Ղարաբաղն էլ բնավ երեւակայական վայր չէ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ արտգործնախարարը քննարկել է ստեղծված իրավիճակը, այն էՙ Փարիզի հանդիպումից հետո Նյու Յորքում նախարարների հանդիպման խոսք եղել է, բայց մեր տարածաշրջանի հակամարտությունները ՄԱԿ-ում քննարկելու ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) առաջարկը փոխել է իրավիճակը եւ հանդիպումը հայկական կողմի առաջարկով հանվել է: Ընդ որում, Վարդան Օսկանյանի բացատրությամբ, հայկական կողմը ոչ թե խուսափում է հանդիպումից, այլ ՄԱԿ-ում նոր զարգացումները իմաստազրկում են տվյալ պահին նախարարների հանդիպումը:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Օսկանյանն անդրադարձել է նաեւ Ղարաբաղի առնչությամբ ադրբեջանական գնահատականներին, իբրեւ Հայաստանի ստեղծած միֆ ու առասպելՙ Ղարաբաղի պատմական անցյալի եւ տնտեսական նվաճումների մասին: Օսկանյանի խոսքերով, Ղարաբաղը երեւակայական վայր չէ, միջազգային հանրությունը գնում է Ղարաբաղ եւ կարող է տեսնել, թե ինչպիսին է իրավիճակն այնտեղ: Այս իրականությանը հակադրվելու Ադրբեջանի փորձերն անտեղի են:
Ինչ վերաբերում է բանակցությունների ներկա փուլին, ապա Վարդան Օսկանյանը ՄԱԿ-ի իր ելույթում հաստատել է Հայաստանի համաձայնությունը քննարկվող սկզբունքներին, մինչդեռ, ըստ Օսկանյանի, «Ադրբեջանը ոչ բացահայտ, տողատակում անընդհատ ցույց է տալիս, որ փորձ է անում հետ կանգնել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել առ այսօր, եւ սա է հիմնական մտահոգությունը»: Ավելին, Օսկանյանի գնահատմամբ, Ադրբեջանի ներկա պահվածքը միտված է վիժեցնելու Մինսկի գործընթացը, եւ Հայաստանի խնդիրն այն է, որ «Ադրբեջանը փորձում է գործընթացը վիժեցնել Հայաստանի ձեռքով»:
Վարդան Օսկանյանը հաստատել է փաստաթղթում հանրաքվեի գոյությունը, որից ադրբեջանական կողմը տարբեր կերպ փորձում է հրաժարվել: Ինչ վերաբերում է Օսկանյան-Մամեդյարով հաջորդ հանդիպմանը, ապա մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հեռախոսազրույցներ կլինեն, չի բացառվում տարածաշրջան համանախագահների այցելությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների վերսկսումն ինչպես նախարարների, այնպես էլ նախագահների մակարդակով: Իսկ թե նախագահների հանդիպում կլինի՞ հոկտեմբերին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին, Օսկանյանը պարզաբանում է. «Մինչեւ նախարարների հանդիպում չլինի, չենք կարող խոսել նախագահների հնարավոր հանդիպման մասին»:
Ա. Հ.