Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) ուսուցիչներին աջակցելու բարի նախաձեռնությունը երկարամյա պատմություն ունի: Շուրջ մեկ տասնամյակ ԹՄՄ Ամերիկայի եւ Կանադայի մասնաճյուղերի ջանքերով հավաքվում են հանգանակություններ եւ տրվում Հայաստանի Վահան Թեքեյանի անունը կրող չորս դպրոցների մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կոլեկտիվներին: Առհասարակ ԹՄՄ աշխարհասփյուռ մասնաճյուղերն իրենց ծրագրերով պարբերաբար աջակցում են Հայաստանին:
«Աշխարհի 46 երկրներում Թեքեյան մշակութային միությունն ունի մասնաճյուղեր եւ կառույցներ, որոնք ազգապահպան գործունեություն են ծավալում` կրթելով ազգասեր սերունդ: Ընդհանրապես ԹՄՄ-ն կոչված է այդ ազգահաճո գործունեությունն իրականացնելու», ասում է Հայաստանի ԹՄՄ վարչության անդամ Գայանե Մուրադյանը, որն ամենայն հոգածությամբ յուրաքանչյուր տարի հիշյալ դպրոցների ուսուցիչներին է հանձնում միության հանգանակությունը:
ԹՄՄ Ամերիկայի եւ Կանադայի մասնաճյուղերի օժանդակությունը ստացավ նաեւ Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 դպրոցի մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կոլեկտիվը: Կարիք չկա ներկայացնելու այսօրվա մանկավարժի սոցիալական վիճակն ու նման աջակցությունների առաջացրած խանդավառությունը: 948 աշակերտ ունեցող դպրոցում աշխատում են 73 մանկավարժներ եւ 20 օժանդակ մասի աշխատակիցներ, ովքեր ամերիկահայ հայտնի մտավորական, գրականագետ, ԹՄՄ կենտրոնական վարչության փոխնախագահ Երվանդ Ազատյանի ներկայությամբ ստացան իրենց գումարները: Երվանդ Ազատյանը, որ յուրաքանչյուր տարի նաեւ այս առիթով է լինում Հայաստանում, շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին իրենց շնորհակալ աշխատանքի համար:
Դպրոցի տնօրեն Անտոն Փիլոյանը շնորհակալություն հայտնեց ԹՄՄ-ին` նշելով, որ նրանց ամենամյա աջակցությունը բավական թեթեւացնում է ուսուցիչների հոգսը: Ուսուցիչներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին` նշելով, որ իրենք միշտ սպասում են այդ օգնությանը: «Սակայն կարեւորը դա չէ: Սա ոչ միայն ֆինանսական օգնություն է, այլեւ գնահատանք եւ խթան: Դու զգում ես, որ քեզ, քո գործը գնահատում են, ուշադրության կենտրոնում ես», ասաց դպրոցի փոխտնօրեն, ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Սարգսյանը: Ամսական միջինը 36 հազար դրամ աշխատավարձ ստացող մանկավարժները նշեցին, որ թեեւ դպրոցները պետության ուշադրության կենտրոնում են, բայց այնուամենայնիվ դժվարությունները շատ են, իսկ գումարն էլ հազիվ հերիքում է կոմունալ վարձերի մուծմանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ