Դատավորների աշխատավարձը կգերազանցի 1000 դոլարը, իսկ թոշակառուների թոշակըՙ 13 հազար դրամը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2007 թ.-ին ծրագրվում է 2,9 տրիլիոն դրամի համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) եւ այս տարվա համեմատ 9 տոկոս աճ: Ներկայացնելով կառավարության հաստատած եւ Ազգային ժողովի քննարկմանն ուղարկված բյուջեի նախագիծը, երեկ այս մասին հայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը: Գնաճը տարեվերջին պետք է չգերազանցի 4 տոկոսը, իսկ դոլար-դրամ հաշվարկային փոխարժեքը նախատեսվում է սահմանել 1 դոլարը 357 դրամ:
Բյուջեի ընդհանուր եկամուտները 2007 թ.-ին կկազմեն 489,5 մլրդ դրամ: Դա կհամապատասխանի ՀՆԱ 16,8 տոկոսին: Միայն հարկային եկամուտները նախատեսված են 458,9 մլրդ դրամ, որը կկազմի ՀՆԱ 15,7 տոկոս: Անդրադառնալով ՀՆԱ-հարկեր հարաբերակցությանը, որն, ինչպես հայտնի է, բնորոշում է երկրի տնտեսության ստվերայնության աստիճանը, Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ այս տարեվերջին այդ ցուցանիշը կլինի 15,3 տոկոս: Դա, ըստ նրա, նշանակում է, որ եկող տարի կիրականանա այս ցուցանիշիՙ աղքատության հաղթահարման ծրագրով նախատեսված տարեկան 0,4 տոկոս աճը: Գումարային առումով այս տարվա հարկային մուտքերը սպասվում են 378 մլրդ դրամ: Փաստորեն, եկող տարի հարկային մուտքերը պետք է ավելանան ավելի քան 80 մլրդ դրամով:
Փոխնախարարի կարծիքով, հարկային եւ մաքսային ծառայությունները նախատեսված մուտքերն ավելացնելու համար արդեն այժմվանից պետք է մտածեն իրենց ռեսուրսները մոբիլիզացնելու մասին: Առավել եւս, որ վարչարարության բարելավման շնորհիվ պետք է հավաքվի բավականին պատկառելի գումարՙ ընդհանուր հարկային մուտքերի 10 տոկոսը, որը գումարային առումով կազմում է մոտ 45 մլրդ դրամ:
Ծախսերը կկազմեն 557,8 մլրդ դրամ, որը ՀՆԱ 19,1 տոկոսն է լինելու: Այս տարվա ծախսերը կազմում են 482 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ եկող տարի բյուջետային ծախսերը կավելանան մոտ 75 մլրդ դրամով: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 68,4 մլրդ դրամ կամ ՀՆԱ 2,3 տոկոսը: Դեֆիցիտի մեծ մասըՙ 41 մլրդ դրամը ծածկվելու է Համաշխարհային բանկի վարկերի շնորհիվ, 8,5 մլրդ դրամըՙ արժեթղթերից ստացված եկամուտների, 19 մլրդ դրամըՙ սեփականաշնորհման գումարների հաշվին: Վերջինիս առնչությամբ Պավել Սաֆարյանը հավելեց, որ դրանք արդեն սեփականաշնորհված ձեռնարկություններից ստացված գումարներն են, որոնք այսօր նստած են կառավարության հաշվեհամարին:
75 մլրդ դրամով ավելացված բյուջետային ծախսերի գերակշիռ մասըՙ 35 մլրդ դրամն ուղղվելու է ուժային կառույցներին, իսկ միայն 26 մլրդ դրամըՙ պաշտպանությանը: Եկող տարի պաշտպանության ծախսերը կկազմեն մոտ 100 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ 3,5 տոկոսը: 27,8 մլրդ դրամը կուղղվի սոցիալական, առողջապահության, կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին, 3,3 մլրդ դրամը որպես դոտացիա համայնքներին եւ այլն: Կապիտալ ծախսերից 13 մլրդ դրամը կուղղվի ճանապարհների նորոգմանը, 12 մլրդ դրամըՙ դպրոցների:
Սոցիալական ծախսերին անդրադառնալով, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարը նախ հայտնեց, որ նվազագույն աշխատավարձի չափն է վերանայվել եւ այս տարվա 15 հազար դրամի փոխարեն կկազմի 20 հազար դրամ: Պետական ապարատի աշխատակիցների միջին աշխատավարձը կկազմի 120 հազար դրամ այս տարվա 117 հազար դրամի փոխարեն, իսկ միայն քաղծառայողների աշխատավարձերը եկող տարի զգալիորեն կավելանանՙ ներկայիս 83 հազար դրամ միջին աշխատավարձի փոխարեն կազմելով 104 հազար դրամ: Դատավորների աշխատավարձերի կտրուկ բարձրացում է նախատեսվումՙ 337 հազար դրամից մինչեւ 371 հազար դրամ: Փաստորեն, մեր «արդարադատ» դատավորները 2007 թ.-ին կստանան ավելի քան 1000 դոլար աշխատավարձ, ինչը սակայն ամենեւին էլ չի նշանակում, որ նրանց կոռումպացվածությունը կնվազի, եւ ինչպես արտահայտվեց Պավել Սաֆարյանը, նրանք հազար դոլար ավելի քիչ կաշառք կվերցնեն: Դատախազների աշխատավարձերի էական ավելացում չի սպասվումՙ 116 հազար դրամից նրանց միջին աշխատավարձը կդառնա 119 հազար դրամ: Տեխնիկական սպասարկող անձնակազմի միջին աշխատավարձը ներկայիս 47 հազար դրամից կավելանա մինչեւ 57 հազար դրամի:
Ուսուցիչների աշխատավարձերը նույնպես կբարձրանան: Այսպես կոչված միջին հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի համար կկազմի 74 հազար դրամ, որն այս տարի 58 հազար դրամ է: Դպրոցների վարչական աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կբարձրանա 16 հազար դրամով եւ կկազմի 76 հազար դրամ: Գիտությանը նախատեսվում է հատկացնել 5,5 մլրդ դրամ այս տարվա 5,1 մլրդ դրամի փոխարեն: Փոխնախարարի պարզաբանումն այստեղ այն էր, որ գիտության ոլորտում եկող տարի պետք է կառուցվածքային բարեփոխումներ լինեն, եւ քանի դեռ չկա վերջնականապես որոշված հայեցակարգ, ծախսերն այստեղ ավելացվել են բյուջեի եկամուտներին համարժեք չափով: Այդուհանդերձ, գիտական հիմնարկների աշխատավարձերի բազային աշխատավարձը կբարձրանա եւ ներկայիս 28 հազար դրամի փոխարեն կդառնա 44 հազար դրամ: Սակայն սա միայն բազային աշխատավարձն է, եւ գիտնականների մի մասը ստանում է նաեւ թեմատիկ ֆինանսավորում:
Առողջապահության եւ մշակույթի ոլորտներում նույնպես միջին հաշվարկային աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում: Հիվանդանոցների դեպքում բուժանձնակազմի համար 38,7 հազար դրամից այն կդառնա 42,6 հազար դրամ: Պետպատվերի շրջանակներում մեկ հիվանդի բուժման ծախսը 9 հազար դրամից կդառնա 10 հազար 200 դրամ: Ինչ մնում է առաջնային բուժօգնությանը, այսինքն պոլիկլինիկաներին, ապա միայն այս ոլորտ ուղղվելու է 2,4 մլրդ դրամ: Մշակույթի ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը նույնպես որոշակիորեն կավելանանՙ 28,5 հազար դրամից դառնալով 34,6 հազար դրամ:
Սոցիալական ոլորտին կուղղվի 26,5 մլրդ դրամՙ այս տարվա 24,3 մլրդ դրամի դիմաց: Ընտանեկան նպաստի միջին չափը կավելանա եւ 15 հազար դրամի փոխարեն կկազմի 17 հազար 600 դրամ: Միաժամանակ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը 132 հազարից կնվազի 125 հազարի:
Եվ վերջապես ամենաանպաշտպան խավիՙ թոշակառուների թոշակների մասին: Ինչպես հայտնի է, ներկայումս բազային թոշակին գումարվում է աշխատանքային տարիների դիմաց ստացվող գումարը: Միջին կենսաթոշակն այժմ կազմում է 11 հազար 800 դրամ: Աշխատանքային յուրաքանչյուր տարվա համար տրվող գումարը կազմում է 180 դրամ, որը եկող տարի կավելանա եւ կկազմի 230 դրամ: Համապատասխանաբար միջին կենսաթոշակը կկազմի 13 հազար 800 դրամ, որն, այդուհանդերձ, 19 հազար դրամ կազմող աղքատության սահմանագծից ավելի ցածր է մնում: