«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2006-09-28 | #185, 2006-09-29 | #186, 2006-09-30


ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը բավականին լայն նախաձեռնություններ են վերցրել ԼՂՀ-ի եւ ընդհանրապես հայության նկատմամբ: Նրանց գործունեության կիզակետում է գտնվում Արցախը, եւ ես նույնիսկ կառանձնացնեի հատկապես մեր հանրապետության կրթական, մարզական, մշակութային եւ երիտասարդական համակարգերը», լրագրողների, հանրակրթարանների տնօրենների ու լավագույն դպրոցական շարադրությունների հեղինակ դպրոցականների ներկայությամբ այս համոզմունքն է հայտնել ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը: Իսկ այդ հանդիպման առիթը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության մեկ տարի առաջ հայտարարածՙ «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» թեմայով շարադրության մրցույթում հաղթողներին մրցանակներ հանձնելն էր:

Կ. Աթայանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 17-ին Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում, անձամբ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը մրցանակները հանձնել է, սակայն արցախցի դպրոցականները հանգամանքների բերումով չեն կարողացել մասնակցել այդ արարողությանը, եւ իրեն առաջարկվել է հանդիսավոր պայմաններում դրանք հանձնել Ստեփանակերտում:

Շարադրությունների միջազգային մրցույթին մասնակցած 25 արցախցի դպրոցականներից 7 հոգու ստեղծագործությունները տարբեր անվանակարգերում արժանացել են մրցանակի, իսկ նրանցից մեկըՙ Ասկերանի շրջանի Խնածախի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Առաքելյանը, նվաճել է գլխավոր մրցանակը: Վկայագրի հետ շնորհաշատ աշակերտուհին պարգեւատրվել է նաեւ անձնական համակարգիչով, որը նույնպես հանձնվեց նրան: Մրցանակակիրներից չորսը Խնածախի միջնակարգ դպրոցից են, եւ մրցանակների հանձնման արարողությանը ներկա նրանց ուսուցչուհինՙ Նելլի Սահակյանը չկարողացավ թաքցնել իր անափ հպարտությունը: «Աստեղային ժամ է իմ դպրոցի, իմ աշակերտների եւ ինձ համար: Ես շնորհակալություն եմ հայտնում մրցույթը կազմակերպողներին եւ ԿՄՍ նախարարինՙ նման հնարավորություն ընձեռելու համար: Դա ձեր ու մեր համատեղ հաղթանակն է: Դա Արցախի հաղթանակն է», իր հուզմունքն այսպես ձեւակերպեց ուսուցչուհին:

ԿՄՍ նախարարը հույս հայտնեց, որ արցախցի դպրոցականներն այս տարվա մրցույթին եւս մեծ ակտիվություն ու շնորհք կցուցաբերեն: Օգտվելով առիթից, ԼՂՀ կրթական գերատեսչության ղեկավարը համակարգի բոլոր աշխատողների անունից շնորհակալություն հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության ղեկավարությանըՙ Արցախի նկատմամբ որդեգրած հոգատար վերաբերմունքի համար: Ըստ Կ. Աթայանի, նրանցից այսօրվա դրությամբ ստացվել է 80 համակարգիչ, արդեն դպրոցներում ստեղծվել է մեկուկես տասնյակից ավելի համակարգչային կաբինետ: Առհասարակ, ԼՂՀ հանրակրթարաններում շատ է կարեւորվում համակարգիչների դերը, եւ ի վկայումն Կ. Աթայանը փաստեց, որ յուրաքանչյուր 25 դպրոցականի հասնում է մեկ համակարգիչ, ինչը եռակի գերազանցող ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համեմատ:

ԿՄՍ նախարարի հավաստմամբ, վերջերս ԼՂՀ-ում գտնվող ՌՀՄ պատվիրակության հետ կոնկրետ ծրագրեր են քննարկվել, որոնք վերաբերում են հանրապետության կրթական ու մարզական ոլորտներին: Մասնավորապես լուրջ ծրագրեր կանՙ կապված Շուշիի հետ: Ռուսաստանաբնակ, եւ ոչ միայն, մեր հայրենակիցների ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ Արցախի պետհամալսարանի կառուցվող մարզահամալիրը, նորաստեղծ արհեստագործական ուսումնարանը եւ, անշուշտ, գյուղական դպրոցները, որտեղ եւս այցելել են ՌՀՄ պատվիրակության անդամները:

«Այս տարվանից լուրջ բովանդակային համագործակցություն է սկսվում Արցախի կրթական համակարգի եւ Ռուսաստանի հայերի միության միջեւ: Եթե մինչ այդ նրանց գործունեությունն Արցախում սահմանափակվում էր ուսումնական հաստատություններին համակարգիչներ տրամադրելով, այժմ արդեն զարգանալու է 3 ուղղությամբՙ հանրակրթական, արհեստագործական եւ բուհական կրթության ասպարեզներում: Ծրագրերն արդեն ուրվագծված են»,ասաց Կամո Աթայանը:

ԼՂՀ-ում գտնվելու օրերին Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հաբեթ Թափալցյանը մի ուշագրավ հրապարակային միտք է արտահայտել: Ելույթ ունենալով Արցախի հանրային հեռուստատեսությամբ, նա ասել է, որ ժամանակն է բարեգործությունները փոխարինել համագործակցությամբ: Իրոք, այսօր զուտ նվիրատվությունները, անկախ դրանց չափից ու մակարդակից, ԼՂՀ-ում զարգացման ծրագրերի իրականացման համար այլեւս օժանդակիչ անհրաժեշտություն չեն: Դրսում ապրող ամեն մի հայ, որը մտադիր է օգնության ձեռք մեկնել Արցախին, պետք է առաջնահերթ խնդիրը տեսնի ուղղակի համագործակցության մեջՙ իր նախընտրած ոլորտում գործընկերներ գտնելով հենց Ղարաբաղում: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի ելակետային այս մոտեցումը, կարծում ենք, խիստ ընդօրինակելի է:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4