Վերջին շրջանում հայկական մամուլը մտահոգություն է արտահայտում այն կապակցությամբ, որ Հայաստանը դիվանագիտական եւ քարոզչական պարտություններ է կրում միջազգային ասպարեզում: Ինձ համար դժվար է դատողություններ անել այդ մակարդակով, սակայն կարող եմ ասել, որ Ռուսաստանի լրատվական դաշտում, հատկապես քարոզչական իմաստով, առավելությունը մեր կողմը չէ:
Առիթներ են եղել գրելու, որ ռուսաստանյան առաջատար որոշ հրատարակություններ արդեն տեւական ժամանակ անմիջականորեն ինֆորմացիա չեն ստանում Երեւանից, իսկ եթե ստանում էլ են, ապա գերազանցապես ընդդիմադիր ուժերից, որոնք, եթե չասենք ամեն ինչ մռայլ են ներկայացնում, ապա չեն տեսնում ոչինչ մխիթարական: Հիշյալ հրատարակությունները Հայաստանի վերաբերյալ սեփական նյութերում եւս տարբեր քաղաքական կամ էթնիկական նկատառումներով դրսեւորում են բացասական վերաբերմունք:
Դրա փոխարեն Բաքուն այստեղ բավականին ակտիվորեն տարփողում է իր մոտեցումներն ու հայացքները Ադրբեջանին հուզող խնդիրների շուրջը եւ ժամանակ առ ժամանակ տալիս է նաեւ... Հայաստանի ներքաղաքական իրադրության պատկերը: Ի վերջո չպետք է մոռանալ, որ Ռուսաստանում բնակվում է մոտ 20 միլիոն մուսուլման, որոնց ներկայացուցիչները ազդեցիկ դիրքեր են գրավում երկրի իշխանական մարմիններում եւ կարելի է ենթադրել, թե ում կողմն է այդ հանրության համակրանքը:
Ահա եւ ադրբեջանցի լրագրողներն, օրինակ, իրազեկում են, որ Իլհամ Ալիեւը ինտենսիվորեն ընդլայնում է քարոզչական արշավը Իսլամական կոնֆերանս կազմակերպության շրջանակներում, խնդիր դնելով բարձրացնել երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում եւ ստանալ իսլամական պետությունների աջակցությունը հատկապես Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործում: Այդ նպատակով Ադրբեջանը Բաքվում կազմակերպում է զանազան միջոցառումներ այդ կազմակերպության շրջանակներում եւ ցույց տալով արեւելյան պերճ հյուրասիրություն, փորձում է նրանց պարտադրել իր քարոզչական մոտեցումները: Ընդսմին կարեւոր չէ, թե ինչ բնույթի են այդ համադավանանքային հանդիպումները: Տուրիզմին նվիրված կոնֆերանսի ժամանակ, օրինակ, Ալիեւը այդ թեման շոշափում է հպանցիկ եւ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում է Ադրբեջանի եւ իսլամական աշխարհի մերձեցման ուղղությամբ առաջինի ռազմավարական կողմնորոշիչների վրա: Հայտարարելով, որ աշխարհի թեժ կետերում տեղի ունեցող գործընթացների վրա մուսուլմանական երկրների համերաշխությունն ու միասնությունը կարող են զգալի ազդեցություն ունենալ, նա հույս է հայտնում, որ այդ հանգամանքը կուժեղացնի իր երկրի դիրքերը:
Անշուշտ, չի կարելի ասել, թե բոլոր մուսուլմանական երկրները «խորապես» մտահոգվում են Ադրբեջանի բախտով: Արաբներն, ասենք, երեւի թուրքերին չեն սիրում նույնքան, որքան մենք: Բայց նույն կազմակերպության ներքո, չառանձնանալու համար, շատերը փորձում են չհակադրվել ընդհանուր միտումին, մանավանդ երբ տվյալ հարցը հեռու է իրենց շահերից: Արդյունքում, ի լուր ռուսաց լրատարածքի, ադրբեջանցի լրագրողները գոհունակությամբ են ազդարարում, որ Ալիեւի այդ քաղաքականությունը լրիվ արդարացնում է իրեն, եւ վերջին շրջանում գերազանցապես իսլամական պետությունների ջանքերի շնորհիվ հաջողվեց ՄԱԿ-ում անցկացնել «ադրբեջանանպաստ» բանաձեւեր: Ինչը մենք պարտություն ենք համարում:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա