«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2006-09-30 | #187, 2006-10-03 | #188, 2006-10-04


ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸՙ 4.75 %

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 3-ի նիստում 0.25 տոկոսային կետով բարձրացրեց ռեպո տոկոսադրույքըՙ սահմանելով այն 4.75%:

Խորհուրդը գնահատում է, որ 2006 թ. ընթացքում կգրանցվի երկնիշ տնտեսական աճ, որը կզուգակցվի ուժեղացող գնաճային ճնշումներով:

Թեեւ վերջին ժամանակաշրջանում գրանցվել է նավթի միջազգային գների որոշակի նվազում, դեռեւս պահպանվում են արտաքին հատվածից եկող գնաճային ռիսկերըՙ հիմնականում կապված էներգակիրների եւ այլ ապրանքների (բազային մետաղներ, շաքարավազ) տարվա ընթացքում արդեն իսկ ձեւավորված միջազգային գների բարձր մակարդակով, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում հացահատիկի բերքի սպասվող նվազմամբ:

ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ շինարարության եւ ծառայությունների ոլորտների շարունակվող աննախադեպ բարձր աճով պայմանավորված եկամուտների ավելացումըՙ զուգորդվելով գյուղատնտեսության ոլորտի անկմամբ պայմանավորված գյուղատնտեսական ապրանքների գների աճի հետ, շարունակում է ստեղծել գնաճային ճնշումներ: Հարկաբյուջետային տեսանկյունից, մինչեւ տարեվերջ սպասվող բյուջետային մեծածավալ ծախսերիՙ գնաճի վրա բարձրացման ուղղությամբ լագային ազդեցությունը կդրսեւորվի արդեն 2007 թ-ի առաջին կեսին: Թեեւ, ըստ ԿԲ գնահատումների, միջին տարեկան գնաճը չի գերազանցի 3%-ը, այնուամենայնիվ, տարեվերջին գնաճի ցուցանիշը կգերազանցի 3% նպատակային մակարդակը:

Խորհուրդը միակարծիք է, որ ՀՀ տնտեսությունում արագացել է ապադոլարացման երեւույթը: Այս պայմաններում ԿԲ-ն պատրաստ է բավարարել դրամի նկատմամբ ավելացած պահանջարկըՙ ներքին արժութային շուկայում արտարժույթ գնելով:

Միաժամանակ, գնաճային ռիսկերը զսպելու նպատակով ԿԲ-ն ակտիվորեն կկրճատի ինչպես իր գործառնությունների, այնպես էլ բյուջեի ծախսումների հետեւանքով գոյացած ավելցուկային իրացվելիությունը:

Տնտեսության զարգացման ներկա հեռանկարների եւ գնաճային ճնշումների պահպանման պարագայում ԿԲ-ը կշարունակի գնաճային ճնշումների աստիճանական չեզոքացումը:

ԿԲ մամուլի ծառայություն

Լոմբարդային վարկերի եւ ավանդների տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 3-ի որոշմամբ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը սահմանվել է 7.75%, իսկ բանկերից ներգրավվող ավանդների տոկոսադրույքըՙ 1.75%:

Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի որոշմամբ բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հոկտեմբերի 3-ից սահմանվել է տարեկան 14 տոկոս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4