Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի կանոնակարգով արդեն երկրորդ տարին Հայաստանում անցկացվում է էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթՙ նախանշված 8 անվանակարգերով: «Մոսկվա» կինոթատրոնում երեկ անցկացված այս տարվա մրցույթն ընդգրկված էր տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակի միջոցառումների ցանկում:
Եվ այսպես, Էլ-բիզնես անվանակարգում հաղթող է ճանաչվել «Սփյուռ» գործարար տեղեկատուն` Էլ-կառավարում անվանակարգում` «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի» ինտերնետային էջը, էլ-մշակույթՙ «Ոսկե ծիրան» երրորդ կինոփառատոնի ինտերնետային էջը, էլ-լեզու եւ գրականությունՙ անգլերեն-հայերեն էլեկտրոնային թարգմանիչը (պրոֆ. էդուարդ Մանուկյան), Էլ-գիտությունՙ «Գիտության ազգային հիմնադրամը», էլ-կրթությունՙ «Այ փի պլանետ քոլոր» նկարչական ուսուցողական էլեկտրոնային էջը, Էլ-հայագիտությունՙ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» լազերային սկավառակը:
Հատուկ անվանակարգում մրցանակ շնորհվեց Արարատյան հայրապետական թեմի էլեկտրոնային էջին: Առաջին 8 անվանակարգերում հաղթողները ստացան 500 հազար դրամական պարգեւ, երկրորդ 8 անվանակարգերումՙ 250 հազար դրամ:
Հիշեցման կարգով նշենք, որ անցած տարի անցկացված էլ-բովանդակության առաջին մրցույթը նվիրված էր հայոց գրերի գյուտի 1600-ամյակին եւ կրում էր «Մաշտոց 1600» խորագիրը: Մրցույթում հաղթողները հնարավորություն ստացան մասնակցելու Թունիսում տեղի ունեցած համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխությանը: Համաշխարհային մրցանակներ ստացան «Արամ Խաչատրյան: Կյանքը եւ ստեղծագործությունը» եւ «Հայոց Մեծ եղեռն 1915-1923» լազերային սկավառակները:
Ռ.Պ.