«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2006-09-27 | #184, 2006-09-28 | #185, 2006-09-29


ՄՈՑԱՐՏԻ ՕՊԵՐԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԴԱՆԱՅԱՆ ՏԱԿԱՌ

Մոցարտի օպերան բանավեճի դանայան տակառ

Սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Բեռլինի օպերայի կառավարիչ Քիրստեն Հարմսը խաղացանկից հանել է Մոցարտի «Իդոմենեո» բեմադրությունըՙ կրոնական հնարավոր բախումներից խուսափելով: 1781-ին ստեղծված օպերան, որի առաջնախաղը նույն թատրոնում կայացել է 2003-ին, միշտ է ուղեկցվել աղմուկով: Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի եւ լիբրետտոյի հեղինակ Ջիամբատտիստա Ֆարեսկոյիՙ կրոնի հանդեպ հաշվեհարդար համարվող այս ստեղծագործությունը առիթ է տվել բեմադրիչ Հանս Նոյենֆելսին ներկայացման վերջին տեսարանն այժմեականացնել: Օպերան պատմում է Տրոյական պատերազմից վերադարձած Իդոմենեո արքայի մասին, ով ըմբոստանում է Պոսեյդոն աստծո բռնակալության դեմ: Կրետայիՙ նավաբեկությունից փրկված թագավորը ծովերի աստված Պոսեյդոնին պիտի զոհաբերեր իրեն առաջինը հանդիպած մարդուն: Իդոմենեոնին առաջինը իր միակ որդինՙ Իդամանթեն է ընդառաջ գալիս: Բեմադրիչն «օգտագործում» է առիթըՙ քննադատությունն ուղղելով աշխարհի կրոններին: Վերջին տեսարանում բեռլինյան բեմում 4 սպիտակ աթոռներին արքան ոչ միայն Պոսեյդոնի, այլեւ Հիսուսի, Բուդդայի, Մուհամմեդի արյունոտ գլուխներն է դնում:

Մոցարտի օպերան մարդու ինքնորոշման պաշտպանական արմատական ճառ է, կարծիք է հայտնում բեմադրիչը: Աստվածների հանդեպ պարտականության եւ մարդկանց հանդեպ հավատարմության դաժան չափազանցության հասցված բախումը կոմպոզիտորին ու լիբրետտոյի հեղինակին, բեմադրիչին, թատրոնի տնօրենությանը 21-րդ դարի քաղաքական բանավեճի բեմահարթակ են բերել:

Սեպտեմբերի 27-ի գերմանական մամուլի առաջին էջերը ողողված էին թատրոնի տնօրենության դեմ կոշտ քննադատական արձագանքներովՙ որոշումը նկատելով որպես արվեստի, ազատ խոսքի նահանջ:

Խոսքն իրականում ոչ թե տեղի ունեցած ահաբեկչական գործողության, այլ դրա, այսպես ասած, հնարավորության մասին է: Ոստիկանության մի ներկայացուցիչ, ով պարզապես ներկա է եղել օպերայի պրեմիերային, կարծիք է հայտնել, թե ներկայացումը կրոնական տարբեր համայնքների կրքերը կբորբոքի: Բեռլինի սենատոր Էհրհարտ Քյորտինգն էլ «հուշել» է, թե բեմադրությունը կարելի է խաղացանկից հանել: Երկրամասային քրեական վարչությունը եզրակացրել էր, թե բացառված չէ վտանգավոր իրադրության հնարավորությունը: Գերմանական բեմական միությունը քննադատել էր անվտանգությունն ապահովող մարմիններինՙ ասելովՙ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխարեն խորհուրդ են տալիս հանել բեմադրությունը: Բեռլինի օպերայի կառավարչին քննադատողները չեն հանդուրժում այն, որ անվտանգությունը հսկող մարմինների օգնությանը դիմելու փոխարեն կառավարիչը որոշում է ընդունել նոյեմբերյան խաղացանկից հանել 4 ներկայացումներըՙ փոխարինելով դրանք «Տրավիատայով»:

Տիկին Հարմսը փորձագետ չէ, եւ չի կարող վտանգավորության իրական աստիճանը չափել, կարծիք է հայտնել թատրոնի աշխատակիցներից մեկը:

«Հատկապես հիմաՙ Հռոմի պապի հայտարարությունից հետո, բեմադրությունը կարող է կրոնական անհանդուրժողականության մթնոլորտը շիկացնել», համոզված հակադարձում է Բեռլինի օպերայի կառավարիչ Հարմսը: 2003-ին արդեն, երբ օպերան բեռլինյան բեմ բարձրացավ, հանդիսատեսն այն միանշանակ չընդունեց, բողոքներ եղան: «2003-ին ոչ մի բողոք մահմեդականների կողմից չեմ լսել», ասում է բեմադրությանՙ բանավեճ ակնկալող հեղինակըՙ զարմացած պարզաբանելով, թեՙ ոչ իսլամը, ոչ էլ մյուս կրոնները դատելու հավակնություն չունեն: «Զյուդդոյչե ցայտունգին» բեմադրիչ Նոյենֆելսն ասել է, թե գլխավոր կերպարըՙ Իդոմենեո արքան իր համար չեղյալ է հայտարարել կրոնը եւ իր նախաէությունը գտել:

Օպերայի շուրջն ակտիվ բանավեճը երրորդ օրն է արդեն «պարտադրել» է նաեւ երկրի առաջին դեմքերին խոսափողին մոտենալ:

«Դի վելթ» պարբերականում նույնիսկ հրատարակչի ստորագրությամբ հոդվածի ենք հանդիպում, ինչը սակավադեպ երեւույթ է:

Վախի պատճառով ինքնագրաքննությունը հանդուրժելի չէ», գերմանական մամուլին ասել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Գերմանիայի մահմեդականների կենտրոնական խորհրդի գլխավոր քարտուղար Այման Մազյեկը պաշտպանել է Մերկելի դիրքորոշումը: Ազատ կարծիքի, ազատ արվեստի արդյունքում կարող են վիրավորվել նաեւ կրոնական զգացումները, հանդուրժողականության կոչ է արել գլխավոր քարտուղարը:

Բավարիայի ներքին գործերի նախարար Քրիստոնյա սոցիալիստական կուսակցության անդամ Գյունտեր Բեքշտայնն էլ «Ֆրանկֆուրտեր ռունդշաուին» փոխանցել է, թե կրոնական փոքրամասնության զգացումների նկատմամբ ուշադրությունը չպիտի սահմանափակի ազատ կարծիքն ու արվեստի ազատությունը:

Ազատ խոսքի ժողովրդավարական մշակույթը վտանգված է, կարծիք է հայտնում մշակույթի պետնախարար Քրիստոնյա դեմոկրատական միության անդամ Բերնդ Նոյմաննը:

Մոցարտի օպերայի շուրջը բորբոքված բանավեճին զուգահեռ սեպտեմբերի 27-ին Բեռլինում Գերմանիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Շոյբլեի հրավերով գումարվեց իսլամական կոնֆերանսըՙ Գերմանիայի մահմեդականության ներկայացուցիչների եւ պետական պաշտոնյաների մասնակցությամբ: Ինտեգրացիային վերաբերող խնդրի հետ կոնֆերանսը նպատակ էր հետապնդում երկարատեւ բանավեճ սկսել հիմնականՙ պետության եւ կրոնի փոխհարաբերության հարցի շուրջը:

ԳԴՀ ներքին գործերի նախարար Շոյբլեն եւ Բեռլինի մշակույթի սենատոր Թոմաս Ֆլիիրլը հորդորել են ամենասեղմ ժամկետներում «Իդոմենեոն» վերականգնել խաղացանկում: Իսլամական կոնֆերանսն էլ ողջունել է որոշումը, փոխանցում է նախարար Շոյբլենՙ հավելելով, թե պայմանավորվել են ներկայացումներից մեկին միասնաբար ներկա լինել:

Բեռլինի ՔԴՄ-ն քննադատել է Քյորտինգին ասելով, թե նա է խուճապը մեծացրել եւ Բեռլինի օպերայի կառավարչին վախենալու առիթ տվել: Ազատ դեմոկրատական կուսակցությունը ի դեմս Գուիդո Վեստերվելլեի հայտարարել է, թե քաղաքական պատասխանատվությունն անշուշտ Քյորտինգը եւ անվտանգության պաշտոնյաներն են կրում, օպերայի կառավարիչը քավության նոխազ չպիտի դառնա:

Իրենց հասցեին հնչած քննադատությանը հավանություն չի տալիս Բեռլինի ոստիկանությունը: Խոսնակն ասել է, թե օպերայի տնօրենությանը հստակ հաղորդել են, որ պատրաստակամ են խոսել անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ եւ նրանց տրամադրության տակ են:

Բեմադրությունը չներկայացնելը կվիրավորի մահմեդականներին, ձեւակերպել է Էսսենի թուրքագիտության կենտրոնի ղեկավար Ֆարուք Շենըՙ «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթում:

Բեռլինն ուզում է այս բեմադրությունն իր բեմում տեսնել, ասել է ձախերի կուսակցությունը ներկայացնող Թոմաս Ֆլիիրլը: Նախաձեռնությանը իսլամական միությունների հետ մեկտեղ իրենց նպաստը պիտի բերեն նաեւ եկեղեցական կառույցները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4