«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2006-09-29 | #186, 2006-09-30 | #187, 2006-10-03


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲՈՒԿԼԵՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԱԾ ԵՐԿՈՒ ԹԲԻԼԻՍՑԻՆԵՐ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

Վրաստանում ժողովրդավարության դեմ ուղղված նոր «դավադրություն» է բացահայտվել: Թբիլիսիի քաղաքային դատարանը «Միասնական ազգային շարժում» կառավարող կուսակցության բուկլետներն ընդունելուց հրաժարված երկու թբիլիսցիների պարտավորեցրել է 1 ամսվա ընթացքում 2000 լարի (1,1 հազար դոլար) տուգանք վճարել գլխավոր դատախազությանը: Հակառակ դեպքում նրանց սպառնում է երկու տարվա բանտարկություն:

Մոսկովյան «Իզվեստիա» թերթը գրում է, որ այս միջադեպի շնորհիվ թբիլիսցիներ Գեորգի Օտիաշվիլին եւ Սարգիս Շարոյանը միանգամից հանրահայտ դարձան: Օրերս Վրաստանի ընդդիմությունը նրանց ներկայացրեց տարբեր երկրների դիվանագետներին:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու կուսակցության ակտիվիստուհիները սեպտեմբերի 24-ին այցելեցին հիշյալ երկու թբիլիսցիներին: Դա նրանց 7-րդ այցն էր երկու շաբաթվա ընթացքում:

Երկու կանայք հերթական անգամ փորձեցին նախընտրական բուկլետներ հանձնել պաշտոնաթող գնդապետ Օտիաշվիլուն: Դրանցում նկարագրվում էին նախագահի եւ նրա թիմի հաջողությունները: Բայց թոշակառուն հրաժարվեց խոսել ակտիվիստուհիների հետ: Զայրացած ակտիվիստուհիները վեճի բռնվեցին գնդապետի հետ: Վեճին միջամտեց Շարոյանը, ասելով, թե իր մոտ տվյալ բուկլետներից այնքան շատ է կուտակվել, որ կարելի է դրանք սոսնձել պատերին:

Հաջորդ օրը երկու «այլախոհներն» ընտրողներից վերածվեցին ամբաստանյալների: Դատավարության ժամանակ ակտիվիստուհիներից մեկը հայտարարեց, թե Օտիաշվիլին իբր փորձել է «հանել իր աչքերը»: Իսկ Շարոյանն իբր բահն առած ընկել է մյուս ակտիվիստուհու հետեւից, բայց չի հասել:

Ամբաստանյալներն իրենց հերթին խոսում են ագիտատորների «աներեսության եւ լկտիության» մասին: Նրանք վստահ են, որ իրենք սադրանքի զոհ են դարձել:

«Երբ ասացի, որ այդ բուկլետից արդեն ունեմ, ագիտատորը հայտարարեց, թե ես արժանի չեմ այն ձեռքումս բռնելու: Իսկ երբ իմացավ, որ ես նախկին գնդապետ եմ, սկսեց բղավել, թե Շեւարդնաձեի սաներից եմ: Եվ աճապարեց զանգահարել ոստիկանություն», պատմում է Օտիաշվիլին:

Իսկ Շարոյանն ասում է, որ ինքը երբեւէ ձեռք չի բարձրացրել որեւէ կնոջ վրա, իսկ եթե բահն առած ընկներ ինչ-որ մեկի հետեւից, ապա «անպայման կհասներ»:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4