«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2006-09-28 | #185, 2006-09-29 | #186, 2006-09-30


ՌԵՎԱԶ ԳԱՉԵՉԻԼԱՁԵ. «ՊԵՏՔ ՉԷ ԳՆԱԼ ՍՈՒԽՈՒՄ ԿԱՄ ՑԽԻՆՎԱԼ, ԵԹԵ ՉԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԵՏՈ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»

Աբխազիա կամ Հարավային Օսիա այցելած ՀՀ քաղաքացիների Վրաստանում ձերբակալությունների մասին «Ազգի» հրապարակումների առնչությամբ Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն տրամադրեց հետեւյալ պարզաբանումները: Վրաստանի իրավապահ մարմինների տեղեկացմամբ, այս տարվա հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը ներառյալ Վրաստանում պետական սահմանի անօրինական անցման համար ձերբակալվել են 76 օտարերկրացի եւ Վրաստանի 67 քաղաքացի:

Օտարերկրացիներից 48-ը Ռուսաստանի, 6-ը` Թուրքիայի, 4-ը Ադրբեջանի, երկուական` Իրանի եւ Ուզբեկստանի, մեկական` Հնդկաստանի, Պակիստանի եւ Ալժիրի, 11-ը Հայաստանի քաղաքացիներ են, որոնցից 4-ը վարորդներ էին, որ օրինական անցել էին, այսպես կոչված, Հարավային Օսիայի սահմանը, ուստի նրանց ազատել են, տուգանքներն էլ վերադարձվել են: Մնացել են ՀՀ 7 քաղաքացիներ: «Ուզում եմ հստակորեն նշել, որ սա միայն ՀՀ քաղաքացիներին չի վերաբերում: Ուղղակի այս ամենը վերջին ժամանակներում ընդգծվեց, քանի որ փակվեց Լարսի անցակետը, ինչն ավելի ցավոտ եղավ Հայաստանի, քան թե Վրաստանի համար», նշեց Վրաստանի դեսպանը:

Պրն Գաչեչիլաձեն ամեն դեպքում իր մտահոգությունը հայտնեց ՀՀ քաղաքացիների նման իրավիճակի առնչությամբ: Անգամ ձերբակալվածներից մեկի պարագայում, որ հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամ, Վրաստանի դեսպանը հատուկ դիմել է հյուպատոսական հաստատություն` հնարավորինս ընդառաջելու առաջարկով, բայց դա բացառություն է: Մյուսների դեպքում ոչ մի բացառություն չի արվի, այլապես նման կերպ պետք է վարվել բոլոր օտարերկրացիների հետ: Ինչպես եւ «Ազգին» տեղեկացրել էր պրն Գաչեչիլաձեն օրեր առաջ, վրաց իշխանությունը բացառություն է արել` հնարավորություն ընձեռելով Շառլ Ազնավուրի համերգի համար Հայաստան բերված հատուկ տեխնիկան անցկացնել Ռոկիի անօրինական անցակետով:

Վրաստանի դեսպանի համոզմամբ, Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը օբյեկտիվ է գնահատում այս իրավիճակը եւ համարժեք է վերաբերվում իրադրությանը:

«Ազգի» դիտարկմանը, թե մարդկանց իրազեկելու հարցում թերացումներ կան, եւ դա կարող էր չանտեսվել, Ռեւազ Գաչեչիլաձեն եւս մեկ անգամ մեր հրապարակման միջոցով իր զգուշացումն ուղղեց Հայաստանի քաղաքացիներին, որ Վրաստան մուտքը պետք է լինի միայն օրինական անցակետերով. Լարսը, որ հիմա փակ է, Թբիլիսիի, Բաթումի եւ Քութայիսի օդանավակայանները, Բաթումի եւ Փոթիի նավահանգիստները: Ինչ վերաբերում է Աբխազիա մուտքին, ապա դեսպանի մոտեցումը միանշանակ է. «Աբխազիայում դիտավորությամբ մարդկանց անձնագրերում կնիք են դնում, ինչը անօրինական է, դա սահմանի անօրինական անցում է: Պետք չէ գնալ Սուխում կամ Ցխինվալ, եթե չես ցանկանում հետո խնդիրներ ունենալ վրացական իշխանությունների հետ»: Ի դեպ, ըստ էության Աբխազիա եւ Ցխինվալ մուտքի արգելքի նման մոտեցումն ընդունվել է դեռեւս 1996 թ.-ին ԱՊՀ գագաթաժողովում:

Իսկ թե ինչ կարող են անել ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին ժամանակներս եղել են Սուխումում կամ Ցխինվալում, Վրաստանի դեսպանը հիշատակեց Սոչիում Ա-320-ի աղետից հետո ՀՀ որոշ քաղաքացիների Վրաստանի տարածքով Աբխազիա անցնելու թույլատրումը: Այդ քաղաքացիների պարագայում չի գործում Վրաստանի քրեական օրենսգրքի սահման խախտելու մասին հոդվածը: Իսկ նրանց առնչությամբ, ովքեր վերջին տարիներին այցելել են Սուխում եւ Ցխինվալ, տվյալ փուլում մնում է ուղղակի չմտնել Վրաստան:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիներից ներկա պահին միայն 7-ի ձերբակալությունն այնքան էլ չի հակասում «Ազգի» տեղեկություններին, թե հայերը կազմում են մի քանի տասնյակ, քանի որ նույն Վրաստանի, նաեւ Ռուսաստանի քաղաքացիների դեպքում քաղաքացիությունը Հայաստանի չէ, սակայն ձերբակալվածները մեծ հավանականությամբ կարող են հայ լինել: Ասվածի տրամաբանությունն այն է, որ շատ ու շատ փոքր թվով վրացիներ են այցելում Աբխազիա, իսկ Աբխազիա այցելած Ռուսաստանի քաղաքացիներից քչերն են հետո հայտնվում Վրաստանում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4