«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2006-09-28 | #185, 2006-09-29 | #186, 2006-09-30


ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԻՆ

Քչերիս հայտնի Հիլդա Գրիգորյանի ճակատագիրը նման է գրեթե բոլոր հայերի ճակատագրին: Նախնիները 1915 թ.-ի ապրիլյան ջարդերից հետո եկել են Արեւելյան Հայաստան, 3 տարի ապրելուց հետո տեղափոխվում են Պարսկաստան, որտեղ ծնվում է Հիլդան, այստեղից էլ մեկնում են եւ երկար դեգերումներից հետո վերջապես հաստատվում հայերի համար հարազատ դարձած ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Աշխատելով Միջազգային կանանց բիզնես ֆորումում որպես խորհրդատու եւ տարիներ ի վեր աշխատելով Աֆղանստանում, այնուհետեւ ջանք չի խնայում իր լուման ներդնել Հայաստանում: 2002 թ.-ից իր անհատական օգնությունն է ցուցաբերում Հայաստանի գյուղերին: Որպես կամավոր իր կազմակերպությունն է ստեղծել, որը կոչվում է «Գործողությունՙ Հայաստանի գյուղերին»: 2003 թ.-ին առաջին անգամ Հայաստան եկավ եւ իսկույն ուղեւորվեց հյուսիսային շրջաններ: Մտավ գյուղ առ գյուղ, տեսավ, որ այդ գյուղերն անհույս են, զուրկ կառավարության ուշադրությունից: Եվ այսպես, 2005 թ.-ին Հ. Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվում է այս կազմակերպությունըՙ իր իսկ անձնական ֆինանսավորմամբ, որի առաքելությունը մեկն էՙ կրճատել աղքատությունը, ստեղծել աշխատատեղ, որպեսզի ժողովուրդը չբռնի գաղթի ճամփան: Սահմանամերձ գյուղերի ամենակարեւոր հիմնահարցերից է ջրի խնդիրը, որը պետք է մտներ հազարամյակի ծրագրերի մեջ, բայց չի մտել:

Գյուղական բնակչության 40 տոկոսից ավելին աղքատ է: Ըստ Համաշխարհային բանկի գնահատման, բնակչությունը սարսափելի աղքատ է, քանի որ 1 հոգին օրական աշխատում է ընդամենը 1 դոլար: Անգործությունը գյուղերում հասնում է 80-86 տոկոսի, որն էլ պատճառ է դառնում արտագաղթի: Տկն Հիլդան իր ծրագրերն իրագործում է միայն գյուղերում: Իր ծրագրերին համագործակցում են նաեւ տեղի համայնքները, լինի թե՛ նյութական եւ թե՛ տեխնիկական: Հիլդայի նախաձեռնությամբ վերանորոգվել են Սեւանի մանկապարտեզներից մեկը, մշակույթի կենտրոնը, Արագածավան գյուղը: Վերջին այցի ժամանակ նախաձեռնել է Գետափ գյուղի (Արագածոտնի մարզ) ջրամատակարարումը, որն անմիջապես հարեւան է Թուրքիային:

Շաբաթ օրը տեղի ունեցավ գյուղի մշակույթի պալատի եւ մանկապարտեզի բացումը: Այս ծրագրերի իրագործումից հետո տկն Հիլդան ոչ մի ջանք չի խնայում, որ մինչեւ 2007 թ.-ի վերջը գոնե ամենաքիչը 10 ծրագիր իրականացնի գյուղերում:

Տկն Հիլդան Հայաստան է եկել ոչ թե մասնակցելու Հայաստան-սփյուռք համաժողովին, այլ հետամուտ լինելու իր ներդրումների արդյունքին, իր իսկ աչքով տեսնելու: Եվ ունի միայն մեկ խնդրանք, որ բոլոր իր հայրենակիցները, որ ցանկանում են անգամ 1 լուման ներդնել Հայաստանում, թող հետեւեն իրենց ներդրումների արդյունքներին:

Եվ ինչքան էլ դժգոհ լինի կառավարությունից, շնորհակալական խոսք անգամ չլսի, միեւնույնն է, շարունակելու է օգնել մինչեւ վերջին լուման, ի շահ իր ժողովրդի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4