«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԻ ՆՈՐ ՊԱՏՈՒՀԱՆ

Կասկածում է հանրապետության նախագահի խորհրդականը

Վերջերս Սինգապուրում Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կազմակերպած տարեկան գագաթաժողովին մասնակցած հանրապետության նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը երեկ Մամուլի ազգային ակումբում հայտնեց, որ գագաթաժողովին մասնակից 190 երկրների ներկայացուցիչները հիմնականում քննարկել են կաշառակերության հիմնախնդիրը եւ փորձել են ստեղծել հաղթահարելու միասնական մոդել: Արդյունքում ստեղծվել է հայեցակարգ, որում ի թիվս այլ հարցերի քննարկվում է կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ մարմին ստեղծելու հարցը: Նախագահի գլխավոր խորհրդականը դրա առնչությամբ ասաց, որ բարդ է մարմնի դիզայնի, ձեւի ճշտումը: Նա մտավախություն հայտնեց, որ կաշառակերության դեմ պայքարող մարմինը կարող է դառնալ կոռուպցիայի մի նոր պատուհան եւ ոչ թե դրա դեմ պայքարող մարմին: Այս համատեքստում նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը կարեւորեց անհատների պաշտպանվածության հարցը կարգավորելու անհրաժեշտությունը թե՛ օրենքով եւ թե՛ տնտեսական լծակներով, քանի որ, նրա համոզմամբ, սա է կաշառակերությունը հաղթահարելու ելքը:

Նախագահի խորհրդականը խորհուրդ տվեց Դաշնակցություն կուսակցությանն իր գործով զբաղվել, երբ նրան ասացին, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար նման մարմին ստեղծելու առաջարկի մասին բարձրաձայնել է Դաշնակցությունը: Վահրամ Ներսիսյանցը Դաշնակցությանը խորհուրդ տվեց ազատական ուժերի փեշից բռնելու փոխարեն վերադառնալ իր արմատներին, ազատականներին հակակշիռ լինելու համար շարունակել դավանել 1890 թ. որդեգրած սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը:

Երկրի ղեկավարի տնտեսական գծով խորհրդականից հետաքրքրվեցինք հարկային եկամուտների ցածր մակարդակով: Նա ընդունեց, որ հարկային եւ մաքսային դաշտում խնդիրներ կան, բայց եւ անմիջապես հավելեց, թե խնդիրը ոչ թե քաղաքականության մեջ է, այլ վարչարարության: Ուշագրավ է, որ Ներսիսյանցը հանելուկ որակեց այն, որ մի քանի տասնյակ բիզնես ունեցող քաղաքական գործիչներ խոշոր հարկատուների ցուցակում չեն հայտնվում: Հանելուկը լուծելու իրենց օգնությունն իհարկե առաջարկեցին լրագրողները:

Հարցին, թե ինչո՞ւ մամուլի մատնանշած կաշառակեր գործիչների եւ նրանց բիզնեսի նկատմամբ որեւէ բան չի ձեռնարկվում, Վահրամ Ներսիսյանցը պատասխանեց, թե այդ նյութերը նախագահը հանձնում է դատախազին, այլ կերպ ասած` նման հարցերը փորձում են լուծել օրենքով: Իսկ թե ինչու արդյունքը չի երեւում, դժվար չէ գուշակելը, բայց մի բանում նախագահի խորհրդականը համոզված է, որ նման դեպքերում Սաակաշվիլու թեւ ոլորելու մոտեցումը թեեւ արդյունավետ էր անմիջապես, բայց այնուամենայնիվ կենսունակ չէր:

Դոլարի արժեզրկման եւ հայրենի դրամի այսպես ասած արժեւորման վերաբերյալ տնտեսական գծով խորհրդականը հայտարարեց, որ տնտեսության աճի պարագայում դա նորմալ է, խնդիրը դրանք առանց ցնցումների կազմակերպելն է: Կենտրոնական բանկի (ԿԲ) քաղաքականությունը արդարացնելուց, ավելին` այն ճիշտ եւ մեր տնտեսական քաղաքականությանը համահունչ համարելուց հետո Վահրամ Ներսիսյանցը նշեց, որ դրամ-դոլար այս զավեշտը զսպելու համար ԿԲ-ն եւ առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարությունը ծրագիր են իրականացնում եւ արդեն թողարկել են արժեթղթեր: Մեր երկրի տնտեսության մեջ եղած մյուս անհամաձայնությունների եւ անհասկանալի դրսեւորումների համար խորհրդական Ներսիսյանցը նշեց. «Տնտեսությունը ճշգրիտ գիտություն չէ: Այն կախված է հոգեբանական եւ միջազգային երեւույթներից»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4