«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2006-09-29 | #186, 2006-09-30 | #187, 2006-10-03


ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵ՞Լ ԵՆ

Անցյալ եւ այս տարվա 9 ամիսների համեմատականը ներկայացրեց մաքսային կոմիտեի փոխնախագահը

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան են ներկրվել 11800 բջջային հեռախոսներՙ անցյալ տարվա 9 հազարի դիմաց: Այդ ընթացքում գրանցվել է 2 դեպք, երբ մաքսանենգ ճանապարհով ներկրվել է 74 հեռախոս: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Մաթեւոսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Ի դեպ, մինչ բջջային հեռախոսների ներկրման հետ կապված մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդդիմադիր եւ իշխանական թեւերը ներկայացնող լրատվամիջոցների «փոխհրաձգությունը», ներկրված հեռախոսների թվի մասին մեր կատարած հարցման կապակցությամբ մաքսային կոմիտեից այն ժամանակ այդպես էլ պատասխան չստացանք: Սա իմիջիայլոց:

Մաքսային կոմիտեի փոխնախագահի մամուլի ասուլիսն ամփոփում էր անցած 9 ամիսների արդյունքներն այս ոլորտում: Համաձայն դրանց, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման դեպքերն էապես նվազել են: Այսինքն, եթե անցյալ տարվա առաջին 9 ամիսներին հայտնաբերվել է մաքսանենգության 43 դեպք 139 մլն դրամ ընդհանուր մաքսային արժեքով, ապա այս տարիՙ 15 դեպք, սակայն մաքսային արժեքն ավելի մեծ է եղելՙ 154 մլն դրամ: Այնուհետեւ, մաքսային կանոնների խախտման 365 դեպք է հայտնաբերվել 183 մլն դրամ տուգանքով անցյալ տարվա առաջին 9 ամիսներին: 2006 թ.-ին այդ դեպքերի թիվը 158 էրՙ 148 մլն դրամ տուգանքով:

«Ո՞րն է պատճառը, որ խախտումների եւ մաքսանենգության դեպքերի քանակը նվազում է, իսկ դրանց գումարային արժեքներըՙ մեծանում» հարցին Կարեն Մաթեւոսյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է օրենսդրության փոփոխությամբ եւ մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմամբ: Մասնավորապես պահանջ է դրվել, որ մի քանի հազար դրամի խախտման բացահայտումով մաքսային ծառայողները չհամարեն իրենց գործը ավարտված:

Այդուհանդերձ, մաքսային կոմիտեի փոխնախագահը նշեց, որ մաքսային մարմինները չեն բավարարվում ձեռք բերածով եւ կուժեղացնեն խախտումների դեմ պայքարը: «Ավելի կոնկրետ, ի՞նչը պետք է բարելավվի» հարցի կապակցությամբ էլ Կարեն Մաթեւոսյանը մատնանշեց հետբացթողումային հսկողության արդյունավետության բարձրացումը, որը պետք է կատարվի օրենսդրական փոփոխությունների եւ աշխատանքների պարզեցման միջոցով: Դրանց արդյունքում այստեղ արձանագրված խախտման համար գնահատականը պետք է տրվի ոչ թե մեկ ամսվա ընթացքում, այլ անմիջապես:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4