«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2006-09-26 | #183, 2006-09-27 | #184, 2006-09-28


«ՀԱՅ ՖԵՍՏԸ» ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ Է ԲԵՐՈՒՄ ԲԵՄԱԿԱՆ ԱՎԱՆԳԱՐԴԸ

2003-ին «Հայ ֆեստ» փառատոնի հանդիսատեսների մեծ մասը ոգեւորությամբ չընդունեց դրսից բերված ներկայացումները: 4-րդ թատերական փառատոնին նրանք ավելի ըմբռնումով պիտի դիտեն ամենահին արվեստի նորօրյա դրսեւորումները, երբ արտիստի «թեւերից կամ ոտքերից ձայն է գալիս» եւ այլն: Կազմակերպիչների նման համոզմունքը երեկ տիկնիկային թատրոնի սրահում լրագրողներին փոխանցեցին «Հայ ֆեստի» կազմակերպիչները: «Հայ ֆեստ»-ին ֆինանսական աջակցություն են ցույց տալիս վարչապետը եւ պաշտպանության նախարարը: Փառատոնի կազմակերպիչների համար պակաս ցանկալի չէ նաեւ մշակույթի նախարարության աջակցությունը, որին նրանք սպասում են արդեն մյուս փառատոնի ժամանակ: Մինչ այդ, այս տարի հոկտեմբերի 4-ից սկսյալ Հայաստանի թատրոնների բեմերում հայ հանդիսատեսին են ներկայանալու 50 թատերախումբ աշխարհի տարբեր երկրներից: «Հայ ֆեստ»-ի շրջանակներում կկազմակերպվի նաեւ տիկնիկային եւ մանկական թատրոնի միջազգային փառատոն: «Ազգի» հարցին ի պատասխան փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ իրենք թատերական ներկայացումների թեմատիկ կողմին այնքան էլ ուշադրություն չեն դարձրել, որքան բազմաժանրությանը, թատերախմբերի փոքրաքանակ լինելուն եւ ... գնին: Փառատոնը նոմինացիա կամ մրցանակաբաշխություն չունի, սակայն հավակնում է նպաստել Հայաստանում մշակութային քաղաքականության եւ արտմենեջմենթի ոլորտի զարգացմանը: Կազմակերպվելու են նաեւ վարպետության դասընթացներ հայ ուսանողների համար:

Հատկանշական է, որ տեղական թատերախմբերից միայն 20-ն են մասնակցելու «Հայ ֆեստ»-ին, եւ դրանցից քչերն են, որ հանդես կգան հատուկ փառատոնի համար պատրաստած ներկայացումներով: Թե ինչու են փառատոնին անհաղորդ Գյումրին եւ Վանաձորը, կազմակերպիչները չկարողացան պատասխանել:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4