«Ազգի» ընթերցողները տեղյակ են Վրաստանում Հայաստանի որոշ քաղաքացիների ձերբակալությունների պատմությանն ու դրանց հետեւանքներին, մասնավորապես Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելած հայաստանցիներին պետական սահմանի խախտման մեղադրանքով ձերբակալելու եւ հսկայական տուգանքներ նշանակելու մասին: Մի շարք դիմումների եւ մեր հրապարակումների հիման վրա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նամակով դիմել է վրաց իր գործընկեր Սոզար Սուբարիին` խնդրելով ցուցաբերել հնարավոր իրավաբանական պաշտպանություն եւ աջակցություն:
Տեղեկացնենք, որ Թբիլիսիում «Ազգի» հետ ոչ պաշտոնական զրույցում Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարին իր դիրքորոշումը ներկայացնելիս նշել է, որ տվյալ դեպքում խախտվում է վրացական օրենսդրությունը, ինչը պատժելի արարք է: Իսկ ինչ վերաբերում է նման պարագայում Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելությունների բացառմանը, ապա պրն Սուբարին դա եւս համարում է նորմալ, քանի որ, ըստ նրա, Աբխազիայում եւ Ցխինվալում իշխում են քրեածին ուժեր, որոնք լեգալ չեն:
Ա. Հ.