Իսկ հայրենական իշխանությունները շարունակում են լռել
ԱՂԱՎՆի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Վրաստանում Հայաստանի քաղաքացիների վերջին ձերբակալությունների առնչությամբ արդեն սովորական դարձած սցենարը հետաքրքրական դրվագներ շատ ունի: «Ազգը» տեղեկացրել է վերջին մեկ-երկու ամիսներին տեղի ունեցած ձերբակալությունների մասին, երբ վերջին տարիներին Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելած Հայաստանի քաղաքացիները Վրաստանի տարածքում ձերբակալվում են: Նրանց վրացական պետական սահմանի խախտման մեղադրանք է առաջադրվում Վրաստանի քրեական օրենսգրքի 344 հոդվածի հատկանիշներով:
«Ազգի» տեղեկությունների համաձայն, իրենց անձնագրերում Աբխազիա կամ Հարավային Օսիա մուտքի մասին վկայող կնիք ունեցող ՀՀ քաղաքացիները Վրաստանում հայտնվելուն պես նախ մեկ-երկու օրով հանգրվանում են այսպես կոչված սահմանապահ ոստիկանության խցերում: Եվ քանի որ 72 ժամը վերջնական ժամկետ է առանց մեղադրանքի ձերբակալվածներին պահելու համար, մի քանի տասնյակ ժամ ՀՀ քաղաքացիներին պահելուց հետո դատարանում համապատասխան միջնորդություն է արվում` առաջարկելով խափանման միջոց ընտրել գրավը: Այն պակաս չի կարող լինել, քան Վրաստանի քրեական օրենսգրքի 344 հոդվածով ենթադրվող տուգանքի չափը: Վերջինս, ի դեպ, սահմանված չէ ոչ քրեական օրենսգրքում, ոչ էլ քրեադատավարական օրենսգրքում, այլ ընտրվում է դատավորի հայեցողությամբ:
Ամեն դեպքում, գործնականում մոտենում է 2000 դոլարին համարժեք վրացական լարիի սահմանագծին: Ընդ որում, «Ազգի» աղբյուրների համաձայն, մինչեւ մեղադրանք առաջադրելը եւ խափանման միջոց որոշելը որպես ձերբակալվածների պահման ծախսեր որոշակի գումար են տրամադրում միջազգային կառույցները, սակայն այդ գումարից նշանակալի պակաս է ծախսվում ձերբակալվածների սննդի եւ այլ կարիքների համար, եթե այդպիսիք ընդհանրապես լինում են:
Եվ սա դեռ նման գործերի յուրօրինակության մի կողմն է: Մեր տեղեկություններով, առավել «հետաքրքրական» են առաջին մի քանի ժամերի ընթացքում անցկացվող նախաքննության դրվագները, որոնց ընթացքում հարցաքննության ենթարկվողներին շատ, իսկապես շատ հետաքրքրական հարցեր են տալիս: Մասնավորապես, ինչ-որ ժամանակ Աբխազիա այցելած ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվում են, թե ինչ բարեկամական կապեր ունեն այդ տարածքում: Եվ եթե այցելել են իսկապես բարեկամներին, ապա գործերի որոշ հատվածի դեպքում չգիտես ինչու ներգրավված ռազմական ոստիկանությունը հետաքրքրվում է բարեկամների հակավրացական կամ հակաաբխազական տրամադրությունների առկայությամբ: Բացի այդ, անպայման ճշտվում են, թե հայերի հայ բարեկամները ինչ մասնակցություն են ունեցել Աբխազիայի եւ Վրաստանի բախումներին:
Եթե չկան բարեկամներ ու մոտ հարազատներ, վրացական իրավապահները հետաքրքրվում են բարեկամների բարեկամներով: Եվ սա բնավ էլ զավեշտ չէ: Ու թերեւս պատահական չէին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե վրացական իշխանությունները հայերին մեղադրում են աբխազական եւ հարավօսական հակամարտություններում ի շահ իրենց անկախ հռչակած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդես գալու մեջ: Մյուս կողմից, ինչպե՞ս ընդունել պետական սահմանի խախտման մասին Վրաստանի քրեական օրենսգրքի 344 հոդվածի որոշ մասերի ժամանակային առումով ընտրովի կիրառությունը ՀՀ քաղաքացիների հանդեպ, եթե ոչ հենց աբխազական եւ հարավօսական «ճակատներում» Վրաստանի` հաղթանակ տոնելու տրամադրություններով:
Այս ամենով, սակայն, սահմանապահ ոստիկանության ձերբակալած հայաստանցիների «ոդիսականը» չի ավարտվում: Երբ դատական կարգով խափանման միջոցը դառնում է գրավը, ՀՀ քաղաքացիները մնում են առանց անձնագրի, քանի որ անձնագիրը հիմնական մեղադրական փաստաթուղթն է: Իսկ մինչ դատարանը կքննի գործը եւ որոշում կկայացնի, կարող են անցնել շաբաթներ: Այդ ընթացքում Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցողի համար նոր եւ առավել «հետաքրքրական» ոդիսական է սկսվում:
Ո՞ւր կգնաս առանց անձնագրի: Թերեւս կարելի է Վրաստանում Հայաստանի դեսպանատնից վերադարձի վկայական ստանալ ու հասնել Հայաստան: Ի դեպ, հարեւան երկրում ներկայացված դեսպանատունը եզակի օղակներից է, ուր դիմում են նման իրավիճակներում հայտնվածներն ու որոշակի օգնություն են ստանում: Բայց ի՞նչ անել հետո: Չ՞է որ երբ վրացական արդարադատության դատական ատյանները սկսեն գործի քննությունը, պետք է ներկա լինել, այսինքն` նորից գալ Վրաստան: Ու չնայած դատարաններն արդեն իսկ նշանակված գրավը համապատասխան որոշմամբ փոխում են տուգանքի, եւ դա էլ վրաց պետության ընդառաջ քայլն է ՀՀ քաղաքացիներին, ինչպես այդ մասին «Ազգի» հետ զրույցում նշել էր Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն, իրավիճակը դրանից չի թեթեւանում: Նման հայտարարության հիմքն էլ այն է, որ վրացական քրեական օրենսգրքի համաձայն, մեկ անգամից ավելի կամ խմբով սահմանը խախտելու դեպքում գործում է 3-5 տարի ազատազրկման պատիժը եւ ոչ թե միայն տուգանք:
Լավ, եթե մեր պատմության «հերոսը» գնաց Հայաստան, ինչպե՞ս կրկին հատի հայ-վրացական սահմանը եւ մասնակցի սեփական դատին, երբ չունի անձնագիր: Եթե չի ցանկանում ունենալ այսքան խնդիրներ, պիտի մինչեւ դատը մնա Վրաստանում: Իսկ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, որտե՞ղ: Սա էլ բարդագույն խնդիր է, երբ, ըստ էության, մնացել ես առանց որեւէ միջոցի, քանի որ ունեցածդ դարձել է գրավ` չգիտես ո՞ւմ մեղքով, բայց չգործած հանցանքի համար:
Իսկ ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները: Այդ առնչությամբ ավելի լավ արտահայտվեց զրուցակիցներիցս մեկը, որ, ի թիվս մյուսների, չցանկացավ իր անունը հրապարակված տեսնել. «Հայաստանում իշխանություն չկա, անտերություն է»: Ամենաուղղակի գնահատական է, խոսք չկա: