«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2006-09-30 | #187, 2006-10-03 | #188, 2006-10-04


«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ 2007. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

Հայաստանից վատ ցուցանիշ հարկային եւ մաքսային բարեփոխումների առումով ունեն միայն մի քանի աֆրիկյան եւ լատինամերիկյան երկրներ

«Ձեռնարկատիրություն 2007. բարեփոխումների ճանապարհին» Հայաստանին առնչվող խիստ հետաքրքրական զեկույցը (որին համառոտ անդրադարձել էինք «Ազգի» սեպտեմբերի 8-ի համարում) երեկ լրագրողներին ներկայացրեց Համաշխարհային բանկի միջազգային ֆինանսական կորպորացիայի մոնիտորինգի, վերլուծության եւ քաղաքականության վարչության պետ Սիմեոն Դյանկովը: Առաջ անցնելով նշենք, որ այն երեկ ներկայացվել է նաեւ Հայաստանի վարչապետին եւ կառավարությանը: Վերջիններիս համար զեկույցը լուրջ ազդակ պետք է լինի մի շարքՙ հատկապես մաքսային եւ հարկային ոլորտներում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար:

Մյուս կողմից, զեկույցում ամրագրվում են նաեւ այն ոլորտները, որտեղ Հայաստանը հաջող բարեփոխումներ է կատարել: Օրինակ, սեփականության գրանցման առումով Հայաստանն ուսումնասիրման մեջ ընդգրկված 175 երկրների մեջ 2006 թ.-ին երկրորդն էր Նոր Զելանդիայից հետո: Սիմեոն Դյանկովը հայտնեց, որ խոսքը կադաստրի համակարգի մասին է, որտեղ սեփականության առուվաճառքը գրանցվում է շատ ավելի արագ եւ էժան: Նա առաջարկեց նման բարեփոխումներ իրականացնել նաեւ մաքսային ոլորտում:

Զեկույցի հեղինակը հայտնեց, որ արդեն 5 տարի է, ինչ լույս է տեսնում այս զեկույցը եւ յուրաքանչյուր տարի բացահայտում, թե որ երկիրն է ամենից լավ բարեփոխումներ իրականացրել: Եթե անցյալ տարի դա որոշվել է «գործ սկսել», «արտոնագիր ստանալ», «սեփականություն գրանցել», «միջազգային առեւտուր վարել», «հարկեր վճարել» եւ մի շարք այլ ասպարեզներում արձանագրված ցուցանիշներից ելնելով, ապա եկող տարվանից այստեղ ընդգրկվելու են նաեւ կաշառք չվճարելու եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքներից օգտվելու ցուցանիշները:

Անցյալ տարի ձեռնարկատիրության վարման հեշտացման ուղղությամբ ամենից արագ բարեփոխումներ իրականացրած երկրների տասնյակը գլխավորում է Վրաստանը, որը նախորդ տարվա 132-րդ տեղից 2006 թ.-ին հասել է 37-րդ տեղին: Եթե նույն տեմպերով մեր հարեւան երկիրը շարունակի բարեփոխումներ իրականացնել, ապա բացառված չէ, որ եկող տարի առաջ անցնի Հայաստանից իր զբաղեցրած տեղով: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը 2006 թ.-ին զբաղեցրել է 34-րդ տեղը, որն, ըստ զեկույցի հեղինակի, ամենեւին էլ վատ տեղ չէ: Մեր երկիրն, ի տարբերություն մյուս երկրների, այս բնագավառում բարեփոխումներ սկսել է իրականացնել 90-ական թվականների կեսեից եւ 2000-2002 թթ. արդեն գտնվում էր բարենպաստ դիրքերում: Սակայն դրա հետ մեկտեղ, ներկայումս բարեփոխումների դինամիկայի արագությամբ Հայաստանը հետ է մնում մյուսՙ արագ թափով բարեփոխումներ իրականացնող երկրներից: Վերջիններիս թվում ԱՊՀ տարածաշրջանից նշվեցին Վրաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Մոլդովան:

Ավելի կոնկրետ, Հայաստանն անցյալ տարի 1 քայլով եւ 1 օրով հեշտացրել է գործ սկսելու գործընթացը, միասնականացրել հարկային եւ սոցապ գրանցումը: Արտոնագիր ստանալու համար կրճատվել է 2 քայլ եւ ավելի քիչ ժամանակ է պահանջվումՙ 176-ի փոխարեն 112 օր: Սեփականության գրանցման քայլերը կրճատվել են 4-ից 3-ի, ժամանակըՙ 6-ից 4 օրվա: Այդուհանդերձ, զեկույցի հեղինակը կրկին հիշեցրեց, որ եթե Հայաստանը փոքր քայլերով շարունակի բարեփոխումները, ապա մյուս երկրները նրանից առաջ կանցնեն, ինչպես դա եղել է իր հայրենիք Բուլղարիայի հետ: Այդ հիշեցումից հետո նա անդրադարձավ այն ոլորտներին, որտեղ Հայաստանը պարտադրված է կատարել լուրջ բարեփոխումներ:

Միջազգային առեւտրի առումով Հայաստանը 119-րդ տեղում է: Ըստ Սիմեոն Դյանկովի, Հայաստանից ավելի վատ ցուցանիշ այստեղ ունեն միայն մի շարք աֆրիկյան երկրներ, եւ այս ցուցանիշը մաքսային ընթացակարգերի բարեփոխումներ է ենթադրում: Ճիշտ կլինի, որ Հայաստանում կատարվեն նույն բարեփոխումները, ինչ Վրաստանում, որտեղ ներմուծման-արտահանման ընթացակարգերը պարզեցվել են, եւ այդ ամբողջ թղթատարությունը տեւում է ընդամենը 5 օր: Նախկինում դրա համար 20 օրից մինչեւ 2 ամիս ժամանակ էր պահանջվում: Հայաստանում այժմ այդ գործընթացը նույնպես երկար է տեւումՙ 35-37 օր: Բացի այդ, սահմանին նպատակահարմար է, որպեսզի մեկ կառույց զբաղվի բոլոր կարգի ստուգումներ իրականացնելով, այլ ոչ թե մի քանիսը: Այստեղ նույնպես բերվեց մեր հարեւան Վրաստանի օրինակը: Կարեւորելով այս ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը, ՀԲ միջազգային ֆինանսական կորպորացիայի վարչության տնօրենը ընդգծեց, որ ավելի մեծ աճ ունեցած երկրները սովորաբար ապահովում են արտաքին առեւտրի մեծ ծավալներ:

Հարկերի չափի եւ հարկային վարչարարության ցուցանիշով, զեկույցի հեղինակի բնորոշմամբ, Հայաստանը շատ վատ վիճակում է եւ զբաղեցնում է շատ վատՙ 148-րդ տեղը: Այստեղ էլ Հայաստանից վատ վիճակում են միայն լատինամերիկյան մի քանի երկրներ: Հայաստանում շատ բարդ է հարկ վճարելը: Այդ պատճառով էլ շատերը թաքցնում են իրենց գործունեությունը եւ հարկեր չեն վճարում: Սիմեոն Դյանկովի հավաստմամբ, համակարգը հնացել է: Հարկեր վճարելու համար անհրաժեշտ տարեկան միջին ժամանակը 1000 ժամ է: Հայաստանին անհրաժեշտ է անցում կատարել պարզեցված եւ կոնսոլիդացված հարկատեսակների: Նման բարեփոխում իրականացրել են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 26 երկրներում, որտեղ հեշտացել է հարկեր հավաքելը եւ նվազել ստվերային տնտեսությունը: Հայաստանը այն անցումային փուլում գտնվող հազվադեպ երկրներից է, որ նման բարեփոխում չի կատարել: Մինչդեռ այդ բարեփոխումը կատարած անցումային երկրներում հարկային եկամուտներն ավելացել են 2-3 անգամ: Նշվեց, որ նման բարեփոխում է իրականացվել նաեւ Բրազիլիայում:

Այս ամենով հանդերձ, Հայաստանի բարձրՙ 34-րդ տեղին հարկ է մոտենալ որոշակի վերապահությամբ, քանի որ, ինչպես կարելի է ենթադրել Սիմեոն Դյանկովի զեկույցից, այդ տեղը հիմնականում զբաղեցնում ենք շնորհիվ սեփականության գրանցման 2-րդ տեղի եւ մասամբ պայմանագրեր կատարելու 18-րդ տեղի: Մնացած բոլոր ցուցանիշներով մեր երկիրը 34-րդից ավելի ցածր դիրքերում է, չխոսելով արդեն հարկային եւ մաքսային ոլորտների ակնհայտորեն ցածր զբաղեցրած տեղերի մասին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4