«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2006-10-04 | #189, 2006-10-05 | #190, 2006-10-06


ԵԹԵ ՈՒԶԵՆԱՆ, ԿԱՐՈՂ ԵՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՎՐԱՑԻ ԳՈՂ ԲՌՆԵԼԸ» ԲՌՆԵԼ Է

Ռուսաստանում կարծես վրացի գողականների եւ ընդհանրապես Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ընդհանուր հետախուզում հայտարարած լինի: Առանց չափազանցության ամեն օր ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են Ռուսաստանի այս կամ այն քաղաքում հանցավոր խմբավորման, մեկ սպանություններ իրագործող, մեկ ուղղակի գողական աշխարհի «օրենքովների» ձերբակալությունների մասին: Մասնավորապես հոկտեմբերի 3-ին, ըստ ռուսական աղբյուրների, Մոսկվայում ձերբակալվել է քրեական շրջանակներում հայտնի Վրաստանի քաղաքացի «Գիան», որը մեղադրվում է թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվելու եւ բնակարանների գողությունների մեջ:

Եկատերինբուրգում Վրաստանի բնակիչներից կազմված մեկ այլ հանցավոր խումբ է ձերբակալվել, որ մեղադրվում է ավտոմեքենաների եւ մեքենաներից տարբեր առարկաների առեւանգման մեջ: Երեկ ռուս իրավապահների «անսխալ հոտառությունը» հնարավորություն է տվել հենց մոսկովյան ռեստորաններից մեկում ձերբակալելու «գողական սխոդկայի» հավաքված 16 մարդու, այդ թվումՙ «Թբիլիսցի Էդիկին», «Տիմոխային», «Կաշչեյին» եւ «Պիչուգային»: Հետաքրքրական է, որ հիշատակված 16 հոգին որակվում են որպես վրացական հանցագործ հանրության ներկայացուցիչներ:

Թե ինչո՞ւ են ռուս իրավապահներն հենց այս պահին նման ակտիվություն եւ ջերմեռանդություն դրսեւորում էթնիկ վրացիների հանցագործ խմբեր բացահայտելու գործում, ակնհայտ է: Առավել եւս, որ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը նույնպես հետ չի մնում իրավապահների ջանասիրությունիցՙ հայտարարելով, թե Ռուսաստանին ընդհանրապես օտարերկրյա աշխատանքային միգրանտներ պետք չեն, իսկ ավելի կոնկրետՙ Ռուսաստանը կարիք չունի վրացի աշխատուժի: Միգրացիոն ծառայության տվյալներով, Ռուսաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիներից յուրաքանչյուր 100-րդն օրինախախտ է: Թերեւս միգրացիոն ծառայության «մտահոգություններն» են պատճառը, որ Ռուսաստանը, քիչ է, սեպտեմբերի 28-ից դադարեցրել է Վրաստանի քաղաքացիների վիզաների տրամադրումը, այժմ էլ պատրաստվում է խստացնել Վրաստանի հետ անցագրային ռեժիմը: Ընդ որում, Ռուսաստանը նման խստացում առաջարկում է մտցնել նաեւ Բելառուսին:

Եվ սա դեռ բոլորը չէ, «Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, «Գազպրոմն» էլ սկսել է խոսել Վրաստանին մատակարարվող գազի գնի թանկացման մասին մինչեւ եվրոպական գներՙ 170-250 դոլարՙ 1000 խմ գազի դիմաց, ներկա 110 դոլարի փոխարեն:

Փաստորեն ռուսական իշխանությունները, ճիշտ վրացականի նման, ցանկության դեպքում կարող են լրտես էլ բռնել, գող էլ, միայն թե լավ կլինի դա անել ո՛չ հատուկ դիտավորությամբ եւ ո՛չ էլ սովորական քաղաքացիների հաշվին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4