Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 4-րդ շրջանի մեկնարկային տուրում կենտրոնականը «Բանանցի» եւ «Արարատի» մրցավեճն էր: Նախորդ տուրում «Բանանցը» ոչ-ոքի էր ավարտել հանդիպումն առաջնության հետնապահ «Ուլիսի» հետ, իսկ ահա «Արարատը» շարունակելով հաղթարշավը, չափազանց կարեւոր հաղթանակ էր տոնել «Միկայի» նկատմամբ: Նշենք նաեւ, որ 3-րդ շրջանում «Արարատը» խոշոր` 3-0 հաշվով պարտության էր մատնել «Բանանցին»: Այս ամենը հաշվի առնելով, թվում էր, թե հաջողությունն այս անգամ էլ կուղեկցի «Արարատին»: Սակայն այս անգամ արարատցիները հանդիպեցին «Բանանցի» ֆուտբոլիստների համառ դիմադրությանը: Ավելին, մրցակիցը մարտականորեն էր տրամադրվել կարեւոր հանդիպմանը եւ շատ ագրեսիվ ու նպատակասլաց անցկացրեց խաղը: Իսկ ահա «Արարատի» խաղն այս անգամ չստացվեց: «Փյունիկի» եւ «Միկայի» հետ ծանր մրցախաղերից հետո զգացվում էր, որ արարատցիները չէին հասցրել լրիվ վերականգնել ուժերը: Դրան գումարվեց նաեւ պաշտպանությունում ոչ հստակ խաղը, ինչի արդյունքում արդեն առաջին խաղակեսում «Արարատը» մրցակցին զիջում էր 0-2 հաշվով:
Ինչպես հետխաղյա մամուլի ասուլիսում նշեց «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, տղաներին առաջին խաղակեսում առաջադրանք էր տվել դիմագրավել մրցակցի գրոհներին: Իսկ 2-րդ խաղակեսում արդեն արարատցիները պետք է դիմեին վճռական գործողությունների: Այդ իսկ պատճառով պահեստայինների նստարանին էին թողել բրազիլացի Մարկոսին, որն «Արարատի» հարձակման գծում այսօր Նշան Էրզրումյանի հետ հզոր երկյակ է կազմում: Ինչ խոսք, Մարկոսի բացակայությունը զգացնել տվեց: Նշան Էրզրումյանը միայնակ չէր կարող ճեղքել հակառակորդի զանգվածային պաշտպանությունը:
«Բանանցը» շատ հաջող էր խաղում հարձակման գծում: 16-րդ րոպեին գրոհին միացած Կարեն Սիմոնյանը դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Հինգ րոպե անց արարատցիները կրկին անփույթ խաղացին եւ «Բանանցի» երեք հարձակվողները հայտնվեցին մեկ պաշտպանի ու դարպասապահի դիմաց: Փորձելով կանխել Մուրադյանի փոխանցումը, Հարությունյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Մարկոսը զգալիորեն աշխուժացրեց «Արարատի» հարձակման գիծը: Երկու անգամ նրա վտանգավոր հարվածներից հետո հիանալի խաղաց «Բանանցի» դարպասապահ Ռադաջան` հետ մղելով գնդակը: Իսկ ահա «Բանանցը» հաջող հակագրոհների շնորհիվ 3-րդ գոլը խփեց, որի հեղինակն Արամ Հակոբյանն էր: Նա կարող էր նաեւ 4-րդ գոլը խփել, սակայն 11 մ հարվածը հետ մղեց «Արարատի» դարպասապահ Էդիկ Երիցյանը: Միայն խաղի վերջին րոպեին Նշան Էրզրումյանին վերջապես հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը` 1-3:
«Միկան» կրկին թանկարժեք միավորներ կորցրեց` այս անգամ սեփական հարկի տակ չկարողանալով հաղթել «Շիրակին»: Ավելին, այդ խաղում «Միկան» հայտնվել էր հետապնդողի դերում, երբ 60-րդ րոպեին շիրակցի Արա Մկրտչյանը բացել էր հաշիվը: Եվ միայն 10 րոպե անց Արտյոմ Ադամյանին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Գոլառատ էր «Կիլիկիայի» եւ «Ուլիսի» մրցավեճը, որում կիլիկիացիները հաղթեցին 6-2 հաշվով: «Կիլիկիայից» 2-ական գնդակ խփեցին Սարգիս Մովսիսյանն ու Արամ Հակոբյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Վահագն Բաղոյանն ու Լեւոն Ղասաբօղլյանը: «Ուլիսից» 2 գոլերն էլ իր օգտին գրանցեց Արթուր Մինասյանը: Երկրի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվել էր «Գանձասարին»: Հանդիպման ելքը հօգուտ «Փյունիկի» վճռեց թիմի ռմբարկու Արսեն Ավետիսյանի խաղասկզբում խփած միակ գոլը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 22 | 18 | 3 | 1 | 61-16 | 57 |
2. Բանանց | 22 | 15 | 2 | 5 | 51-20 | 47 |
3. Միկա | 22 | 12 | 5 | 5 | 34-18 | 41 |
4. Արարատ | 22 | 11 | 4 | 7 | 38-30 | 37 |
5.Գանձասար | 22 | 6 | 3 | 13 | 22-47 | 21 |
6. Կիլիկիա | 22 | 5 | 4 | 13 | 32-50 | 19 |
7. Շիրակ | 22 | 3 | 7 | 12 | 14-46 | 16 |
8 Ուլիս | 22 | 3 | 2 | 17 | 20-45 | 11 |
Ռմբարկուները
Նշան Էրզրումյան | «Արարատ» | 18 |
Արամ Հակոբյան | «Բանանց» | 18 |
Արսեն Ավետիսյան | «Փյունիկ» | 13 |
Արմեն Շահգելդյան | «Միկա» | 12 |
Արթուր Քոչարյան | «Գանձասար» | 12 |
Սարգիս Մովսիսյան | «Կիլիկիա» | 11 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ