«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2006-09-26 | #183, 2006-09-27 | #184, 2006-09-28


ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՄԱՐԴԸ ԵՎ ՆՐԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Խմբագրությունը խորին շնորհակալությամբ ստացել է տիկին Աստղիկ Չամքերթենի հեղինակած «Գալուստ Սարգիս Գյուլբենկյան: Մարդը եւ նրա ձեռքբերումները» գեղեցիկ եւ բարձրաճաշակ տպագրությամբ անգլերեն պատկերազարդ գիրքը, որը Լիսաբոնում հրատարակել է «Գալուստ Գյուլբենկյան» հաստատության հայկական համայնքներ բաժինը ֆրանսերեն բնագրի հիման վրա:

Վաթսունչորս էջանոց գիրքը բաղկացած է երեք մասերից` «Մարդը» (մի քանի կենսագրական ծանոթագրություններ, «Անձնավորությունը», «Պրն հինգ տոկոսը», «Հավաքորդը», «Հայը» ենթախորագրերով), «Գալուստ Գյուլբենկյան» հաստատությունը» եւ «Հայկական համայնքները»:

Շատ քչերին է երեւի հայտնի, որ իր արմատներով Գալուստ Գյուլբենկյանը սերում է, ըստ պատմաբան Գեւորգ Բամբուկյանի, 4-րդ դարի ականավոր մի հայ ընտանիքից: Նրա նախնիները Ռշտունյաց արքայորդիներ են եղել, որոնք ֆեոդալական կալվածքներ են ունեցել Վանա լճի հարավային հատվածներում: 11-րդ դարում Վասպուրականի Սենեքերիմ թագավորի իշխանության օրոք այդ արքայորդիները իրենց ընտանիքներով հաստատվել են Կեսարիայում, որտեղ ստանձնել են Վարդ Պատրիկ բյուզանդական ազնվական տոհմանունը: Միայն 17-րդ դարում, օսմանցիների կողմից այդ տոհմանունը թուրքականացվելով դարձել է Գյուլբենկյան:

Գալուստը ծնվել է 1869-ին Սկյուտարում, կեսարացի հարուստ վաճառականի ընտանիքում: 1892-ին Լոնդոնում ամուսնացել է Նվարդ Եսայանի հետ, որը նրան պարգեւել է 2 զավակ` Նուբար Սարգիսը, որը ծնվել է 1896-ին Քադըքոյում (Ստամբուլի մոտ) եւ մահացել Կաննում` 1972-ին, եւ Ռիտա Սիրվարդը, որը ծնվել է Լոնդոնում 1900-ին, հետագայում ամուսնացել Գեւորգ Եսայանի հետ: Նրանց որդին` Միքայելը այժմ հաստատության հոգաբարձուների վարչության անդամ է եւ վերահսկում է հաստատության բրիտանական-իռլանդական գործունեությունը: Գալուստի 2 եղբայրներից մեկը` Վահանը ամուսնացել է ֆրանսուհու հետ եւ ունեցել 3 զավակ` Ջորջ, Անդրե եւ Ռոբերտո: Գալուստը նախ սովորել է Արամյան Ունջյան վարժարանում (Քադըքոյում) եւ ապա Սեն Ժոզեֆ (Սբ. Հովսեփ) ֆրանսիական դպրոցում, որից հետո նա ճարտարագիտություն մասնագիտությամբ ավարտել է (1887-ին) Լոնդոնի Քինգզ քոլեջը: Նա իր կյանքի առաջին մասը անցկացրել է Միջին Արեւելքում, իսկ վերջին մասը` արեւմտյան երկրներում` Լոնդոնում (1897-1920), որտեղ քաղաքացիություն է ձեռք բերել 1902-ին, Փարիզում (1920-1940) եւ Լիսաբոնում (1942-1955):

Նավթի եւ ֆինանսների ոլորտներում ունեցած նշանակալի ազդեցությունների շնորհիվ Գյուլբենկյանը նաեւ մեծ դեր է խաղացել այդ երկրների քաղաքականության մեջ: Նշանակվել է (1898-ին) տնտեսական գծով խորհրդական Օսմանյան կայսրության Փարիզի եւ Լոնդոնի դեսպանատներում: Այնուհետեւ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Փարիզումՙ Պարսկաստանի առեւտրական եւ դիվանագիտական ներկայացուցիչ: Իսկ Պողոս Նուբար փաշայի մահվանից հետո (1930) նա ստանձնել է Կահիրեում հիմնադրված ՀԲԸՄ-ի ղեկավարությունը:

«Հիանալի անձնավորություն էր` պայծառ, աշխույժ, եռանդուն: Միջահասակ էր եւ գերազանց անգլերեն էր խոսում», գրել է նրա մասին Վիլյամ Սարոյանը: Նրա նշանաբաններից մեկը եղել է` «Ամեն ինչում միայն լավագույնը ինձ համար»: Առանձին հիշատակման արժանի է նրա նավթային գործունեությունը, որը նրան արժանացրել է «Պրն հինգ տոկոս» տիտղոսին: Ունեցել է խորհրդավորության հասնող գեղագիտական ճաշակ եւ ըմբռնում, որի հետեւանքով ձեռք է բերել արվեստի եզակի նմուշներ եւ տեր դարձել աշխարհի ամենահարուստ անձնական հավաքածուին: Մահվանից 14 տարի անց իրականանում է նրա վերջին ցանկությունը, բացվում է (Լիսաբոնում) նրա անունը կրող թանգարանը, որն այժմ աշխարհի լավագույններից մեկն է համարվում:

Համաշխարհային համբավի տիրացած մեծահարուստը երբեք չի մոռացել իր արմատները: Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի եւ Հորդանանի հայկական գաղութներում առատաձեռն նվիրատվություններով բարելավել է դպրոցներն ու առողջապահական կենտրոնները: Նրա միջոցներով առ այսօր սփյուռքահայ հազարավոր պատանիներ ու երիտասարդներ ստացել եւ ստանում են միջնակարգ եւ բարձրագույն կրթություն, հազարավոր գրքեր են հրատարակվել: Երուսաղեմի պատրիարքարանի, Ստամբուլի Սբ. Փրկիչ հիվանդանոցի եւ էջմիածնի մայր տաճարի վերանորոգումների համար մենք պարտական ենք նրան: Նաեւ Երեւանի շրջակայքում Նուբարաշեն եւ Նոր Կեսարիա ավանների շինարարության համար:

Այս եւ բազմաթիվ այլ հետաքրքրական մանրամասնություններով համեմված գրքույկը հարուստ է գունավոր լուսանկարներով:

«Գալուստ Գյուլբենկյան» հաստատությունն այսօր էլ շարունակում է իր ազգանվեր գործունեությունը, խթանելով հայագիտական, ակադեմիական ուսումնասիրությունների հրատարակումները:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4