Համոզված է Ռումինիայի նախագահը
«Մենք ոչինչ չենք անի, որը կազդի սեւծովյան տարածաշրջանում մեր չեզոքության եւ սեւծովյան բոլոր երկրների հետ մեր հարաբերությունների վրա», երեկ պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկունՙ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռումինիան չի՞ պատրաստվում ճանաչել Հայոց եղեռնը եւ պատժել այն ուրացողներին:
Բասեսկուն համոզված է, որ հարկավոր է պատմությունը եւ պատմական վեճերը թողնել գրքերում եւ մարդկանց հիշողություններում, ոչ թե դնել իբրեւ ապագայի պայման: Նրա կարծիքով ԵՄ եւ ՆԱՏՕ ինտեգրման ճանապարհին հիմնական չափանիշը պետք է «հարեւանների հետ բարեկամական հարաբերություններ ունենալը լինի, որպեսզի պատմական վեճերը ԵՄ եւ ՆԱՏՕ չտեղափոխվեն»:
Ռումինիայի նախագահը պետհամալսարանի ուսանողներին ներկայացրեց իր երկրի վերջին տասնամյակի պատմությունը, ներքաղաքական զարգացումներն ու եվրոինտեգրման ուղին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպման ավարտին Տրայան Բասեսկուն շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի դիպլոմ եւ ոսկեզօծ մեդալՙ հույս հայտնելով, որ նախագահի այս այցը հայ-ռումինական հարաբերությունների սերտացման խթան կլինի:
Երեկ Ռումինիայի նախագահն այցելեց նաեւ Երեւանի կոնյակի գործարան, որտեղ հնեցման արտադրամասում, ավանդույթի համաձայն, իր ստորագրությունը թողեց դեռեւս 1994 թ.-ից գործարանում հնեցման դրած խաղաղության տակառի վրա, որի սկիզբը դրվել է 1994 թ.-ին Ղարաբաղում զինադադարի հաստատման կապակցությամբ: Այնուհետեւ Բասեսկուն իր ստորագրությունը թողեց նաեւ իրեն նվիրած 400 լիտրանոց տակառի վրա, որ այսուհետեւ իր սեփականությունն է:
Սովորույթի համաձայն, Ռումինիայի ղեկավարը պետք է ծառ տնկեր նախագահների պուրակում, որ սակայն, ինչպես պարզաբանվեց, ժամանակի սղության պատճառով չկատարվեց: Այնուհետեւ Կոնյակի գործարան ժամանած Ռոբերտ Քոչարյանի հետ Բասեսկուն գնաց ճաշի:
Երկու երկրների նախագահներին նվիրեցին 70 տարվա հնության «Նոյյան տապան» կոնյակներ, իսկ գործարան ժամանած պատվիրակության անդամներին հյուրասիրեցին 25 տարվա ոչ սերիական արտադրության կոնյակ:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ, ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ