«Սփյուռքում Հայաստանի մասին պատկերացումները շատ գաղափարախոսական եւ զգայական են: Այստեղ գալիս սփյուռքահայը բախվում է իր հոգսերն ու դժվարություններն ունեցող Հայաստանի հետ, այդ զգայական պատկերացումն անցնում է եւ դժվարանում ընկալել իրողությունը: Երկրի ենթակառուցվածքն այնքան բարվոք չէ, որ նորեկը հեշտ ընդունվի», ասաց սփյուռքահայ ուսանող Նարեկ Սեֆերյանը երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ: Հայաստանի եւ սփյուռքի հայ երիտասարդների փոխհարաբերություններում եղած դժվարությունների մասին բարձրաձայնելու համար Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը, որը նախաձեռնել էր քննարկումը, երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որում բարձրացվեցին Հայաստան ուսանելու եկած սփյուռքահայերի դժվարությունները, հայ-սփյուռքահայ կոնֆլիկտները, որոնք, վերջիններիս համոզմամբ, մտածելակերպի տարբերությունների հետեւանք են:
«Տղաներն այստեղ ավելի շատ խնդիրներ ունեն. երկար մազերով տղաներին, օրինակ, այստեղ տարօրինակ են վերաբերվում, աղջիկներին ասում են, որ իսկական լեդի լինելու համար պետք է կրունկ հագնես, բայց ինձ այսպես հարմար չէ, ինչո՞ւ անեմ: Մեզնից այստեղ պահանջները շատ են, բայց մենք մեղավոր չենք: Այստեղ չեն ցանկանում ընդունել, որ մենք սփյուռքի մշակույթն ենք կրում, մենք տարբեր տեսողություն եւ մտածելակերպ ունենք», նշեց պարսկահայ, Նիկոլ Աղբալյան միության անդամ Անի Ազատ Գոլին` զարմանք արտահայտելով մեր երիտասարդների մոտեցման նկատմամբ:
Նարեկ Սեֆերյանը, որի ծնողները Բեյրութի «այն լավ սերնդի» ներկայացուցիչներից են, ծնվել եւ մեծացել է Հնդկաստանում, որտեղ, իր իսկ խոսքով, չկան ձեւավորված հայ համայնք կամ ինչ-որ միություններ: Հայկականության միակ ակունքը եղել է իր ընտանիքը, որը որդուն դաստիարակելիս շեշտել է, թե իր եւ Հայաստանի երիտասարդների միջեւ տարբերություն չկա: Հիմա այդքանն է դարձել Նարեկի ուղեցույցը, որով նա համարձակորեն արդեն 4 տարի ուսանում է այստեղ:
«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ներկայացուցիչ Սահակ Մանուկյանը, համաձայնելով իր զրուցընկերների հետ, կարեւորեց երիտասարդների դաստիարակությունը: «Հատկապես երիտասարդ տարիքից պետք է երեխային դաստիարակել, որ սփյուռքահայն էլ նույն հայն է, պարզապես ճակատագրի բերումով նա ծնվել եւ մեծացել է այլ հողում: Բայց այսօր նա գալիս է, եւ պետք է ողջունենք այդ հանգամանքը», հավելեց նա: Նարեկ Սեֆերյանը խնդիրը դիտարկում է Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների դաշտում եւ խորհուրդ է տալիս հաճախակի դարձնել երկկողմ համաժողովներն ու տարատեսակ հանդիպումները: Սփյուռքահայ երիտասարդները կոչ արեցին պետությանն ու պատկան մարմիններին ավելի ուշադիր լինել խնդրի հանդեպ, որի լուծման համար իրենք հետեւողականորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ