«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2006-09-21 | #181, 2006-09-23 | #182, 2006-09-26


ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՆՊԱՍՏԵՑ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Հայտնի դարձան թենիսի Դեւիսի գավաթի եզրափակիչի մասնակիցները: Վճռորոշ խաղում պատվավոր մրցանակը կվիճարկեն Ռուսաստանի եւ Արգենտինայի հավաքականները: Ռուսաստանցի թենիսիստները դժվարին մրցապայքարում պարտության մատնեցին ԱՄՆ-ի հավաքականին: Առաջին օրը կայացած երկու մենախաղերից հետո ռուսները մրցաշարը շահում էին 2-0 հաշվով. Յուժնին հաղթել էր Բլեյքին (7-5, 1-6, 6-1, 7-5), Սաֆինն էլ առավելության հասավ Ռոդիկի նկատմամբ (6-4, 6-3, 7-6): Հաջորդ օրը կայացած զուգախաղում ամերիկացիները կրճատեցին հաշվի տարբերությունը: Բրայան եղբայրները պարտության մատնեցին Յուժնի-Տուրսունով զույգին: Մրցումների վերջին օրն ամեն ինչ վճռվեց Տուրսունովի եւ Ռոդիկի մրցավեճում: Ռուս թենիսիստը հաղթելով մրցակցին ( 6-3, 6-4, 5-7, 3-6, 17-15), չափազանց դժվարին մրցախաղում ապահովեց իր թիմի վերջնական հաղթանակը` 3-1: Եվ արդեն վերջին հանդիպումը Սաֆինի եւ Բլեյքի միջեւ արդեն ձեւական բնույթ էր կրում, որում հաղթեց ամերիկացի թենիսիստը:

Կիսաեզրափակիչի մյուս խաղում արգենտինացիները վստահ հաղթանակ տոնեցին ավստրալացիների նկատմամբ (5-0): Այդ հաջողությունում իր ներդրումն ունեցավ Դավիթ Նալբանդյանը, որը մենախաղում հաղթեց Ֆիլիպուսիսին (6-4, 6-3, 6-3), իսկ զուգախաղում ընկերակցելով Կալյերիի հետ` առավելության հասավ Արթուրս- Հենլի զույգի նկատմամբ ( 6-4, 6-4, 7-5): Նշենք, որ Արգենտինայի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ մտավ Դեւիսի գավաթի եզրափակիչ: Առաջին անգամ դա նրանց հաջողվել էր 1981 թ.: Այն ժամանակ եզրափակիչում արգենտինացիները 1-3 հաշվով զիջել էին ԱՄՆ-ի ընտրանուն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4