Մաեստրո Թոփչյանը մեծ իրադարձություն է համարում ֆիլհարմոնիկի համերգը
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
Մենք անհամբերությամբ սպասում էինք այս համերգին, քանի որ գիտեինք, որ հայերը մեծ երաժիշտներ են: Այս համերգն իրոք մեծ հաջողություն էր եւ ես շատ երջանիկ եմ, որ Հայաստանի ֆիլհարմոնիկին կարողացանք բերել Պրահա: Չեխիայի մայրաքաղաքը հրավիրել է միայն լավագույններին եւ սա լավագույն երեկոն էր: Ահա այսպիսի գնահատական տվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի Պրահայի ամենապատվավոր սրահներից մեկում` Ռուդոլֆինումում տեղի ունեցած ուրբաթօրյա համերգից հետո գլխավոր կազմակերպիչը` Հանա Սվոբոդովան: Պրահայի աշուն 16-րդ միջազգային երաժշտական հանրահայտ փառատոնի շրջանակներում այս ելույթն իրոք հիշարժան իրադարձություն էր ոչ միայն համերգին ներկա հանդիսատեսի համար, այլեւ հենց նվագախմբի, որն առաջին անգամ էր ելույթ ունենում Պրահայում: Մաեստրո Էդուարդ Թոփչյանը համերգից հետո մեզ հետ ունեցած զրույցում հաստատեց այս հանգամանքը, ասելով, որ այս համերգն իրոք մեծ ազդեցություն ունեցավ նվագախմբի երաժիշտների վրա: Նշելով, որ Պրահայի երաժշտասեր հանդիսատեսը բավականաչափ պատրաստված է, մաեստրո Թոփչյանը չթաքցրեց, որ շատ վտանգավոր է նման դահլիճում նվագելը:
Մեծ իրադարձություն էր, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը նման համերգի էր հրավիրված, եւ այն էլ այսպիսի դահլիճում: Պրահան ես համարում եմ Եվրոպայի երաժշտական ամենաբարձր կենտրոններից մեկը եւ այս համերգը` անչափ պատասխանատու: Այն իրոք կայացավ,- ասաց մեզ հետ զրույցում Հայաստանի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը:
Պրահայում բնակվող չեխահայ հայտնի նվագավար Հայկ Ութիջյանն էլ, որ մի քանի տարի առաջ Երեւանում ղեկավարել էր ֆիլհարմոնիկի համերգը, անչափ տպավորված էր: Նվագախումբը բավական առաջադիմել է եւ մեծ հաջողություն կարելի է համարել այս համերգը,- մեզ հետ զրույցում այսպես կիսվեց մաեստրո Ութիջյանը:
Ցավոք, Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը ձեռքի կոտրվածքի պատճառով չկարողացավ նվագել կանադահայ Կատերին Մանուկյանը: Նրան փոխարինեց Բեռլինից եկած ջութակահարուհի Սոֆիա Յաֆեն, ով պատվով դուրս եկավ այդ փորձառությունից:
Հանդիսատեսը երկարատեւ ծափահարություններով ընդունեց ոչ միայն նրա, այլեւ նվագախմբի ճշգրիտ ու ազդեցիկ կատարումները: Համերգի երկրորդ մասում հնչեց Չայկովսկու
6-րդ սիմֆոնիայից` Պաթետիկը: Երեկ երեկոյան Հայաստանի ֆիլհարմոնիկը կրկին փայլեց`այս անգամ չեխական երկրորդ ամենամեծ քաղաքի` Բռնոյի Յանաչեկի թատրոնում` կատարելով Խաչատրյան եւ Շոստակովիչ: Իսկ այսօր երեկոյան նվագախմբին կունկնդրեն արդեն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Եվրոպական շրջագայությունը կավարտվի գերմանական Նյուրենբերգում, ուր հոկտեմբերի 5-ին հայտնի Մաստեր Զինգերս Հալեում նվագախումբը կտա փառատոնային վերջին համերգը:
Վեջում հիշեցնենք, որ բացի փառատոնի չեխական կողմի կազմակերպիչներից, ինչպես միշտ, այս անգամ էլ նվագախմբի կողքին էր նրա երկար տարիների գլխավոր հովանավորը` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: