Անցած շաբաթ հայ խորհրդարանականներն առաջին անգամ պաշտոնական այցով գտնվում էին Չեխիայի Սենատում: Դա փաստորեն նրանց պատասխան այցն էր Պրահա, իրենց չեխ գործընկերներին, որոնք հունիս ամսին արդեն եղել էին Հայաստանում` չեխական Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռոստիսլավ Սլավոտենիկի գլխավորությամբ:
Չեխիայի Սենատում սեպտեմբերի 18-20-ի եռօրյա հանդիպումներին մասնակցում էր Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը նախագահ Արմեն Ռուստամյանի ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում էին նաեւ Մանվել Բադեյանը, Արամայիս Գրիգորյանը եւ Ռուզաննա Համբարձումյանը: Հայ խորհրդարանականները հանդիպումներ ունեցան ոչ միայն Սենատի իրենց գործընկերների, այլեւ Չեխիայի արտգործնախարարի տեղակալի հետ:
Հիշեցնենք, որ դեռ երեւանյան հանդիպումներում քննարկվել էին ոչ միայն երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, այլեւ Հայոց ցեղասպանության խնդիրը Չեխիայի Սենատում բարձրացնելու հարցը: Այն ժամանակ սենատոր Յարոմիր Շտետինան հույս հայտնեց, որ թերեւս աշնանը Չեխիայի Սենատում կբարձրացնի այդ հարցը: Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակըՙ հարցիս ի պատասխան սենատորը տեղեկացրեց, թե նկատի ունենալով, որ նոր են ավարտվել խորհրդարանական ընտրությունները եւ հոկտեմբերի 30-ին սպասվում է Չեխիայի Սենատի 1/3-ի փոփոխություն, նպատակահարմար է գտնում այդ խնդիրը տեղափոխել ավելի ուշ` միգուցե հաջորդ տարվա առաջին կեսը: Այդ ընթացքում պետք է աշխատանքները շարունակվեն, որպեսզի ավելի մեծ թվով սենատորներ աջակցեն այս խնդրին: Ըստ սենատորի, իր գործընկերներից շատերը հարց են տալիս` թե ինչո՞ւ պետք է Չեխիան հենց հայերի ցեղասպանությունը ճանաչի եւ ոչ թե մի այլ ժողովրդի, կամ մտավախություն ունեն, որ դրա ճանաչումից հետո հայերը կբարձրացնեն իրենց հողերի հարցը: Ի դեպ, նման հարցադրումներով մամուլում արդեն իսկ հանդես էր եկել չեխական պատվիրակության անդամ սենատորներից մեկը, որին ոչ Հայաստան կատարած այցն էր օգնել հասկանալու խնդրի էությունը, ոչ էլ ցեղասպանության թանգարանում տեսածը: Այլ խոսքով, ըստ պարոն Շտետինայի, պետք է բոլոր հակափաստարկներին պատասխաններ գտնել, լավ պատրաստվել հարցի բազմակողմանի մոտեցմանը եւ ներկայացնել սենատորների քննարկմանը: Նա հիշեցրեց, որ այս տարվա ապրիլին արդեն իսկ Չեխիայի Սենատում մեծ գիտաժողով է կազմակերպել նախկին նախագահ Վացլավ Հավելի բարձր հովանավորությամբ:
Ինչպես մեզ փոխանցեց սենատոր Շտետինան, հայ պատգամավորների հետ Պրահայում քննարկված հարցերի լայն շրջանակը ներառել է նաեւ Ղարաբաղի խնդիրը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններն ու Թուրքիայի Եվրոմիության անդամակցության հարցը: Վերջին խնդրում կողմերը միակարծիք են եղել, որ դեմ չեն Թուրքիայի Եվրոմիության անդամակցությանը, միայն թե դա լինի երկարատեւ ընթացք, մինչեւ որ վերջինս համապատասխանի եվրոպական չափանիշներին: Ավելին, Հայաստանի սահմանը կլինի ոչ թե Թուրքիայի, այլ Եվրոմիության հետ:
Ամեն դեպքում Թուրքիան պետք է ինքնամաքրվի եւ ճշմարտության աչքերով նայի պատմությանը, ինչպես դա ժամանակին արեց Գերմանիան, ասաց մեր զրույցի վերջում սենատոր Շտետինան:
Իսկ Ղարաբաղի խնդրում սենատորը համոզված է, որ միայն դիվանագիտական ճանապարհով կարող է լուծվել այդ հարցը: Ըստ նրա, չորս տարի առաջ լինելով Ղարաբաղում, նա մի անգամ եւս համոզվել է, որ Ադրբեջանը պատերազմով այն չի կարող նվաճել, քանի որ Ղարաբաղը իսկական ամրոց է, որն անհնար է գրավել:
Ավելացնենք, որ երեկ Չեխիայի խորհրդարանի ինֆորմացիոն սրահում տեղի ունեցավ Անդրկովկասի երկրների եւ Եվրոմիության հարեւանության ծրագրին նվիրված բանավեճ-սեմինար, որում Հայաստանը ներկայացնում էր քաղաքագետ-վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը: Նա մասնավորապես անդրադարձավ տարածաշրջանի հակամարտություններին եւ Եվրոպական միության հետ հոկտեմբեր ամսին ստորագրվող գործողությունների ծրագրին: Իսկ Սենատի մի այլ դահլիճում անցկացվեց Եվրոպական միության ժողովրդավարացմանը նվիրված միջազգային խորհրդաժողով, որին նույնպես մասնակցում է հայ քաղաքագետը:
ՀԱԿՈԲ ԱՍՄԱՏՐՅԱՆ, Պրահա