Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած եռօրյա այցն առհասարակ արեւմտյան որեւէ մեծ տերության ղեկավարի առաջին այցելությունն էր մեր երկիր: «Ֆիգարո» թերթն արձանագրում է, որ Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում Շիրակի գրած «հիշի՛ր» բառը խիստ խորհրդանշական է:
1991 թ. անկախացած Հայաստանում Ժակ Շիրակին համարում են բարեկամ երկրի նախագահ, որը, սակայն մշտապես կողմ է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Ծիծեռնակաբերդում հիշատակի ծառ տնկելուց առաջ Ժակ Շիրակը տիկնոջՙ Բեռնադետի հետ մեխակներ դրեց հավերժական կրակի մոտ: Շիրակին ուղեկցողների մեջ էին հայազգի նշանավոր ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը եւ լրագրող Դանիել Բիլալյանը:
Ժակ Շիրակի այցելության եւ Հայաստանում Ֆրանսիայի տարվա առթիվ Երեւանի օպերայի հրապարակը վերանվանվեց Ֆրանսիայի հրապարակ:
«Ֆիգարոն» մեջբերում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ժակ Շիրակի համատեղ մամլո ասուլիսում վերջինիս ասած խոսքերը. «Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»: Այն հարցին, թե Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար պարտավո՞ր է արդյոք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Շիրակը պատասխանել է. «Ազնվորեն ասած, այդպես եմ կարծում: Ամեն երկիր բարձրանում է, ընդունելով սեփական դրամաներն ու սխալները»: Նա հիշել է 2-րդ աշխարհամարտից հետո սեփական հանցանքները եւ մասնավորապես հրեաների ողջակիզման փաստն ընդունած Գերմանիայի օրինակը:
Թեեւ Շիրակի շրջապատը չի արձանագրում նախագահի դիրքորոշման փոփոխություն, ֆրանսահայերն «առաջընթաց քայլ» են բնութագրել Շիրակի հայտարարությունը: Սակայն սփյուռքահայերից շատերը դժգոհ են, որ Շիրակը կանխավ դատապարտեց հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի ԱԺ-ում սոցիալիստների առաջարկությամբ քննարկվելիք օրինագիծը: «Ազգն» արդեն գրել է, որ այն 45 հազար եվրո տուգանք եւ մինչեւ 5 տարվա բանտարկություն է նախատեսում Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար:
Շիրակի խոսքերով, «օրինագիծն այսօր առնչվում է ավելի շատ բանավեճին, քան իրավաբանական իրողությանը»: Նրա կարծիքով, ներկայիս օրենսդրական զինանոցը թույլ է տալիս պատժել ժխտողականությունը:
Պ. Ք.