Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն իրենց մրցավեճն են շարունակում մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ պատանիների աշխարհի առաջնության մասնակիցները: Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող են մեկնարկել պատանիները: Նրանցից 7-ը հաղթանակներ տոնեցին: Հայ շախմատիստներից ամենաբարձր վարկանիշն ունեցող Արման Փաշիկյանը սեւերով հաղթեց ղազախստանցի Ռոման Կոզլովին: Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության հասավ գերմանացի Գեորգ Մեյերի նկատմամբ: Զավեն Անդրեասյանը պարտության մատնեց իր հայրենակից Յուրի Համբարձումյանին, իսկ Լեւոն Բաբուջյանըՙ Կանադան ներկայացնող Նիկիտա Կրասուշկինին: Իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին նաեւ Ավետիք Գրիգորյանը, Գեւորգ Ալավերդյանը եւ Հրանտ Մելքումյանը: Իսկ ահա Դավիթ Քալաշյանը, Վարդան Մովսիսյանը, Սիմոն Մկրտչյանը պարտվեցին:
Մրցաշարին մասնակցող մեր 10 շախմատիստներից միայն Լիանա Աղաբեկյանին հաջողվեց հաղթանակ տոնել: Վարդուհի Քալաշյանն ու Մարինե Ղազարյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ մյուսները պարտվեցին: Եվ դա բնական է, քանի որ շատերը միջազգային նման խոշոր մրցաշարերի մասնակցության փորձ չունեն: Իսկ Երեւանում իրոք հավաքվել են տարբեր երկրների ուժեղագույն երիտասարդ շախմատիստները, որոնց հետ մրցախաղերն ուժերի լավ ստուգատես կլինեն հայ շախմատիստների համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ