Զրույց Սերգեյ Գալոյանի հետ
- Վերջերս լույս տեսան ձեր երկու նոր` «Մաֆիա, յակուձա, օրենքով գողեր» եւ «Հրամայված է սպանել-2» գրքերը: Բացի «քրեական» հնչեղ վերնագրերից, որեւէ ընդհանրություն տեսնո՞ւմ եք միջազգային հանցաշխարհին եւ Սեւակ-Մինաս-Վ. Պետրոսյան եղերական մահերին անդրադարձող այս ստեղծագործություններում:
- Ոչ մի ընդհանրություն: Ընթերցողն արդեն զգացել է, որ «Հրամայված է սպանել-2» գիրքը Պարույր Սեւակի, Մինաս Ավետիսյանի եւ Վարգդես Պետրոսյանի կյանքի եւ ստեղծագործությունների ուսումնասիրությունն է եւ ոչ մի կապ չունի քրեական հանցագործության հետ:
- Մանրակրկիտ աշխատանքի արդյունք հանդիսացող «Հրամայված է սպանել-2»-ում փաստեր եք դնում ընթերցողի սեղանին` նրան թողնելով եզրակացություններ անելու իրավունքը: Փաստագրական նյութի պակա՞սն է դրա պատճառը, թե՞, այնուամենայնիվ, գրողը չի ցանկանում դատավորի պատմուճան հագնել ու պարտադրել իր կայացրած վճիռն ընթերցողին:
- Ո՛չ «Հրամայված է սպանել-1»-ում, ո՛չ հանցագործ աշխարհին նվիրված գրքերում, ո՛չ էլ հատկապես «Սայթաքուն գլաքարերի վրայով» եւ «Ուռկանի մեջ թփրտացող ձկներ»-ում երբեք ինձ թույլ չեմ տվել դատավորի դժվար աթոռին նստել: Ես գոհ եմ իմ ընթերցողից, որը նկատել է իմ ցավը, դժվար ու դաժան կյանքով ապրող իմ հերոսներին: Վճիռը կայացնողը իմ ընթերցողն է: Գուցե դա է պատճառը, որ մեծ հաջողությամբ վաճառվում է նաեւ Սեւակի, Մինասի եւ Վարդգես Պետրոսյանի մասին իմ նոր գիրքը:
- Վ. Պետրոսյանին վերաբերող մասը վերնագրված է «Կրակե շապիկ հագած մարդը»: Ասել է թե` վերջինիս ապրած կյանքը ենթադրում էր ինքնաայրում, թե՞ նա անընդհատ փորձում էր դիմադրել-հանել իրեն պարտադրված «կրակե շապիկը»:
- Դուք ինքներդ էլ պատասխանեցիք Ձեր հարցին` խոսելով Վարդգես Պետրոսյանի բնույթի նաեւ այս երկու կողմի մասին:
- Ո՞վ է ձեր հավանական ընթերցողը:
- Մայրս, աղջիկս, տղաս, Անահիտը, Դուք, Հակոբը, Արմինեն... Էլի՞ թվեմ...
- Որեւէ ուղղակի կամ անուղղակի մեղքի իր բաժինն ունի՞ այն հասարակությունը, որի աչքի առջեւ վաղաժամ մահանում-զոհվում-սպանվում են տաղանդավորները:
- Ես հիմա աշխատում եմ Պարույր Սեւակի մասին պատմող գրքի վրա, որտեղ ցանկանում եմ տալ մեր այս հանճարեղ մտածողի եւ ոգեղեն թռիչքը, եւ ողբերգությունը: Հսկայական փաստեր, փաստաթղթեր ունեմ ձեռքիս տակ, կրկին ու կրկին հանդիպել եմ մարդկանց, ճշտել շատ ու շատ բաներ: Անչափ հետաքրքրական նյութեր են, որոնց մասին գիտեն միայն հատուկենտ մարդիկ: Պարույր Սեւակի մահվան վարկածներից մեկը, սոսկ մեկը, կապվում է ՊԱԿ-ի հետ: Սակայն այժմ համոզված եմ, որ ՊԱԿ-ն այս գործում շատ քիչ մեղք ունի կամ գրեթե չունի: Պարույր Սեւակին սպանեցին նաեւ նրա կողքին կանգնած մարդկանցից շատերը, ովքեր այսօր հուշեր են գրում նրա մասին` իրենց ներկայացնելով որպես բանաստեղծի բարեկամ: Լոկ մի քանի լուսավոր մարդիկ են եղել... Ինձ այժմ զարմացնում է ոչ թե այն, թե նա ինչպես կարճ ապրեց` 47 ու կես տարի, այլ այն, թե ինչպես կարողացավ 47 ու կես տարի ապրել, երբ ամեն հարմար առիթով նրան փորձում էին սպանել նաեւ իր «բարեկամները»:
- Ձեր «Սայթաքուն գլաքարերի վրայով» գրքում միտք կա, որ եթե նույնիսկ մտերիմ մարդիկ ամեն ինչ` ինչ մտածում են, իրար ասեն, կարելի է խելագարության կամ ինքնասպանության հասնել:
Գրող-ընթերցող երկխոսությունում հեղինակի անկեղծությունը որեւէ սահման-եզրագիծ ունի՞, թե դրա կարիքը չկա:
- Սահման-եզրագիծ անպայման պետք է լինի: Սակայն, դժբախտաբար դա ամեն մեկս է որոշում: Դա է մեր դժբախտությունը:
- «Մարինա», «Ուռկանի մեջ թփրտացող ձկներ», «Սայթաքուն գլաքարերի վրայով» խոհափիլիսոփայական կամ ավելի պարզ` ոչ ժամանցային գրքերից անցումը «Գողական աշխարհ», «Առեղծվածային Սվո Ռաֆը» եւ այլն, բնակա՞ն անցում է, ժամանակավոր դադա՞ր, թե սոսկ շուկայական պահանջարկի արդյունք:
- Ես գրքեր եմ գրում եւ չեմ մտածում անցումների ու դադարների մասին: Իհարկե, շուկայական պահանջարկը կարեւոր է, որովհետեւ բոլոր ժամանակներում էլ ստեղծագործող մարդուն խթանել է պահանջարկը: Այսուհանդերձ «շուկայական պահանջարկ» եզրույթը չեմ սիրում, տգեղ է: Ձեր ասածը, հավանաբար պահանջարկի մասին է:
- Ո՞ւմ է հասցեագրված խելամիտ լինելու ձեր հորդորը` «Հրամայված է սպանել-2»-ի նախաբանի վերջում:
- Ձեր այս հարցին պատասխանել եմ արդեն վերջերս կայացած հարցազրույցներում եւ հեռուստատեսությամբ, եւ «Ազատություն» ու «Արձագանք» ռադիոկայաններով, եւ «Իրավունք», «Առավոտ», «Եթեր» թերթերում: Իսկ ավելի կոնկրետ պատասխանը կա իմ վերջին գրքի Վարդգես Պետրոսյանին նվիրված ուսումնասիրությունում, նաեւ 1997 թվականին հրատարակված «Մարինա» գրքի պատմվածքներում, ուր խոսվում է Ներսես Դիլանյանի մասին:
Ամեն դեպքում ես սպասում եմ նոր գրքիս` «Վթար. Պարույր Սեւակ»-ի հովանավորին, ով կարող է ինձ զանգահարել 44-12-07 հեռախոսահամարով:
Զրույցը ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ