«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2006-09-21 | #181, 2006-09-23 | #182, 2006-09-26


ՆՈՐ ՕՐԻՆԱԳԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ Է ԴԱՐՁԵԼ

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկման կդրվի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում): «Ջի ընդ Այ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Արթուր Գրիգորյանը կարծում է, որ եթե նախագիծը նույնությամբ ընդունվիՙ հետագա իրացումների ընթացքում պարարտ հող կստեղծվի նոր կամայականությունների համար: «Նախագծում հանրային գերակա շահ է համարվում քաղաքաշինական ծրագիրը, այսինքնՙ եթե Երեւանի քաղաքապետը որեւէ մեկին տալիս է ճարտարապետական առաջադրանք, ուրեմնՙ վերջ, այն դառնում է հանրային գերակա շահ, ինչը թույլ է տալիս պետական կարիքների համար վերցնել մարդկանց սեփականությունը: Դա հենց այն է, ինչի մասին առ այսօր խոսում էինք, ինչից այսքան ժամանակ բողոքում էին Հյուսիսային ու Գլխավոր պողոտաների բնակիչները: Տեղի էր ունենում ոչ թե նրանց հողամասերի փոխհատուցում, այլ սեփականության վերաբաշխում, եւ այդ ամենը կատարվում էր անթաքույց: Նույն կամայականությունները շարունակելու համար, հասկանալի է, որ հարկավոր է այդ ամենը օրենսդրորեն ամրագրել», ասում է Գրիգորյանը:

Նախագծի վտանգավոր մյուս կետը նա համարում է այն, որ օրենքի կարգավորման շրջանակները որոշելիս հատուկ նշված է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն տարածվում է պետական գրանցում ստացած անշարժ գույքը վերցնելու դեպքերի վրա: «Այսինքնՙ եթե որեւէ գույք գրանցված չէ կադաստրում, իրենք պիտի նույն չափանիշներով ղեկավարվեն: Եթե գույքը քաղաքացուն չի պատկանում, հեշտ ու հանգիստ կարող են պարտավորեցնել, որպեսզի ինքն ազատի այդ անշարժ գույքը, թեկուզ բնակության այլ վայր չունենա:

Նախագծից բերված այս 2 օրինակները կարող են բավարար պատկերացում ստեղծել, թե մոտավորապես ի՞նչ տեղի կունենա օրենքն ընդունելուց հետո», ասում է փաստաբանը:

Լինելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձագիտական խմբի անդամ, նա մասնակցել է պաշտպանի մոտ հրավիրված հիշյալ նախագծի քննարկումներինՙ առաջարկելով հաշվի առնել նշյալ 2 դիտարկումները: «Որքան ինձ հայտնի է, արդարադատության նախարարությունը դրանք համարել է անընդունելի, իսկ դա նշանակում է, որ այդ հարցերը չեն ներկայացվելու Ազգային ժողով:

Որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների գծով մասնագետ, կարծում եմ, որ ամենակարեւոր կետերն այդ երկուսն են: Եթե դրանք նույն ձեւով ընդունվեն, նշանակում է նախկինում կատարված բոլոր ապօրինությունները շարունակվելու են: Փաստորեն, օրենքով փորձ է արվում քաղաքաշինական ծրագրի իրականացումը հավասարեցնել հանրային գերակա շահին: Կներեք, բայց ամեն ինչ շատ ցինիկ է արվում, ու չեմ կարծում, որ դրական հետեւանքներ կունենա Հայաստանի հեղինակության համար: Իրականում դրան կհաջորդեն քաղաքացիների զանգվածային բողոքների աճն ու Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գործերի քանակի ավելացումըՙ համապատասխան հետեւանքներով: Երբ պետական բյուջեն կսկսի այդ գումարները հատուցել, երեւի թե այդ ժամանակ մեր պետական այրերը կամաց-կամաց կհասկանան, որ աշխարհը իրենցով չի սահմանափակվում»:

Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի բնակիչներից գանձված 10 տոկոս եկամտահարկը վերադարձնելու կառավարության որոշումը ոչ թե ինքնաբուխ էր, այլ պայմանավորված էր Ստրասբուրգում կուտակված գործերով: Ի տարբերություն այլ գործերի, սեփականության հետ կապված բողոքների հանդեպ եվրոպական դատարանը ցուցաբերում է փոքր-ինչ այլ մոտեցումՙ տվյալ պետությանը հնարավորություն տալով շտկելու թույլ տված խախտումները: «Եթե այդ գործերից թեկուզ մեկով Եվրոդատարանում խախտում արձանագրվի, մանավանդ եթե այդ խախտումը կապված լինի ոչ թե կոնկրետ սեփականատիրոջն անհամաչափ փոխհատուցելու, այլ հանրային գերակա շահի բացակայության հետՙ այդ վճիռը նախադեպ կդառնա Հայաստանից ուղարկված բոլոր գործերի համար: Այսինքն, դրանով իսկ եվրոպական դատարանը նախադեպ կունենա այլ գործերով Հայաստանի դեմ վճիռներ կայացնելու համար, ինչը գլոբալ նշանակություն կունենա:

Մեզանում չեն դիտարկվում բոլոր այն չափանիշները, որոնք միջազգային իրավունքի համաձայն հիմք են հանդիսանում սեփականության անձեռնմխելիության համար: Երբեւէ որեւէ չափանիշի չեն անդրադարձել, այլ հետապնդել են միայն մեկ նպատակ եւ այդ ոգով շարունակել: Այսինքն մի քանի հոգի այստեղ բիզնես են անում ազգաբնակչության հաշվին, մի քանի հոգի որոշել են դառնալ Հայաստանի ամենահարուստ մարդիկ, դուրս գալ միջազգային ասպարեզ ու բնակչությանն ընչազուրկ դարձնելով համեմատվել Մ. Նահանգների եւ Եվրոպայի մեծահարուստների հետ: Դա անընդունելի է որեւէ գիտակից հասարակության մեջ ու դատապարտելի է միջազգային հանրության կողմից: Համոզված եմ, որ սա ժամանակի խնդիր է ու ժամանակը միշտ իրենց օգտին չի աշխատելու: Ի վերջո, ոչինչ անհետ չի կորչելու»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4