«Էրեխեքիս ասել եմ, որ էսօրվանից ֆրանսերեն սովորեն», շաբաթ օրը հացի խանութում ծանոթ վաճառողուհուն ասում էր միջին տարիքի մի երեւանցի, որը նոր էր վերադարձել այլեւս Ֆրանսիական կոչվող հրապարակից եւ տեսել, թե ինչպես է նախագահ Ժակ Շիրակը բացման արարողությունից հետո մտել ժողովրդի մեջ ու զրույց է անում հասարակ մարդկանց հետ: Պատմում էր, որ ինքն էլ է մոտեցել Ժակ Շիրակին, սեղմել ձեռքը, բայց ոչինչ չի հասկացել նրա ասածից: Բայց տպավորվել էր, հուզվել:
Եվ իսկապես տպավորիչ էր այդ պահը, նույնիսկ դաստիարակիչ մեր պետական պաշտոնյաների համար, ովքեր մեզ սովորեցրել են, որ հրապարակային հանդիպումներում իրենք միշտ պետք է լինեն մռայլադեմ, անմերձենալի, նրանց թիկնապահները միշտ պետք է լինեն կոպիտ, պետք է հետ հրեն մարդկանց, այլապես... Հասարակ մարդկանց հետ շփվելու Ժակ Շիրակի պատրաստակամությունը ուղղակի գրավեց մեր համաքաղաքացիների սիրտը: Եվ իսկապես, մեր ժողովուրդը որքան չի սիրում քարոզն ու ճառը, այնքան սիրում է պարզ ու մարդկային խոսքն ու զրույցը: Այս պարզ ճշմարտությունը չուզեցին նկատել մեր ոչ առաջին, ոչ էլ երկրորդ նախագահները, պետական մյուս այրերը: Ինչեւիցե: Սակայն այս անգամ նախագահ Քոչարյանը հետեւեց իր պաշտոնակցինՙ փորձառու կոմունիկատոր Ժակ Շիրակին, ինքն էլ մոտեցավ բազմությանը, թեեւ զերծ մնաց, հայկական ամոթխածությամբ թերեւս, ֆրանսիացու բեյբի-քիսինգներից:
Շուրջ 20 րոպե տեւած այդ հանդիպումը, ըստ իս, դարձավ Ժակ Շիրակի երկօրյա այցի բարձրակետը: Տոն էր այդ երկու օրերին, ավելի տոն, խանդով եմ գրում այս բառերը, քան նախորդ շաբաթվա մեր անկախության տոնակատարումը: Ժամանումից մինչեւ Ծիծեռնակաբերդ, Ֆրանսիական հրապարակից մինչեւ համատեղ ասուլիսը, Ֆրանսիայի նախագահը համակրանքի, համերաշխության մի ալիք ստեղծեց իր շուրջը, տարածեց մի ջերմություն, որը մեր ժողովրդի համար հպարտության, գուցե նաեւ ինքնահաստատման շենշող առիթ դարձավ: Եվրոպական արժեքներ ու նման մեծամեծ բառեր չեմ ուզում գործածել: Պարզապես այդ երկու օրերին Հայաստանը ֆրանսացավ եւ Ֆրանսիան, մեր պատմության տխուր շրջաններում հայ ժողովրդին քանիցս լքած Ֆրանսիան հայացավ, գոնե մեր պատկերացումներում: Եվ սկսեցինք ... ֆրանսերեն սովորել:
Դրան նպաստեց, ավելի քան նպաստեց, մեր մեծ ազգակիցըՙ հրաշալի Շառլը: Հայ-ֆրանսիական իդոլի, սրբապատկերի նրա ներկայությունն այդ երկու օրերին վերածվեց ազդու գործոնի: Հոգ չէ, որ շաբաթ գիշերվա նրա համերգը Հանրապետության լեփ-լեցուն հրապարակում երաժշտականորեն տկար էր, նաեւ նրա բարեկամներինը, սակայն որպես երեւույթ, որպես հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող ներկայություն նա ամբողջացրեց Ժակ Շիրակի այցի պատմական նշանակությունը, ընդգծեց դրա խորհուրդը:
***
Ֆրանսիայում Հայաստանի տարին սկսվեց Երեւանից, սկսվեց շատ բարձր նոտայով, պիտի կարողանա՞նք պահպանել մակարդակը:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ