լուսանկարիչներ: Գլխավոր մրցանակն ինչպես հայտնի է ստացել էր Ռոյթեր գործակալության կանադացի թղթակից Ֆինբար Օրիելլին, որի Նիգերիայում արված լուսանկարում պատկերված է մարդասիրական օգնության կերակուրին սպասող մոր դեմքն ու մանկան ձեռքը: Չեխիայից մրցանակի էր արժանացել «Լիդովե Նովինի» թերթի լուսանկարիչ Միխալ Նովոտնին` առօրյա կյանք անվանակարգում գրավելով 3-րդ տեղը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4